Բին Սալման. «Ռիադը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ»

«ԱԼԻՔ» – Սաուդեան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում յայտնել է, որ Ռիադը ծրագրում է մինչեւ մէկ տրիլիոն դոլար բարձրացնել երկկողմ ներդրումների ծաւալը։ Հաղորդում է «Թասնիմ»-ը:
Բին Սալմանն ընդգծել է, որ Թրամփը «մեծ գործ է կատարել աշխարհում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ» եւ յոյս է յայտնել, որ Վաշինգտոնը եւ Ռիադը «գլոբալ խաղաղութեան պայմաններում կը կարողանան կառուցել համատեղ ապագայ»։ Նա նշել է նաեւ, որ երկու երկրները սկսում են նոր համագործակցութիւն արհեստական բանականութեան ոլորտում։
Անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականութեանը՝ Սաուդեան Արաբիայի գահաժառանգը կրկին հաստատել է, որ իր երկիրը հետաքրքրւած է միանալ Աբրահամի պայմանագրերին (յարաբերութիւնների նորմալացում Իսրայէլի հետ-ԽՄԲ.), սակայն այս հարցը կախւած է «երկու անկախ պետական միաւորի ձեւաւորման լուծման իրականացումից եւ անկախ Պաղեստին պետութեան ստեղծումից»։
Նա յատուկ անդրադարձել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարաւոր նոր համաձայնութեանը։ Բին Սալմանի խօսքով՝ Սաուդեան Արաբիան պատրաստ է ակտիւ միջնորդական դեր ստանձնել:
«Մենք կօգտագործենք բոլոր հնարաւորութիւնները՝ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ համաձայնութիւն ձեռք բերելու համար, քանի որ Թեհրանը եւս պատրաստ է ստորագրել այդպիսի փաստաթուղթ»,- ասել է Բին Սալմանը:



