Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տաթեւիկ Հայրապետեան. «Օգոստոսի 8-ից յետոյ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանաւորել ՀՀ-ի դէմ զաւթnղական ծրագրերի պրոպագանդան»

«ԱԼԻՔ» Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում լոյս է տեսել Հայաստանի պատմութիւնը խեղաթիւրող հերթական գիրքը:

Նա մասնաւորապէս գրել է.

«Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը խեղաթիւրող գրքի շնորհանդէսի մասին։

Նիւթի նախաբանում գրւած է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարւած իւրաքանչիւր արեւմտեան ադրբեջանցի վճռականօրէն յայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականութեան մասին։ Սա ցոյց է տալիս, որ Արեւմտեան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։

Յետոյ նշւում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետեւեալ վերնագրով․ «Իրեւան. իւրաքանչիւր քար պատմութիւն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հէյդար Ալիեւի եւ նախագահ Իլհամ Ալիեւի տարբեր ժամանակներում արտասանւած ելոյթներից հատւածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացւող էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան քաղաքականութեան, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի եւ մեր պատմամշակութային յուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերեալ»,- նշում է աղբիւրը։

Դէ կասէք՝ հերթական խեղաթիւրումն է, յատկապէս երբ վերոնշեալ հեղինակը ներկայանում է որպէս «Գիտահետազօտական հասարակական միութեան նախագահ»։ Բայց ո՞րն է այս նիւթի մէջ հետաքրքրականը։

Նիւթի վերջում գրւած է․ «Նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչութեան քաղաքական հետազօտութիւնների եւ վերլուծական բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը, պատգամաւոր Ազեր Ալլահվերանովը եւ միջոցառմանը մասնակցող այլ ելոյթ ունեցողներ իրենց ելոյթներում ափսոսանք յայտնեցին, որ հայ վանդալները ժամանակակից Հայաստանի տարածքում գտնւող հին բնակավայրերի, ամրոցների, պալատների, քարաւանատների, կամուրջների եւ կրօնական տաճարների մնացորդները՝ մեր ժողովրդին պատկանող յուշարձանները, համաշխարհային հանրութեանը ներկայացրել են որպէս «հայկական յուշարձաններ»։ Նրանք նշեցին, որ քանի որ այդ յուշարձանները ժամանակին չեն ուսումնասիրւել ադրբեջանցի հետազօտողների կողմից, այդ տարածքներում բնակութիւն հաստատած հայերը օգտւել են դրանից եւ երկար ժամանակ փորձել են «հայաֆիկացնել» դրանք»։

Այսինքն՝ նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելոյթ ունենայ ու ցոյց տայ, որ ՀՀ-ի դէմ զաւթողական ծրագիրը ուղղորդւում է անձամբ Իլհամ Ալիեւի կողմից։ Վերջինս, յիշեցնեմ, 2022 թւականի դեկտեմբերի 24-ին յայտարարել էր․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրւայ Հայաստանը մեր հողն է»։

Այսպիսով, օգոստոսի 8-ից յետոյ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանաւորել ՀՀ-ի դէմ զաւթողական ծրագրերի պրոպագանդան։ Անում են դա ագրեսիւ կերպով, թեթեւ թաքուն, բայց յստակ ինստիտուցիոնալ ձեւով։

Հարցն այն է՝ ո՞վ է իրականում խաղաղասէր, ով սա տեսնում է ու ասում՝ եկէք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք ԱՄՆ միջնորդութիւնը ու փակենք այս թեման, թէ ով է ստում, որ «բացառիկ» փուլ է բացւել ու յետոյ բոլորիս կանգնեցնելու է հերթական վտանգի առաջ։ Դատէք ինքներդ»:

Related Articles

Back to top button