ՄիջազգայինՔաղաքական

Ջէյ Դի Վենս. «Գազայում կայունութեան համար կը պահանջւի Թրամփի վարչակազմի ճնշումը»

«ԱԼԻՔ» – Պաղեստինեան ՀԱՄԱՍ խմբաւորման կողմից պահւող մնացած իսրայէլցի պատանդների ազատ արձակումն անխուսափելի է, կիրակի օրը յայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը՝ խոստանալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ողջ անհրաժեշտ ճնշումը կը գործադրի Գազայում ապագայ կայունութիւնն ապահովելու համար, հաղորդում է News.am-ը:

«Դա իսկապէս կարող է տեղի ունենալ ցանկացած պահի», – ասել է փոխնախագահը NBC News-ին տւած հարցազրոյցում, երբ նրան հարցրել են ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման ժամկէտների մասին։

Աւելի ուշ ABC հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նա յաւելել է. «Մենք ակնկալում ենք նրանց կենդանի տեսնել այստեղ առաջիկայ 24 ժամւայ ընթացքում, հաւանաբար վաղը վաղ առաւօտեան ամերիկեան ժամանակով, ինչը, իհարկէ, Իսրայէլում տեղի կունենայ աւելի ուշ՝ նոյն օրը»։

CBS-ի «Face the Nation» հաղորդման ժամանակ այն հարցին, թէ արդեօք Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Մերձաւոր Արեւելքում իրավիճակը կայունացնելու համար, Վենսը յայտարարել է, որ դա կը պահանջի «Միացեալ Նահանգների նախագահի կողմից մշտական լծակներ եւ հետեւողական ճնշում»։

Վենսն ընդգծել է նաեւ, որ Իսրայէլում տեղակայւելիք 200 ամերիկացի զինւորականները պատասխանատու կը լինեն Գազայում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի համար եւ երբեք նախատեսւած չեն եղել որեւէ մարտական խնդիր կատարելու համար։ Վենսը յաւելել է, որ ամերիկեան զօրքերը չեն տեղակայւի պաղեստինեան տարածքում։

«Սա ամէն ինչն է՝ սկսած իսրայէլական զօրքերի՝ համաձայնեցւած գծի վրայ գտնւելն ապահովելուց, ՀԱՄԱՍ-ի կողմից անմեղ իսրայէլցիների վրայ չյարձակւելը երաշխաւորելուց մինչեւ այն, որ նրանք անեն հնարաւոր ամէն ինչ՝ ապահովելու համար, որ մեր ստեղծած խաղաղութիւնն իսկապէս պահպանւի», – ասել է Վենսը ABC-ի եթերում։ – Բայց այն միտքը, որ մենք զօրքեր ենք տեղակայելու Գազայում, Իսրայէլում, մեր մտադրութիւնների մէջ չէ, դա մեր ծրագրերում չկայ»։

Related Articles

Back to top button