Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Մեր ժողովրդին պէտք է վերադարձնել ապագայի եւ ապրելու յոյսը»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր քաղաքական վերլուծաբան, «Այլընտրանքային» նախագծեր խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Նիկոլ Փաշինեանը շատ լաւ գիտակցում է, որ քաղաքակիրթ ճանապարհով ընտրութիւնների գնալու դէպքում ոչ մի շանս չունի ընտրւելու, 50+1 ձայն չի հաւաքելու եւ կառավարութիւն չի կարողանալու ձեւաւորել։ Գիտակցում է, որ չունի ո՛չ ներքին, ո՛չ աշխարհաքաղաքական աջակցութիւն, եւ բնականօրէն ունենում է էմոցիոնալ պոռթկումներ, ինչը հերթական անգամ եղաւ Ազգային ժողովում։

– Մենք բոլորս այս կինոյի սցենարը պէտք է ջարդենք, որովհետեւ եթէ ինքը մնայ իշխանութեան, երկիրը կը կործանւի վերջնականապէս։

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինեանը կը գնայ ընտրութիւնների եւ, ամենայն հաւանականութեամբ, կը պարտւի։ Արտահերթ ընտրութիւնների հեռանկարն իր սրութիւնը կորցրել է։ Եթէ ինչ-որ անիրական սցենարով նա վերարտադրւի, աներեւակայելի կը լինի պատկերացնել հետագայ աւերի, քանդման, անյուսութեան աստիճանը։ Պետութիւնը փլուզւելու է սրընթաց տեմպով։

– Մեր Խորհրդարանն ինքն իր համար Խորհրդարան է։ Սա էն Խորհրդարանն է, ով արձանագրել է Արցախի անկումը, այն Խորհրդարանն է, որն Արցախի անկումից մի շաբաթ առաջ ու մի շաբաթ յետոյ աշխատել է։

– Ամենամեծ թակարդը հետեւեալն է։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ հիմնական դերակատարներից շատերը «պատրաստւում են նախորդ ընտրութիւններին»՝ տրամադրութեան մէջ են։ Չի՛ կարելի պատրաստւել նախորդ ընտրութիւններին։ Սրանք լրիւ այլ ընտրութիւններ են՝ այլ նպատակով։ Նոր դէմքեր, նոր, թէկուզ ժամանակաւոր դաշինքներ են պէտք։ Մեր ժողովուրդը «նախկին-ներկայ» կոնֆլիկտից պիտի ապագայի ընտրութիւն անի։ ՔՊ-ն ապագայի ծրագիր չունի, սպառւած է։ Եթէ մենք էլ ընկնենք իր լարած նախկին-ներկայ թակարդը, կը պարտւենք։

– Արցախի բանակցային նախկին բոլոր տարբերակները, այո, լաւագոյնն են եղել, եւ, այո՛, նախկին բոլոր նախագահների կառավարման տարիները լաւագոյնն էին, բայց դա արդէն անցեալ է։ Ցաւօք, այսօր իրավիճակն աղէտալի է: Մարդիկ այսօր ապրելու յոյս չունեն, դա՛ պէտք է վերադարձնել մեր ժողովրդին։ Մարդկանց պէտք է հնարաւորութիւն տալ ապագայի ծրագրեր կազմելու։

– Հայաստանի նախկին երեք նախագահները պարզապէս ֆիզիկական անձինք չեն, նրանք էպոխաների կրողներ են։ Ընդ որում, դրանք էպոխաներ են, որում լուրջ յաջողութիւններ ենք ունեցել։ Երբ նախկին նախագահների պաշտօնավարման ժամկէտները մեկնաբանում են մարդիկ, ովքեր այդ տարիներին դպրոցական են եղել, դա լուրջ չէ…

– Իմ հրապարակային տեսակէտն այն է, որ Նիկոլ Փաշինեանին հարց տալու փուլն աւարտւել է 2020 թ.սեպտեմբերի 27-ից։

– Ես չեմ ուզում, որ պարկեշտ, գրագէտ մարդիկ իրենց անգործութեամբ նպաստեն այս պարտութեանը։ Ուզում եմ, որ շատ պարկեշտ մարդիկ իրենց անգործութեամբ չօգնեն այս իշխանութեան վերարտադրութեանը։ Շատ լուրջ հանրային ակտիւ է ձեւաւորւել… ոչ լաւ կեանքից։ Ես ուզում եմ, որ այդ մարդիկ, բոլորս ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափ ունենանք։ Հերիք է կառչենք 1991-2018 թթ.ժամանակահատւածից։ Եթէ մենք այս ընտրական ցիկլը պարտւենք, ամէն ինչ կաւարտւի։

– Երբ ասում են՝ իմպիչմենտն անիմաստ է, քանի դեռ փողոցում պրոցես չկայ, ուզում եմ հարցնել՝ իսկ ի՞նչ ենք արել, որ փողոցում պրոցես լինի։

