Դանիայի ԶՈւ արկտիկական ուժերի ղեկավար. «Գրենլանդիայի համար ներկայումս սպառնալիք չկայ»

«ԱԼԻՔ» – Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ յաւակնութիւնների խորապատկերում Դանիայի զինւած ուժերի արկտիկական հրամանատարութեան ղեկավար Սիորէն Անդերսէնը յայտարարել է, որ կղզու համար ներկայումս սպառնալիք չկայ։ Այս մասին ըստ News.am-ի՝ նա յայտարարել է CNN-ին տւած հարցազրոյցում։
«Կարծում եմ՝ հէնց այս պահին Գրենլանդիայի համար սպառնալիք չկայ»,- նշել է նա։
Դանիայի ռազմական մէկ այլ պաշտօնեայ հեռուստաալիքի թղթակցին յայտնել է, որ երկրի զինւորականների գնահատմամբ՝ կղզին համեմատաբար հեշտ է պաշտպանել. խստաշունչ կլիմայի, լեռնային տեղանքի եւ ենթակառուցւածքների պակասի պայմաններում Գրենլանդիայի ամբողջ արեւելեան ափը գործնականում անառիկ է համարւում։
Լրատւամիջոցի հաղորդմամբ՝ Դանիայի զինւորական պաշտօնեաները մասնաւոր զրոյցներում յայտնել են, որ ցամաքում, ծովում եւ օդում ուսումնական վարժանքներն իրականում կազմակերպւել էին՝ Թրամփին ցոյց տալու համար, թէ Դանիան որքան լուրջ է վերաբերւում Գրենլանդիայի անվտանգութեանը։ Նրանք յուսով են, որ վարժանքները ԱՄՆ նախագահին կը մղեն վերանայելու կղզին գրաւելու իր որոշումը։
Վենեզուէլլայի դէմ ռազմական գործողութիւնից յետոյ Դոնալդ Թրամփը յունւարի 4-ին Atlantic հանդէսին տւած հարցազրոյցում յայտարարել էր, որ ԱՄՆ-ի յաւակնութիւնները Գրենլանդիայի նկատմամբ պայմանաւորւած են այն հանգամանքով, որ կղզին, ենթադրաբար, շրջապատւած է չինական եւ ռուսական նաւերով։ Դրանից յետոյ Դանիայի վարչապետ Մետտէ Ֆրեդերիկսէնը Թրամփին կոչ էր արել դադարեցնել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքները։
Դանիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել էր, որ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականութեան կոմիտէն յունւարի 6-ին անցկացնելու է ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների քննարկմանը նւիրւած հանդիպում՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լիոկէ Ռասմուսէնի եւ պաշտպանութեան նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի մասնակցութեամբ։



