ԹեհրանՀամայնքՀասարակական

Հաշւած օրեր՝ Ս. Մարիամ Աստւածածին մետրոկայանի պաշտօնական բացմանը

«Ս. Մարիամ Աստւածածին» մետրոկանգառը՝ մաքրութեան ու լոյսի շունչը քաղաքային շարժի մէջ

ԻՐԱՆԻ ԳԵՂԵՑԿԱԳՈՅՆ ՄԵՏՐՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐՒԵՑ ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ

 

Գեղեցիկ եւ իւրօրինակ Ս. Մարիամ Աստւածածին (Օսթադ Նեջաթօլլահի) կայարանի շինարարական աշխատանքները, որպէս Թեհրանի մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարան, մօտենում են աւարտին:

 

«ԱԼԻՔ, ՀԱՏԻՍ» – Ինչպէ՞ս ստեղծել կայարան, որը մարդկանց կը հրաւիրի հասարակական տրանսպորտով ճանապարհորդելու:

Եթէ ցանկանում էք տեսնել, թէ՞ ինչպէս կարելի է նախագծել գնացքի եւ մետրոյի կայարան՝ դրանք դարձնելով աւելի գրաւիչ, մարդակենտրոն եւ ապագային յարմարեցւած, ապա կարող էք այցելել սուրբ Աստւածածին եկեղեցու դիմաց գետնի տակից գլուխ բարձրացրած նոյն անւանումը կրող «Սուրբ Աստւածածին» մետրոյի կայարան:

Իհարկէ նման հաճոյքին արժանանալու համար դեռ մի քիչ էլ պիտի սպասել մինչեւ կանագառի պաշտօնական բացումը տեղի ունենայ:

Կայարանը գտնւում է «Մարիամ» զբօսայգու արեւմտեան հատւածում: Մի քիչ այն կողմ «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մնաուկեան» դպրոցներն են, ՀԲԸՄ-ն, իսկ դիմացի մայթում՝ Սուրբ Աստւածածին առաջնորդանիստն է:

Քաղաքային տրանսպորտին յատուկ կայարաններն ու կանգառները յաճախ նմանութիւններ չեն ունենում: Յատկապէս, եթէ դրանք գտնւելու լինեն նեղլիկ փողոցներով ու խիտ բնակեցւած թաղամասերում: Մէկ կայարան կարող է ունենալ գեղեցիկ պատմական առանձնայատկութիւններ, բազմաթիւ յարմարութիւններ եւ կանաչապատ տարածք ու հրապարակ, մինչդեռ միւսը կարող է լինել ձանձրալի բետոնէ կառոյց։ Վերջին տեսակի կայարանները նոյնիսկ կարող են չձգել հասարակական տրանսպորտով երթեւեկելու, այնտեղով անցնելու կամ մնալու։

Մի քանի րոպէի տարբերութեամբ այս երկու հակադրութիւնների միջով անցած մետրոյի ուղեւորին ամենաշատն է զգալի կայարանի ճարտարապետական ճկուն լուծումների հաճոյքը:

Ս. Աստւածածին մետրոյի կայարանը հէնց այն եզակիներից է, որտեղ եկեղեցիների, մզկիթի, Մարիամ Աստւածածնի որմնապատկերների կողքով անցնող անցորդը մի պահ կարող է աչքն առաստաղին ընկնի ու նկատելով սուրբ Աստւածածին եկեղեցու գմբէթի կրկնապատկերը մոռանալ ուղղութեան մասին:

Հաշւի առնելով Ս. Սարգիս եկեղեցու հայկական էութիւնը, փորձ է արւել համապատասխանեցնել կախովի առաստաղի դիզայնը, կառոյցներում օգտագործւած գոյները, չժանգոտւող պողպատով եւ առաստաղի օւալաձեւ խորշերում տեղադրւած լոյսը եւ ամբողջ տարածքի ճարտարապետութիւնն այս կրօնական վայրին:

