Զախարովա. «ԵՄ-ն զբաղւում է աhшբեկչnւթեան հովանաւորութեամբ՝ ֆինանսաւորելով Կիեւին»

«ԱԼԻՔ» – Կիեւի ռեժիմին շարունակաբար ֆինանսաւորելով՝ Եւրոմիութիւնը պետականօրէն հովանաւորում է միջազգային ահաբեկչութիւնը, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան, հաղորդում է Tert.am-ը:
Դիւանագէտին խնդրել են մեկնաբանել այն տեղեկութիւնները, որ Եւրոպական յանձնաժողովը կարող է յետաձգել ռուսական ակտիւների բռնագրաւման որոշումը եւ, որպէս ժամանակաւոր միջոց, վեց ամսով հաստատել Կիեւին վարկ տրամադրելը՝ Բելգիայի եւ մի շարք այլ ԵՄ երկրների դիմադրութեան պատճառով։
«ԵՄ-ն ամէն օր զբաղւած է միայն մէկ բանով՝ ինչպէս աւելի շատ գումար ներդնել Կիեւի ռեժիմում։ Սա, իրենց լեզւով ասած, ահաբեկչութեան հովանաւորութիւն է։ Ոչ թէ մասնաւոր, այլ պետական հովանաւորութիւն միջազգային ահաբեկչութեան։ Ահա թէ ինչ են նրանք անում», – ասել է նա։
«Կիեւի ռեժիմ կոչւող մի ամբողջ, բազմակողմանի միջազգային կառոյց, որը ստեղծւել է Արեւմտեան փողերով, ահաբեկչական յարձակումներ է իրականացնում ինչպէս իրենց համարած տարածքների քաղաքացիական բնակչութեան, այնպէս էլ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիների դէմ, որոնց նրանք իրենցը չեն համարում, բայց հասկանում են, որ քաղաքացիական անձինք են»,- շարունակել է դիւանագէտը։
Զախարովայի խօսքով՝ Կիեւը փորձում է «արտահանել այս տրամաբանութիւնը այլ մայրցամաքներ»։ «Նրանք աջակցում են զինեալներին, օրինակ, Աֆրիկեան մայրցամաքում։ Այդ պատճառով մի շարք աֆրիկեան պետութիւններ խզել են յարաբերութիւնները Կիեւի ռեժիմի հետ»,- նշել է նա։



