Հասարակական

Երբ գիտեմ՝ ինչ անել, բայց չեմ անում

ՄՏԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԱՐԹԻՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

 

Նախորդ յօդւածներում խօսեցինք այն մասին, թէ ինչպէս կայացնել որոշումներ, ինչ սկզբունքներով ընտրել ռազմավարութիւն եւ ծրագրել մեր գործողութիւնները։ Սակայն գործնական կեանքում յաճախ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ մարդը գիտի՝ ինչ է ցանկանում, հասկանում է՝ ինչ պէտք է անել, ունի ծրագիր, միջոցներ եւ անհրաժեշտ գիտելիք, այդուհանդերձ չի անցնում իրականացման։

Ծրագիրը մնում է նոթատետրում, համակարգչի մէջ կամ պատին փակցւած, իսկ գործողութիւնը՝ յետաձգւում։

Բացը՝ գիտակցման եւ գործողութեան միջեւ, որտեղից է։

Շատերը նման իրավիճակում յայտնւելիս բնութագրւում են որպէս ծոյլ, անպատասխանատու, կամ անտրամադիր մարդ։ Սակայն խնդիրը միշտ չէ, որ ցանկութեան կամ գիտելիքի պակասն է։ Երբեմն մեր մտածողութեան մէջ գործում են այնպիսի ներքին խոչընդոտներ, որոնք աննկատ կերպով ազդում են մեր վարքագծի վրայ։

Այսօրւայ յօդւածը կոչւած է  խօսելու այդ խոչընդոտների հիմնական տեսակների եւ այն հարցի մասին, թէ ինչպէս կարելի է դրանք կանխել եւ յաղթահարել։

 

Ի՞նչ է մտային խոչընդոտը

Մտային խոչընդոտը պարտադիր չէ, որ բնաւորութեան թուլութիւն համարւի։ Յաճախ այն ձեւաւորւում է մեր մտքի բնական պաշտպանական համակարգի ազդեցութեամբ։

Մարդու միտքը ձգտում է ապահով կայունութեանն ու կանխատեսելի լինելուն: Նոր քայլերը, փոփոխութիւնը, անորոշութիւնը կամ պատասխանատւութեան մեծացումը կարող են ընկալւել որպէս սպառնալիք, նոյնիսկ եթէ դրական գիտակցութեամբ ենք գնում այդ փոփոխութեանը։

Այդ պատճառով երբեմն ծանօթ ու յարմարաւէտ իրավիճակում մնալը թւում է աւելի անվտանգ, քան առաջ շարժւելը։

Մտային խոչընդոտների ամենատարածւած դրսեւորումներից են վախը, կատարեալ լինելու ցանկութիւնը, անելիքի  յետաձգումը եւ սահմանափակող համոզմունքները։

 

Վախ

Մարդը կարող է վախենալ ձախողումից, քննադատութիւնից, պատասխանատւութիւնից կամ այն բանից, թէ ինչ կը մտածեն ուրիշները։

Օրինակ՝ գիտես, որ պէտք է հրատարակել յօդւածը, սակայն ամէն անգամ մտածում ես. «Դեռ պատրաստ չէ», «Գուցէ քննադատեն» կամ « պէտք է նորից ուսումնասիրեմ»։

Այս մտքերը տրամաբանական են թւում, բայց շատ դէպքերում դրանց հետեւում թաքնւած է ոչ թէ լրացուցիչ տեղեկութեան անհրաժեշտութիւնը, այլ անյաջողութեան կամ գնահատականի նկատմամբ վախը։

 

Կատարելապաշտութիւն

Կատարեալ լինելու ձգտումը մարդուն համոզում է, թէ աշխատանքը միայն այն դէպքում արժէք ունի, երբ անթերի է։

Արդիւնքում մարդը երկար ժամանակ պատրաստւում է, ուսումնասիրում, վերանայում, բայց չի հրապարակում կամ չի սկսում աշխատանքը։ Նա փորձում է միաժամանակ լինել ե՛ւ ստեղծողի դերում, ե՛ւ իր աշխատանքը դատողի: 

 

Յետաձգում

Յետաձգումը շատ յաճախ սխալմամբ ընկալւում է որպէս ծուլութիւն։ Սակայն այն կարող է նաեւ վախն ու անհանգստութիւնը ժամանակաւորապէս նւազեցնելու միջոց լինել։

Երբ մարդը կանգնած է բարդ կամ տհաճ իրավիճակում, աշխատանքը յետաձգելը մի պահ թեթեւացնում է ներքին լարւածութիւնը։ Խնդիրն այն է, որ այդ թեթեւացումը կարճաժամկէտ է, իսկ հետագայում առաջանում են մեղաւորութեան զգացում, աւելի մեծ ճնշում եւ նոր յետաձգումներ։

 

