Հաքան Ֆիդան. «Սիրիայի անվտանգութիւնն անքակտելիօրէն կապւած է Թուրքիայի անվտանգութեան հետ»

«ԱԼԻՔ» – Անկարայում կարծում են, որ Սիրիայի անվտանգութիւնն անքակտելիօրէն կապւած է Թուրքիայի անվտանգութեան հետ։ Այդ մասին իր սոցցանցային էջերում յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է News.am-ը, վկայակոչելով Անադոլուն:
Յայտարարութիւնը հնչել է Անկարայում կայացած անվտանգութեան ոլորտում համագործակցութեան հանդիպման արդիւնքներով, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարը, ազգային պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը, Ազգային հետախուզական կազմակերպութեան (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը եւ նրանց գործընկերները՝ Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շայբանին, Սիրիայի պաշտպանութեան նախարար Մուրհաֆ Աբու Քասրուն եւ Սիրիայի հետախուզութեան ղեկավար Հուսէյն ալ-Սալամէն։
Ֆիդանը հաւաստիացրել է, որ Անկարան կը շարունակի Սիրիային համակողմանի աջակցութիւն ցուցաբերել անվտանգութեան ապահովման հարցում։
«Մենք Սիրիայի անվտանգութիւնը չենք դիտարկում Թուրքիայի անվտանգութիւնից առանձին։ Մենք կը շարունակենք համակողմանի աջակցութիւն ցուցաբերել մեր սիրիացի եղբայրներին այս ճանապարհին»,- մասնաւորապէս ասել է նախարարը։
Նրա վկայութեամբ, հանդիպման ընթացքում կողմերը պայմանաւորւել են ուժեղացնել փոխգործակցութիւնը՝ Սիրիայում ձեռք բերւած առաջընթացը պաշտպանելու նպատակով։
«Մենք մեր սիրիացի եղբայրների հետ պայմանաւորւեցինք ամրապնդել սերտ համակարգումն ու համագործակցութիւնը՝ Սիրիայի ձեռքբերումները պահպանելու եւ զարգացնելու նպատակով»,– ասել է նա։
Դիւանագէտն ընդգծել է, որ Անկարայում բանակցութիւնները թոյլ են տւել մանրակրկիտ ուսումնասիրել թուրք-սիրիական յարաբերութիւնների ռազմավարական ասպեկտները։
Նախարարը յայտնել է, որ հանդիպմանը քննարկւել են նաեւ համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկւել Սիրիայի անվտանգութիւնն ապահովելու համար՝ պահպանելով նրա տարածքային ամբողջականութիւնը, եւ համակողմանի գնահատական է տրւել այս ուղղութեամբ կոնկրետ ծրագրերին։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ համակողմանի շփումները շարունակւում են բոլոր մակարդակներում «այն ժամանակներից ի վեր, երբ սիրիացի ժողովուրդը կրկին ազատութիւն է ձեռք բերել»։