ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանը Իսրայէլից հրթիռների եւ ինքնաթիռների վաղ յայտնաբերման համակարգով Sky Dew օդապարիկ է գնել

Ադրբեջանը Իսրայէլից գնել է Sky Dew օդապարիկ, որը յագեցած է հրթիռների եւ ինքնաթիռների վաղ յայտնաբերման առաջադէմ համակարգով: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում են իսրայէլական լրատւամիջոցները:

Նշւում է, որ Sky Dew-ի առաքելութիւնը ցածր բարձրութեան վրայ թռչող թեւաւոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ այլ առաջադէմ օդային սպառնալիքների յայտնաբերումն ու վաղ նախազգուշացումն է։ Այդ նպատակով օդապարիկը յագեցած է հեռահար AFAR ռադարով։ Օդապարիկը ի վիճակի է մշտական հսկողութիւն ապահովել մի քանի օրւայ ընթացքում եւ ունակ է հետեւել մինչեւ 500 թիրախի՝ աւելի քան 250 կմ. յայտնաբերման հեռահարութեամբ։ Այն նաեւ ի վիճակի է խուսափել ցամաքից եկող խանգարումներից, ինչը նշանակում է, որ օդապարիկը յատկապէս օգտակար է ցածր թռչող սպառնալիքները յայտնաբերելու համար:

Օդապարիկի բարձրութեան վերին սահմանը զգալիօրէն գերազանցում է ցամաքային ռադարների սահմանները՝ ապահովելով հորիզոնի տեսանելիութեան աւելի մեծ տիրոյթ:

Sky Dew օդապարիկը իր տեսակի մէջ ամենախոշորներից է եւ ստեղծւել է Իսրայէլի հակահրթիռային պաշտպանութեան կազմակերպութեան եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանութեան գործակալութեան համատեղ ձեռնարկութեան կողմից:

Sky Dew օդապարիկի եւ դրա վերգետնեայ կայանի միջեւ տւեալների փոխանցումն իրականացւում է տւեալների հաղորդման պաշտպանւած օպտիկամանրաթելային ուղիների միջոցով:

Յիշեցնենք, որ անցեալ տարւայ նոյեմբերին յայտնի դարձաւ, որ Ադրբեջանը Իսրայէլից գնելու է յաւելեալ Barak MX հակաօդային պաշտպանութեան համակարգեր, որոնք նախատեսւած են օդային այնպիսի սպառնալիքներից պաշտպանւելու համար, ինչպիսիք են ինքնաթիռներն ու հրթիռները։ Defense Industry Europe-ի տւեալներով, գործարքի գումարը կը կազմի 1.2 մլրդ. դոլար:

Related Articles

Back to top button