Սահմանափակող համոզմունքներ

Սրանք այն համոզմունքներն են, որոնք մարդը երկար ժամանակ կրկնում է ինքն իրեն եւ աստիճանաբար սկսում է ընդունել որպէս փաստ։

«Ես այս գործում այնքան էլ լաւ չեմ»։

«Սկսելու համար արդէն ուշ է»։

«Առանց անհրաժեշտ միջոցների յաջողութիւն չկայ»։

Այսպիսի ներշնչանքները միշտ չէ, որ համապատասխանում են իրականութեանը, սակայն կարող են էականօրէն ազդել մեր որոշումների եւ գործողութիւնների վրայ։

 

Յաջողութեան վախը

Մտային խոչընդոտների շարքում կայ եւս մէկ երեւոյթ, որը յաճախ անտեսւում է, յաջողութեան վախը։

Առաջին հայեացքից սա կարող է թւալ հակասական: Ինչպէ՞ս կարող է մարդը վախենալ այն բանից, ինչին ցանկանում է հասնել։

Սակայն յաջողութիւնը կարող է բերել փոփոխութիւններ, նոր պարտականութիւններ, բարձր սպասելիքներ եւ աւելի մեծ պատասխանատւութիւն։ Որոշ մարդիկ հենց նպատակին մօտենալու պահին սկսում են դանդաղել, ետ քաշւել կամ անգիտակցաբար նոր խոչընդոտներ ստեղծել։

Յաջողութեան վախը տարբերւում է ձախողման վախից։ Ձախողման պարագայում մարդը վախենում է չհասնել նպատակին, իսկ յաջողութեան պարագայում այն փոփոխութիւններից է վախենում, որոնք կարող են յաջորդել ձախողումներին։

Այնուամենայնիւ, պէտք չէ ամէն ուշացում վերագրել հոգեբանական պատճառներին։ Երբեմն ծրագրի չիրականացման հիմնական պատճառը աւելի տրամաբանական  է՝ անորոշ նպատակ, անիրատեսական ժամանակացոյց, միջոցների պակաս կամ ֆիզիկական եւ մտաւոր յոգնածութիւն։

Ուստի առաջին քայլը միշտ խնդրի ճշգրիտ ճանաչումն է։

 

Քոչինգը եւ ինքնամարզումը

Ինքնամարզումը, կամ ինքնաքոչինգը, սեփական անձի հետ անկեղծ եւ հարցադրումների վրայ հիմնւած երկխօսութիւն է։ Դրա նպատակը ոչ թէ ինքնաքննադատումն է, այլ հասկանալը, թէ ինչ է տեղի ունենում ձեր մտածողութեան եւ վարքագծի մէջ։

Քոչինգը եւս չի նշանակում, որ ինչ-որ մէկն է ձեր փոխարէն որոշումներ կայացնում կամ մի քանի ոգեշնչող նախադասութեամբ ձեզ ժամանակաւորապէս մղում գործողութեան։

Հեղինակի  կարծիքով՝ ոգեշնչող խօսքերը երբեմն նման են կրակի վրայ լցւող իւղի: Բոցը կարող է մի պահ բարձրանալ, բայց առանց շարունակական սնուցման արագօրէն մարել։

Քոչի դերը մարդուն օգնելն է՝ յստակեցնելու համար խնդիրը, եւ նկատել սեփական մտածողութեան կրկնւող օրինաչափութիւնները եւ վերջապէս հասկանալ, թէ ինչ գործողութիւն կարող է կատարել նա։

Օրինակ՝ «Ժամանակ չունեմ» կամ «տրամադիր չեմ» արտայայտութիւնները դեռ չեն բացատրում խնդրի պատճառը։ Աւելի օգտակար է հարցնել.

 

Ի՞նչ յստակ գործ չեմ անում։

Ի՞նչ եմ զգում այն սկսելու պահին։

Ինչի՞ց եմ վախենում։

Ո՞րն է այն ամենավատ սցենարը, որի մասին կարող եմ պատկերացնել։

Այս խնդիրն իրականութի՞ւն է, թէ՞ միայն իմ մեկնաբանութեան արդիւնք է։

Ո՞րն է սկսելու համար հնարաւոր ամենափոքր քայլը։

Նման հարցերով զբաղւելն օգնում է ընդհանուր դժգոհութիւնը վերածել աւելի յստակ խնդրի։

Օրինակ՝ «Ես յետաձգող մարդ եմ» ասելու փոխարէն կարելի է ասել. «Ամէն անգամ, երբ ցանկանում եմ գրել յօդւածս, թերի լինելու վախից սկսում եմ կրկին ուսումնասիրել»։

Այս ձեւակերպումն արդէն ցոյց է տալիս, թէ որտեղ է խնդիրը եւ ինչի վրայ կարելի է աշխատել։

