
«ԱԼԻՔ» – ԻԻՀ Ոստիկանութիւնը քաղաքացիներին կոչ է անում հեռու պահել երիտասարդներին, յատկապէս, պատանիներին բողոքի ցոյցի անւան տակ իրականացւող իրարանցումներից:
Յայտարարութեան մէջ, որը կարճ հաղորդագրութեան ձեւաչափ ունի, Ոստիկանութեան հրամանատարութիւնը (ՖԱՐԱՋԱ)-ն մասնաւորապէս նշել է. «Հաշւի առնելով փաստը, որ փողոցային ցոյցերի անւան տակ արձանագրւած բոլոր միջադէպերում հաստատւած է ահաբեկիչների մասնակցութիւնը, եւ այն փաստը, որ նրանց ձեռամբ բազմաթիւ սպանութիւնների դէպքեր կան արձանագրւած, զգուշացնում ենք, որ ոստիկանութիւնը ստիպւած է պատասխան գործողութիւններով անվտանգութիւնը վերադարձնել քաղաքացիներին: Ուստի գործողութիւններից չտուժելու նպատակով, բոլոր ընտանիքներին կոչ ենք անում երիտասարդներին հեռու պահել փողոցային անկարգութիւնների ալիքից»:
Նոյն կապակցութեամբ Իրանի գլխաւոր դատախազ Մոհամմադ Մովահէդ Ազադը յայտարարութեամբ է հանդէս եկել, որտեղ նա մտահոգութիւն է յայտնել երիտասարդ ցուցարարների հետ կատարւածի կապակցութեամբ եւ նշել. «Իրանի պաշտօնեանների պարտաւորութիւնների մէջ է մտնում նաեւ երկրի առաջադիմութիւնների ու ձեռքբերումների մասին հասարակութեանը հաղորդակից դարձնելը, ինչի բացը՝ երդւեալ թշնամիներին թոյլ է տալիս անցնել բոլոր կարմիր գծերից եւ ոգեւորելով մատաղ սերնդին, կեանքը վտանգելով նրանց մատնել վտանգաւոր իրավիճակների մէջ»:
Գլխաւոր դատախազը յիշեցրել է հասարակութեանը, որ հանրային գոյքն աւիրելն ու փողոցային անկարգութիւնների հարցում օրէնքով սահմանւած կարգ ու որոշում կայ, որտեղ «անմեղ կամ մեղաւոր ցուցարարների» տարբերակում չկայ եւ բոլորը հաւասարապէս են պատասխան տալու՝ առաւելագոյն պատժաչափով, ինչն այս դէպքում «Մահարէբ»-ն է ու համապատասխան պատժաչափը:
Նա այս հարցում ընդգծել է, որ երբ բոլոր զգուշացումները կատարւած են ու հասարակութեանը տեղեակ է պահւել հետեւանքների մասին, այլեւս ոչ մի արդարացում ընդունւած չէ:



