Քաղաքական

Հայաստանը վճարում է ամերիկեան հանրային կապերի ընկերութեանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակւելու համար

Անցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացւում էր որպէս «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) եւ վերնագրւած էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների յստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրօնական հալածանքների մասին պատմւածքին»։ Այն  թւագրւած է 2025 թւականի սեպտեմբերի 5-ին։

Սա Փաշինեանի վարչակազմի կողմից բացայայտ փորձ է արդարացնելու իր ամօթալի յարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրայ՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների եւ քաղաքական ընդդիմութեան հասցէին։

Տարօրինակ է, որ վարչապետի պատւէրով պատրաստւած այս փաստաթուղթը տեղադրւած է միայն Վաշինգտոնում գործող «Փրկէք հալածւող քրիստոնեաներին» կազմակերպութեան կայքում: Նոյնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հաւանականութեամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերութիւնը, որը Հայաստանի կառավարութիւնը վարձել էր ապրիլին։

Այս քարոզչական փաստաթուղթը պարունակում է մի շարք անհիմն յայտարարութիւններ Հայ Առաքելական Եկեղեցու եւ քաղաքական ընդդիմութեան դէմ: Օրինակ՝ այն պնդում է, թէ Փաշինեանի ընդդիմախօսները նրան մեղադրում են իբր «Հայաստանը «իսլամացնելու» նպատակով 300 հազար մահմեդական ադրբեջանցիներ բերելու միտումնաւոր ջանքեր գործադրելու մէջ: Այս պնդումը որեւէ աղբիւրով չի հաստատւում: Նոյնիսկ եթէ ինչ-որ մէկը նման մեղադրանք է հնչեցրել, «Սպիտակ փաստաթուղթը» այն վերագրում է ամբողջ ընդդիմութեանը: Միեւնոյն ժամանակ, փաստ է, որ Փաշինեանը բազմիցս զիջումներ է արել Ալիեւին՝ ներառեալ Արցախի յանձնումը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետութեան տարածքի որոշ հատւածների զիջումը, Սահմանադրութեան փոփոխումը, Մինսկի միջնորդական խմբի լուծարման համաձայնութիւնը եւ պաշտպանութեան բիւջէի կրճատումը:

«Սպիտակ փաստաթուղթը» նաեւ պնդում է, թէ «սադրիչ լեզւի եւ ապատեղեկատւութեան կիրառումը խաթարում է ժողովրդավարական քննարկումները եւ շեղում ուշադրութիւնը Հայաստանի անվտանգութեան եւ կառավարման հրատապ խնդիրներից»։ Սակայն Փաշինեանն ու նրա զուգընկերուհի Աննա Յակոբեանը հէնց այս գործելակերպով են ամիսներ շարունակ զբաղւել՝ իրենց ֆէյսբուքեան էջերում ամօթալի գրառումներ կատարելով։ Բացի այդ, «Սպիտակ փաստաթուղթը» մեղադրում է գործարար Սամուէլ Կարապետեանին «Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու» մէջ, այդ կերպ արդարացնելով նրա ձերբակալութիւնը եւ հիմնաւորելով Հայաստանում նրա բազմամիլիոն դոլարանոց բիզնեսների բռնագրաւումը։ Իրականում Կարապետեանը պարզապէս իր աջակցութիւնն էր յայտնել Կաթողիկոսին։ Հայաստանի վարչապետը չի յարգում խօսքի ազատութիւնը, որը իւրաքանչիւր ժողովրդավարական հասարակութեան հիմնասիւնն է։

«Սպիտակ փաստաթուղթը» մէկ այլ առարկելի յայտարարութեամբ քննադատում է Կաթողիկոսին՝ Փաշինեանի հրաժարականը հրապարակայնօրէն պահանջելու համար՝ յաւելելով. «Սակայն, այդ յայտարարութիւնների համար իրաւապահ մարմինների կողմից որեւէ միջոց չի ձեռնարկւել»։ Իսկ արդեօք սեփական կարծիք յայտնելը կարո՞ղ է համարւել յանցագործութիւն։