Երեք պարզ քայլ՝ մտային խոչընդոտները յաղթահարելու համար

1. Անուն որոշել խոչընդոտի համար

«Չեմ կարող» արտայայտութեան փոխարէն փորձէք հասկանալ, թէ ինչն է իրականում կանգնեցնում ձեզ։

«Ես կարող եմ կատարել այս գործը, բայց այս պահին ինչի՞ց եմ վախենում»։

Կամ՝

«Ամէն անգամ, երբ ուզում եմ սկսել, ի՞նչ եմ ասում ինքս ինձ»։

Երբ մարդը կարողանում է անուն տալ իր վախին կամ ներքին դիմադրութեանը, այն դադարում է անորոշ զգացողութիւն լինելուց եւ դառնում է ուսումնասիրելի խնդիր։

 

2. Փոքրացնել գործողութիւնը

Մեծ եւ անորոշ աշխատանքները բնականօրէն աւելի մեծ դիմադրութիւն են առաջացնում։ Այդ պատճառով օգտակար է նպատակը բաժանել փոքր, յստակ քայլերի։

 

Օրինակ՝ «Գիրք գրել» նպատակի փոխարէն կարելի է սկսել հետեւեալից.

Համակարգչի էկրանին բացել էջը։

Գրել առաջին գլխի վերնագիրը։

Ձեւակերպել երեք հիմնական միտք։

Գրել 150 բառ՝ առանց խմբագրելու։

Օրացոյցում գրառում թողնել այդ  20 րոպէանոց աշխատանքի մասին։

Նպատակն ամբողջ ճանապարհը մէկ օրում անցնելը չէ։ Կարեւորն անշարժութիւնը կոտրելն է։

Ես յաճախ հանդիպումների ընթացքում հարցնում եմ՝ ինչպէ՞ս կարելի է «հսկայ մի փիղ ուտել»։ Պատասխանը պարզ է՝ կտոր-կտոր։

 

3. Զանազանել ստեղծագործելը խմբագրումից

Կատարելապաշտութեան դէմ ամենաարդիւնաւէտ քայլերից մէկն առաջին ու վերջնական տարբերակները միմեանցից առանձնացնելն է։

Առաջին փուլում ստեղծագործէք։ Յետոյ՝ խմբագրէք։

Թերի, բայց գոյութիւն ունեցող առաջին տարբերակն աւելի օգտակար է, քան երբեք չգրւած անթերի աշխատանքը։

 

 Գիտելիքը գործողութեան վերածել

«Գիտեմ» եւ «անում եմ» բառերի միջեւ եղած տարածութիւնը միշտ չէ, որ լրացւում է լրացուցիչ տեղեկութիւններով կամ նոր ծրագրերով։

Շատ դէպքերում անհրաժեշտ է հասկանալ սեփական դիմադրութեան պատճառը, ընդունել այն տհաճ զգացողութիւնները, որոնք ուղեկցում են գործողութեանը, եւ կատարել առաջին փոքր քայլը։

Վախը, կատարելապաշտութիւնը կամ յետաձգելու սովորութիւնը պարտադիր չէ, որ ամբողջովին վերանան, որպէսզի մարդը կարողանայ շարժւել առաջ։

Երբեմն ամենակարեւոր հարցը ոչ թէ «Ինչպէ՞ս լիովին պատրաստւեմ» հարցն է, այլ՝ «Այս խոչընդոտի պայմաններում ո՞րն է այն ամենափոքր քայլը, որը կարող եմ կատարել այսօր»։

Հէնց այդ քայլն էլ կարող է դառնալ գիտելիքից գործողութեան անցնելու սկիզբը։

 

Երեք հարց ինքնամարզման համար

Ստորեւ ներկայացւած հարցերը հիմնւած են Մարշալ Գոլդսմիթի ամենօրեայ ինքնագնահատման մեթոդաբանութեան վրայ։ Դրանք օգնում են ուշադրութիւնը կենտրոնացնել ոչ միայն ցանկալի արդիւնքի, այլեւ մեր իրական ջանքի եւ վարքագծի վրայ։

  1. Այսօր իմ նպատակին հասնելու համար գործադրե՞լ եմ հնարաւոր ջանքս՝ յստակ ու գիտակցւած գործողութիւն իրականացնելու համար։
  2. Այսօր, չնայած վախին, կատարելապաշտութեանը կամ յետաձգելու ցանկութեանը, գործադրե՞լ եմ կարողացածս առաջ գնալու համար։
  3. Եթէ վաղը կրկին հանդիպեմ նոյն խնդրին, ի՞նչպէս կը վարւեմ կամ գիտակցաբար ինչ ընտրութիւն եմ ունենալու:

Թարգմանութիւնը՝ «ԱԼԻՔ»-ի

Related Articles

Back to top button