Գեղեցկութիւն, ինչն սկսում է շքամուտքին հայերէն ու պարսկերէն լեզուններով գրւած՝ «Յանուն Աստծոյ»-ով:

«Ս. Աստւածածին»-ը (Շահիդ. Նեջաթօլլահի- փակագծերի մէջ նշւած է կայարանի անւան հետ) մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարանն է։ Կայանը գտնւում է «Հաֆթէ Թիր» եւ «Վալի Ասր» հրապարակի երկու կայարանների արանքում՝ Օսթադ Նեջաթօլլահի եւ Քարիմ-Խան խաչմերուկում (6-րդ շրջան)։ Կայարանը 25 մետր խորութեան վրայ է եւ երեք հերթով շարժասանդուխք է յատկացւած ուղեւորներին տեղափոխելու ահար:

Կայանը դեռ չգործարկւած հաւակնում է դառնալ 6-րդ գծի ամենաակնառու եւ իւրօրինակ կայարաններից մէկը՝ տեսքի, շքամուտքի ճարտարապետութեան, ինչպէս նաեւ ներքին դիզայնի առումով։

Եւ ճիշտ այն պահին, երբ մտածում ես՝ բա մի հատ ժամանակակից, սիրուն տախտակամած չլինէ՞ր էս կիսախարխուլ երկաթեղէնով լեցուն քաղաքային պատկերների փոխարէն, դէմդ բացւում է նման լուսաւոր իմաստով ու լուծումներով մի տարածք…

Յիշեցնենք, որ Շիրազի «Վաքիլ-օլ-ռօայա» մետրոյի կայարանն Իրանի ամենագեղեցիկ կայարաններից մէկն է, որը շատ ճանապարհորդների եւ զբօսաշրջիկների է ստիպել ճանապարհը թեքելով այցելել ստորգետնեայ մայրուղի:

Կան մետրոյի կայարաններ, որոնք կարող են լրջօրէն մրցակցել պատմամշակութային արժէք ներկայացնող դղեակների կամ նոյնիսկ արւեստի պատկերասրահների հետ: Այս կայարանները նախատեսւած են մարդկանց հաղորդելու հետաքրքիր եւ հաճելի տեսողական առանձնայատկութիւններ, երբ նրանք գնում են աշխատանքի կամ վերադառնում աշխատանքից: Թեհրանի մետրոն վերջապէս այս կայարանով մրցակցելու էլեման է գտնում «Վաքիլ-օլ-ռօայա»-ի հետ չափւելու: 

«Վաքիլ-օլ-ռօայա» կայարանում ուղեւորները շարունակ ժամացոյցին չեն նայում այնտեղից դուրս գնալու համար, եւ նախընտրում են վայելել երթուղու գեղեցկութիւնը նոյնիսկ դիտաւորեալ բաց են թողնում գնացքի ժամանումը: 

Չնայած Շիրազի տարբերակն իր իւրայատկութիւններով դեռ յաւակնում է առաջատարի դիրքերին, սակայն Ս. Աստւածածինը կարող է անասելի հետաքրքրութիւն առաջացնել դառնալով մայրաքաղաքի ամենաշատ այցելուն ունեցող տեսարժան վայրերից մէկը:

Արձանագրենք, որ ճարտարապետների խումբը լիովին ընկալել է տարածքի եւ ֆոլկի միաձուլման կարեւորութիւնը: Արդիւնքում քաղաքային իշխանութիւնների նման մօտեցումը կարելի է ընկալել, որպէս յարգանք բոլոր ազգային-կրօնական խմբերի ու համայնքների նկատմամբ:

Յարմարաւէտութեան առումով ինչպէս միւս կայարանների դէպքում է, այստեղ եւս բաւարար տարածք չկայ հեծանիւներ կայանելու կամ հեծանիւը կայարան տեղափոխելու եւ գնացքին յարմարաւէտ սպասելու համար:

Related Articles

Back to top button