ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ռուսաստանը շուտով կը չեղարկի մուտքի թոյլտւութեան ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար»

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կը կիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար, հաղորդում է «Interfax»-ը։

«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերեալ որոշումը, անկասկած, կը նպաստի մեր ժողովուրդների միջեւ կապերի հետագայ ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք բարի կամքի այս դրսեւորման համար: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մէջ կը մտնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան քաղաքացիների համար, որոնք այցելում են Ռուսաստան»,- ասել է Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցեանի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը վստահութիւն է յայտնել, որ սա շատ լուրջ հետեւանքներ կունենայ ինչպէս տնտեսական, այնպէս էլ մարդասիրական ոլորտներում: «Իմ կարծիքով, սա դրական «պայթիւն» կը լինի մեր յարաբերութիւնների զարգացման գործում»,- ասել է Պուտինը։

Չինաստանի արտգործնախարարութիւնը նախկինում յայտարարել էր, որ Չինաստանը սեպտեմբերի 15-ից սկսած Ռուսաստանի քաղաքացիների համար կը ներդնի մէկ տարւայ, 30-օրեայ փորձնական անվիզա ռեժիմ: Այս քաղաքականութիւնը տարածւում է սովորական անձնագրեր ունեցողների վրայ։ Նոր քաղաքականութիւնը վերաբերում է Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են Չինաստան մեկնել զբօսաշրջութեան եւ գործարար նպատակներով, ինչպէս նաեւ՝ մասնակցել տարբեր մարդասիրական փոխանակումների, այցելել հարազատներին կամ՝ տարանցիկ նպատակներով։

Related Articles

Back to top button