ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ նշւեց Մշակոյթի տօնը եւ մեծարւեցին հանգստի կոչւած հայ ուսուցչուհիները

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ թւականիս հոկտեմբերի 24-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Հայ Մշակոյթի տօնին» նւիրւած գեղարւեստական յայտագրով համեմւած միջոցառում, որի ընթացքում գնահատւեցին 2025-2026 ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած հայոց դպրոցների 12 տեսուչներ, փոխտեսուչներ եւ ուսուցչուհիներ:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարել էր Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի ղեկավարութեամբ եւ նկարահանւած կատրումը պատկերասփռւեց:

Ծրագիրը իւրօրինակ էր, քանի որ այն վարում էին նոր սերնդի ներկայացուցիչները: Ճարտար հաղորդավարութեամբ ծրագիրը վարեցին Թալին Ալավերդեանը եւ Սիոն Սինանին: Բացման խօսքի մէջ նշւած էր. «Սիրելիներ այսօր փոթորկալից վիճակում է մեր տարածաշրջանը, հայաթափւած է մեր միջնաբերդ Արցախը եւ թշնամիների կողմից յօշոտւելու սպառնալիքի տակ է Հայաստան աշխարհը: Հայ ժողովրդի համար փոթորկալից ու օրհասական  վիճակում էր նաեւ 5-րդ դարը, որը պէտք է գտնէր ժամանակի բոլոր կնճռոտ հարցերի ելքը: Պէտք է ծնւէր մի այնպիսի համապարփակ հանճար, որը կարողանար մարմնաւորել ժողովրդի, հայրենիքի, պետութեան եւ եկեղեցու բոլոր հոգեւոր ուժերը, միաւորեր նրանց ու դնէր նպատակասլաց անսայթաք հունի մէջ: Եւ նա ծնւեց, ժամանակի մեծագոյն մարդը, հանճարի անկրկնելի դրսեւորումը՝ Տարօնցի Մեսրոպ Մաշտոցը»: Հաղորդավարները ապա համապարփակ գծերով անդրադարձան ժամանակի քաղաքա-հասարակական պայմաններին եւ հայոց գրերի գիւտին, որը դարեր շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքը:

Միջոցառման գեղարւեստական բաժնում  պատկերասփռւեց «Նոր ձայներ» երգչախմբի ազգային-հայրենասիրական կատրումները, որոնք գնահատանքի արժանացան հանդիսատեսի կողմից:

Ծրագրին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը ներկայացրեց խորհրդի համապարփակ զեկոյցը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց. «Այսօր մենք  խոնարհւում ենք այն մեծերի առաջ, ովքեր իրենց գիտելիքով, մտքով եւ հաւատքով հազարամեակներ շարունակ  լուսաւորել են մեր ժողովրդի հոգեւոր եւ մշակութային  կեանքը:… Այս տօնին  մեծ յարգանքի է արժանի նաեւ մի այլ սրբազան խումբ, որոնց դերն անգնահատելի է հայոց կրթութեան մէջ։ Նրանք մեր ժամանակակից  ուսուցիչներն  են՝ ժամանակակից թարգմանիչները, ովքեր իրենց սրտում կրում են այն նոյն լուսաւոր եռանդը, որ որդեգրել էին մեր նախնիները։ Նրանք ամէն օր անշեղօրէն փոխանցում են գիտելիքը, կեանքի արժէքները, ազգային եւ  հոգեւոր սկզբունքները՝ կրթելով ու դաստիարակելով մեր սերունդներին»։ Կրթական խորհրդի ատենապետը ապա համապարփակ զեկոյց ներկայացրեց խորհրդի եւ խորհրդին կից յանձնախմբերի աշխատանքների եւ հայոց դպրոցների ներկայի կարգավիճակի մասին նշելով. «Այս տարւայ արձանագրութիւնների արդիւնքում ներկայիս մեր դպրոցներում սովորում են թւով 1486 աշակերտներ, որնցից 237-ը մանկապարտէզ-նախակրթարանի սաներ են»:

Նա իր խօսքերը այսպէս եզրափակեց. «Վերջում  հարկ եմ համարում մէկ անգամ եւս բարձրաձայնել ներկայ Թեմական եւ Կրթական խորհուրդների կարեւորագոյն հիմնախնդիրներից մէկը՝ հայոց դպրոցների միատեղման հարցը: Բազմիցս կրկնւած այս գաղափարը այլեւս ընտրութիւն չէ այլ ժամանակի հրամայական, որի տարեց տարի յետաձգումով, վատնւում է՝ ոչ միայն մարդկային ներուժը, այլ՝ համայքի նիւթական աղբիւրները:

Լիայոյս ենք, որ կեանքի կոչւած համապատասխան յանձնախմբի առաջարկները վերջապէս յաջորդ ուսումանկան տարեշրջանին իրականութիւն դառնայ, սակայն գործընթացի յաջողութիւնը եւ անխափան ընթացքը պահանջում է՝ բոլորս վեր դասենք ընդհանուր շահերը անձնական նեղ մօտեցումներից»:

Ապա Ցուցադրւեցին նաեւ 2025-2026 ուսումնական տարեշրջանում Թեհրանի հայոց թեմի կրթօջախների տարեմուտից պատկերներ, ինչպէս նաեւ  հանգստի կոչւած ուսուցիչների եւ փոխտեսուչների կենսագրական տւեալները: Ֆիլմը պատրաստել էր Ռեբեկա Վարդանեանը:

Գեղարւեստական յայտագիրը վստահւել էր՝ աշակերտ-աշակերտուհիներին, որոնք լաւապէս իրականացրեցին իրենց առաքելութիւնը: Ասմունքներով հանդէս եկան Մանէ Խուդաբախշեանը, Լէօ Յովսէփեանը, Դաւիթ Շահնազարեանը եւ Սերինէ Մելքոնեանը: Դաշնամուրային կատրումով ելոյթ ունեցաւ Մոնթէ Իսմայիլեանը, իսկ ջութակի կատարումով՝ Մարիա Յակոբեանը, դաշնամուրի եւ քանոնի համատեղ կատարումով հանդէս եկան՝ Նազենի Ծառուկեանը եւ Արմին Մարգարեանը, իսկ ֆլէյտայով՝ Մինէ Վարդանեանը:

Հանգստի կոչւած տեսուչների եւ ուսուցիչների կողմից արտայայտւեցին՝ Մադլէն Քեշիշեանը՝ «Սասուն» ազգային մանկապարտէզի տեսչուհի  եւ Իդետ Սարգսեանը՝ «Արարատ» ազգային աղջկանց դպրոցի ուսուցչուհի: Հանգստի կոչւած ուսուցչուհիներն էին՝ Մադլէն Քեշիշեան «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի, Քարմէն Փիլոսեան «Սասուն» մանկապարտէզի դաստիարակ, Սիլւա Գրիգորեան «Արաքս» աղջկանց եւ «Շանթ» տղայոց դպրոցների ուսուցչուհի, Ռուբինա Խաչատրեան «Արարատ» աղջկանց դպրոցի ուսուցչուհի, Իդետ Սարգսեան «Արարատ» դպրոցի ուսուցչուհի, Մելինէ Կարապետեան՝ «Նայիրի» եւ «Թովմասեան» դպրոցների ուսուցչուհի, Արեւահատ Ամրանեան՝ «Նայիրի-Թունեան» դպրոցի մարզանքի ուսուցչուհի, Ռիմա Մելքոմեան «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի դաստիարակ, Մանիֆա Յարութիւնեան «Թունեան-Թովմասեան» դպրոցի ուսուցչուհի, Էլին Շիրւանեան՝ «Մարիամ» հաստատութեան աղջկանց դպրոցի փոխտեսչուհի, Նարինէ Իսախանեան «Մարիամ» հաստատութեան տղայոց դպրոցի ուսուցչուհի եւ Հռիփսիկ Առաքելեան «Արաքս» աղջկանց դպրոցի փոխտեսչուհի:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը՝ փոխանցելով Սրբազան Հօր օրհնութեան խօսքը: Խօսքի մէջ նշւած էր. «Գնահատում եմ հանգստի կոչւած ուսուցիչներին, որոնք անձնւիրաբար տարիներով գործել եւ փորձել են կրթել մեր նոր սերնդին, որոնց տւել են հայեցի ու քրիստոնէական դաստիարակութիւն: Կրթութիւնը եւ դաստիարակութիւնը ապագայ սերունդների ճանապարհն է եւ այդ ճանապարհով ընթացող սերունդները կը դառնան օրինակ իրենց յետնորդներին: Հայ ուսուցչի աշխատանքը սուրբ է ու նւիրական, ինչպէս նաեւ՝ Աստւածաշունչ մատեանում կարդում ենք «Կրթիր մանուկը երբ դեռ փոքր է, այնուհետեւ նա չի շեղւի իր ճանապարհից»»: Սրբազան Հայրը իր յղած պատգամի մէջ գնահատանքով էր արտայայտւել կրթական համակարգում աշխատող բոլոր նրանց մասին, որոնք իրենց նախանձախնդրութեամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շունչ ու ոգին են փոխանցել իրենց խնամքին յանձնւած նոր սերնդին:

Սրբազան Հօր պատգամից յետոյ, ձեռամբ՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի գնահատագրեր յանձնւեցին հանգստի կոչւած ուսուսցչուհիներին:

Միջոցառմանը ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների անդամներ, քահանայ հայրեր, ուսուցիչներ եւ հրաւիրեալներ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Լուսանկաներ է տրամադրել նաեւ ՌԵԲԵԿԱ ՎԱՐԴԱՆԵԱՆԸ

Related Articles

Back to top button