Աւելի կարեւոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը»  խեղաթիւրում է Հայաստանի Սահմանադրութիւնը՝ յայտարարելով, թէ «Փաշինեանի կառավարութիւնը խթանել է քաղաքական օրակարգ, որը շեշտադրում է քաղաքացիական գերակայութիւնը եկեղեցական հաստատութիւնների նկատմամբ՝ համաձայն սահմանադրական աշխարհիկ կառավարման սկզբունքների»։ Իրականում, Սահմանադրութիւնը նախատեսում է Եկեղեցու եւ պետութեան տարանջատում, ինչն արգելում է կառավարութեանը միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Նրանք, ովքեր պնդում են, թէ Եկեղեցին խառնւում է քաղաքականութեանը, սխալւում են։ Հոգեւորականներն ունեն նոյն իրաւունքները, ինչ իւրաքանչիւր քաղաքացի՝ քւէարկել եւ առաջադրւել պաշտօնի համար։ Աւելին, իւրաքանչիւր հայ, ներառեալ հոգեւորականները, եթէ տեսնում է, որ քաղաքական ղեկավարները երկիրը տանում են կործանման, հայրենասիրական պարտականութիւն ունի բարձրաձայնելու՝ յանուն երկրի փրկութեան։

Փաշինեանը հրամայել է ձերբակալել երեք բարձրաստիճան հոգեւորականների՝ իբր անօրինական գործողութիւնների համար։ Նա ոստիկանութիւն է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, իր ֆէյսբուքեան էջում հրապարակել է իր սեռական օրգանի վերաբերեալ պոռնոգրաֆիկ բնոյթի արտայայտութիւններ, խոստովանել, որ ամուսնացած չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական կարգով, կոչ արել իր կողմնակիցներին «հաւաքւել» Էջմիածնում եւ «ազատագրել» Կաթողիկոսարանը, ինչպէս նաեւ մասնակցել է կարգալոյծ «քահանաների» մատուցած պատարագին, որոնք պղծում են Եկեղեցին։ Այս ամէնն արդէն բաւարար հիմք է Փաշինեանին Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու համար։

Միաժամանակ, Փաշինեանի զուգընկերուհին՝ Աննա Յակոբեանը, իր ֆէյսբուքեան էջում բարձրագոյն հայ հոգեւորականներին բնորոշել է որպէս «երկրի գլխաւոր մանկապիղծներ» եւ «սեւ սքեմ հագնող մոլագար այլասերւածներ»։ Սա բացարձակապէս անպատշաճ ձեւ է  հոգեւորականներին դիմելու համար՝ առանց որեւէ ապացոյց ներկայացնելու նման պնդումների համար։ Նրան զրպարտութեան համար դատի կը տային, եթէ Հայաստանի դատաւորները չգտնւէին Փաշինեանի վերահսկողութեան ներքոյ։

«Սպիտակ փաստաթուղթը» յուսահատօրէն փորձում է ներկայացնել, որ Փաշինեանը հակադրւում է Կաթողիկոսին, բայց ոչ Հայոց Եկեղեցուն՝ նշելով, որ հասարակութեան վստահութիւնը Եկեղեցու նկատմամբ «բարձր է՝ շուրջ 60%, մինչդեռ վստահութիւնը նրա բարձրագոյն առաջնորդութեան նկատմամբ կտրուկ նւազում է»։ Թէեւ 60% ցուցանիշը մօտաւորապէս համապատասխանում է իրականութեանը, սակայն «Սպիտակ փաստաթուղթը» որեւէ ապացոյց չի ներկայացնում, որ Եկեղեցու առաջնորդութեան նկատմամբ հանրային վստահութիւնը ցածր է։ «Սպիտակ փաստաթուղթը» չի նշում նաեւ, որ Փաշինեանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2018 թւականին իշխանութեան գալուց 82%-ից այժմ հասնելով 10%-ից մի քիչ աւելին «Սպիտակ փաստաթղթի» ամենաանհանգստացնող կողմն այն է, որ այն, ամենայն հաւանականութեամբ, պատրաստւել է Վաշինգտոնում գործող Mercury հանրային կապերի ընկերութեան կողմից։ Փաշինեանի կառավարութիւնն այդ ընկերութիւնը վարձել է տարեկան 600 հազար դոլարով՝ Միացեալ Նահանգների Կոնգրեսում եւ վարչակազմում Հայաստանի շահերը պաշտպանելու, ինչպէս նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձւած լոբբիստական ու հանրային կապերի կազմակերպութիւններին հակազդելու նպատակով: Ես ենթադրում եմ, որ Mercury-ն ներգրաււած է այս գործում, քանի որ ստորագրւած պայմանագրում նշւում է, որ այն վարձւել է՝ «յաճախորդին [Հայաստանի Հանրապետութիւն] ռազմավարական հաղորդակցութիւնների եւ լրատւամիջոցների ծառայութիւններ տրամադրելու համար»:

Սակայն, Ադրբեջանի եւ Թուրքիայի դէմ պայքարելու կամ Վաշինգտոնում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարէն, Փաշինեանը նախընտրել է հանրային կապերի ընկերութեան թանկարժէք ծառայութիւնները օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա առաջնորդութեան վրայ յարձակւելու համար։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button