– Սարսափելի է, մենք շատ հեշտ տարանք Արցախի խեղդամահ լինելու 9 ամիսները… Բազմաթիւ յայտնի հայեր վախենում էին խօսել, կարծիք յայտնել այդ օրերին։ Ինձ համար այդ 9 ամիսները շատ ցաւոտ են։ Շատ հեշտ տարանք մեր հայրենիքի մի հատւածի հայաթափումը… Դրա համար շատ հեշտ գնացին ու դրանից յետոյ աշխատեցին Խորհրդարանում։ Պէտք էր Արցախի կորստից յետոյ գնալ այս Պառլամենտի լուծարմանը։ Սա չարաբաստիկ Պառլամենտ է. սա ֆիքսել է Արցախի անկումը։

– Այս իշխանութիւնը չունի սոցիալական բազա, չունի վերարտադրւելու որոշակի շանս, բայց դա չի նշանակում, որ նոր մարդիկ կարող են յաղթել։ Եթէ նորմալ, սոլիդ իշխանութիւն չկարողանանք ձեւաւորել, եթէ պարտւենք, ապա ամբողջ աշխարհն ասելու է, որ մենք պետութիւն պահելու անունակ ժողովուրդ ենք։

– Լսում էի Ազգային ժողովում իրաւապահ համակարգի որոշ ներկայացուցիչների ելոյթները. սա իրաւապահ համակարգ չէ, այլ փախստականների ճամբարի ադմինիստրացիա. չի կարելի արդարացնել ամէն այլանդակութիւն, ինչը երէկ մեր Խարհրդարանում անում էին իրաւապահ կառոյցների ղեկավարները։

– Պրօարեւմտեան կամ հակառուսական թեւի ներկայացուցիչներն ունեն պրոբլեմ, եւ այդ պրոբլեմի անունը Թրամփ է. այդ թեւը մնացել է անտէր։ Գիւմրիի ընտրութիւնները դա ցոյց տւեցին։ Իբր թէ արեւմտամէտները որեւէ կապ չունեն արեւմտեան արժէքների հետ։ Միայն Հայաստանի արեւմտամէտներն են, որ անգլերէն չգիտեն… Նրանք կոլբայի մէջ աճեցրած «արեւմտամէտներ» են։ Հակառակ դաշտում էլ այս պրոբլեմը կայ։ Հայաստանը կարիք չունի կոյր ռուսամէտ գործիչների։ Մեզ պէտք են սոլիդ գործիչներ, ովքեր գիտեն՝ ինչպէս պէտք է խօսել ե՛ւ Արեւմուտքի հետ, ե՛ւ Ռուսաստանի հետ, ու առաջ գնալ, որովհետեւ հակառուսականութիւնն այսօր ինքնասպանութիւն է։ Նորմալ ուժը երկու կողմի մարգինալութիւնն էլ սրբելու եւ տանելու է։

– Մարգինալ այդ մարդկանց համար չկայ հայրենիքի, պետութեան, մեր, ձեր ու մեր ընտանիքների շահ։ Նրանց փողը տալիս են հակառուսականութիւն քարոզելու համար։ Այս մարդիկ կոչւում են մարգինալներ։ Երբ պետութիւնը դռները բացում ու այդ մարդկանց ասում է՝ եկէք իրաւապահ համակարգի ղեկավարներ ընտրէք, բարեփոխումներ արէք, Սահմանադրութիւն գրէք, այդ մարդիկ մարգինալներից վերածւում են վտանգի։ Ցանկացած պետութեան մէջ կան մարգինալներ։ Եթէ պետութիւնդ ուժեղ է, նրանք ողջ կեանքում մարգինալ էլ մնում են։

– Ուկրաինական հանրային մի շերտ կայ, որ պատրաստ է զոհել վերջին ուկրաինացուն, միայն թէ սպասարկւի հակառուսականութեան շահը։

– Փաշինեանն այլեւս որեւէ տեղ գնալուց որեւէ բան չի կարող շահել։ Մոսկւա գնալուց էլ բան չի փոխւել։ Կարող էր գնալ, կարող էր եւ չգնալ։

– Մենք պարտութեան հասարակութիւն ենք, իսկ դա շատ ծանր բան է. միանգամից աշխատեցնում է ինքնապաշտպանական մեխանիզմներ՝ չլսել, չտեսնել, քաղաքականութեամբ չզբաղւել, չխառնւել։ Լուծումը հասարակութեան հետ ճիշտ կոմունիկացիան է։ Հասարակութեանը պէտք է բան առաջարկել ու նրա հետ մտնել դիալոգի մէջ։

– Լիդերութիւնն առաջինը միտքն է, գաղափարը, ոչ թէ կոչումը։

Related Articles

Back to top button