Ադրբեջանի մշակութային ցեղասպանութեան հերթական զոհը՝ Յովհաննէս Բաղրամեանի արձանը
Հայքի մշակույթի օմբուդսմէն «Ֆէյսբուք»-եան կայքէջը ահազանգում է.
«Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազաւթւած Արցախում շարունակում է ոչնչացնել Հայրենական Մեծ պատերազմին առնչւող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանութեան հերթական զոհը դարձաւ Խորհրդային Միութեան նշանաւոր զօրահրամանատար, Խորհրդային Միութեան մարշալ, ԽՍՀՄ պաշտպանութեան փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Յովհաննէս Խաչատուրի Բաղրամեանի արձանը։ Արձանը գտնւում էր Ստեփանակերտում մարշալի անունը կրող փողոցում։
Հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 1979 թ. հայրական տանը Չարդախլու գիւղում բացւել էր Ռազմական փառքի թանգարան, որը հետագայում ադրբեջանցիները վերածեցին թէյարանի։
2020 թւականի սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դէմ սանձազերծած լայնածաւալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացւող մշակութային ցեղասպանութեան զոհ է դարձել` Հադրութի շրջանի Ազոխ գիւղի Հայրենական պատերազմի եւ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը, բռնազաւթւած Բերձորում հողին է հաւասարեցւել քաղաքի կենտրոնում` Խաղաղութեան հրապարակին յարակից բլրի վրայ գտնւող, Փառքի յուշահամալիրը, ադրբեջանցի վանդալները պղծել են Աւետարանոցի յուշահամալիրը, Ադրբեջանի կողմից Արցախում մարշալ Խանփերեանցի (Խուդեակով) յուշակոթողի պղծումը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գիւղում Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախեան պատերազմի զոհերին նւիրւած յուշարձանը նոյնպէս ենթարկւել է մշակութային վանդալիզմի, ոչնչացւել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանեանի կիսանդրին, Ադրբեջանը ոչնչացրել է ադմիրալ Իսակովի կիսանդրին եւ այս փաստերը բազմաթիւ են:
Panorama.am