ԽմբագրականՀամայնքՀասարակական

ԱԿՆԱՐԿ. ԱՒԱՐՏՒԱԾ 55-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԽԱՂԵՐԻ ԱԼԻՔԻ ՎՐԱՅ. ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ՈՒ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՕՆՆԵՐԸ ԵՒ ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՉԳՆԱՀԱՏՒԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

ՀԱՏԻՍ

 

55-րդ  Համահայկական  խաղերի  կազմկոմիտէն Օլիմպիական «Միասին կառուցենք երազանքը» գաղափարի օրինակով, իւրաքանչիւր տարւայ պէս, կամաւորների աջակցութեան շնորհիւ, նիւթական սուղ պայմաններում  յաջողութեամբ իրանականացրեց այս դժւարին պարտաւորութիւնը:

Կազմակերպման աշխատանքներին յաճախ ներգրաււած են Սկաուտների, Երէցների, Արւեստի եւ Մարզական միութիւնների անդամները: Անգնահատելի դերակատարութիւն ունեն նաեւ կամաւորականների ծնողները, ովքեր ոչ պակաս կամաւորի աշխատանք են կատարում, յատկապէս, կուլիսներում:

Սակայն աշխատանքների բազմաշերտ լինելը մի կողմից, իսկ օրւայ տարբեր առիթներով ու մրցոյթներով պայմանաւորւած  ժամանակացոյցը միւս կողմից, անհնարին դարձրեց ճշգրիտ թւերով ու տւեալներով խօսել Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներին օժանդակող կամաւորների մասին, այնուամենայիւ, սա համայնքային կտրւածքով ձեւաւորւած շնչող օրգան է դարձել, նոյն՝ դպրոցների ու կրթական համակարգում ունեցած փորձի, կամ միութենական կեանքում առօրեայ դարձածի օրինակով:

Համեմատութեան կարգը պահելով միայն այսքանն էլ կը բաւականացնէր ասելու համար, որ անհամեմատ մեծ գումարներով ու բիւջէով միջազգային մրցաշարերը, ինչպիսին Օլիմպիական խաղերն են (պաշտօնական տւեալները հրապարակւած լինելու համար է նշւած օրինակում), ունենում են մասնակիցների թւին 7-ից 8 անգամ գերազանցող կամաւորականների բանակ: Պաշտօնական տւեալների համաձայն՝ Պեկինի Օլիմպիական խաղերի համար յայտագրւած է եղել շուրջ 27 հազար կամաւոր: Իսկ Փարիզի Օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերում՝ յայտագրւածներից միայն 45 հազարն են ընտրւել:

Փարիզի դէպքում, կամաւորները տարբերւել են համապատասխան հագուստով ու վերնաշապիքով:   Հագուստի դիզայնը վերցւած էր ֆրանսիայի նաւաստիների գծաւոր վերնաշապիկից, իսկ պարալիմպիկ եւ օլիմպիական խաղերի տարբերանշանը  իւրաքանչիւրի թեւին է դաջւած եղել: 

Նոյնի համաձայն՝ կամաւորների թիմը հաւասարապէս կազմւած է եղել արական եւ իգական սեռի ներկայացուցիչներից:

Փարիզի Օլիմպիական խաղերի կամաւորների աւելի քան 5 տոկոսն ունեցել է հաշմանդամութիւն:

Իւրաքանչիւր 3 կամաւորից մէկը մարզական թիմերին կամ կազմակերպչական օրգաններին անդամակցած մասնակից էր։

Վերադառնալով մեր Համահայկականին նշենք, որ մեր կամաւորների աշխատանքներն էութեամբ տարբեր են Օլիմպիականից: Նրանք ուղեկցում են մարզիկներին ու երկրպագուներին, տոմսարկղերում նոյնպէս կարեւոր դերակատարութիւն ունեն, աշխատում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ նաեւ:

Մեզ մօտ չկան արտասահմանեան թիմեր: Լինելու դէպքում՝ թարգմանչի աշխատանքով կամաւորների կարիքը չի զգացւում: Սակայն պէտք եղած պահին նրանք կարող են ուղեկցել հրաւիրեալ մարզիկներին քաղաքում շրջագայելու համար, որտեղ կայ թարգմանչի պահանջ:

Գրանցւած փաստերից մէկը նաեւ այն է, որ մեզ մօտ կամաւորների կէսից աւելին հազիւ է բոլորել իր 18 տարեկանը:

Սա որպէս չերեւացող ու չգնահատւած առաքելութիւն իրականացւել եւ շարունակւում է իրականացւել Համահայկական խաղերի 55 շրջաններում, որի հետ միասին կազմակերպչական փորձաքարին յայտնւելով, սերունդներ են թրծւել, ինչի շնորհիւ էլ հին պատերը աւերակի փոխարէն կոթողի են վերածւում:

Related Articles

Back to top button