ԻրանՔաղաքական

Նպատակայարմարութեան խորհուրդը հաւանութիւն տւեց Պալերմոյին միանալու որոշմանը

«ԱԼԻՔ»- Չորեքշաբթի՝ մայիսի 14-ին, այաթ. Ամոլի Լարիջանիի նախագահութեամբ տեղի ունեցաւ Նպատակայարմարութեան խորհրդի լիագումար նիստը Պալերմոյին միանալու որոշման եզրափակիչ քննարկումների եւ քւէարկութեան օրակարգով: Նիստին մասնակցել են օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինների ղեկավարները եւ «Սահմանադրութեան պահապան խորհրդի» անդամները, ինչպէս նաեւ Էկոնոմիկայի եւ Արտաքին գործերի նախարարները:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ համաժողովի դահլիճում յանձնաժողովի անդամների հետ համատեղ անցկացւած թւով 8 նիստերից յետոյ, Նպատակայարմարութեան խորհուրդը պայմանականօրէն համաձայնութիւն  տւեց Պալերմոյի կոնւենցիային միանալու որոշմանը։

Աղբիւրի համաձայն՝ աւելի վաղ այս օրինագիծը հաստատւել էր Պահապանների խորհրդում։ Որոշման համաձայն Իրանը կոնւենցիային կարող է միանալ իր Սահմանադրութեան եւ ներքին օրէնսդրութեանը համապատասխան հիմունքները նկատի առնելով միայն։

Օրինագծին կողմ ու դէմ արտայայտւած պատգամաւորների ելոյթներից յետոյ Գերագոյն վերահսկիչ խորհրդի կողմից աւարտւած յայտարարւեց օրինագծի վերաբերեալ 11 առարկութիւնների քննարկումը, ապա տեղի ունեցաւ որոշիչ քւէարկութիւնը։ Օրինագիծը հաստատւել է Վեհաժողովի յանձնաժողովներում շուրջ 4 ամիս տեւած փորձագիտական քննարկումներից յետոյ:

Հրապարակւած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ CFT -ի քննարկումը եւս Վեհաժողովի առաջիկայ նիստերի օրակարգում է։

Նշենք, որ CFT-ն (Ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի կոնւենցիա) միջազգային կոնւենցիա է, որն ընդունւել է ՄԱԿ-ի կողմից 1999 թւականին՝ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի նպատակով։

Պալերմոյի կոնւենցիան, որի ամբողջական անւանումը «Միաւորւած Ազգերի Կազմակերպւած յանցաւորութեան դէմ Կոնւենցիա» է, թրաֆիքինգի (մարդկանց անօրինական առեւտրի), փողերի լւացման, ահաբեկչութեան եւ զէնքի անօրինական առեւտրի դէմ պայքարի ոլորտում կարեւոր միջազգային փաստաթղթերից մէկն է։ Այն վաւերացւել է 2000 թւականին Իտալիայի Պալերմօ քաղաքում՝ շուրջ 180 երկրների կողմից։

Related Articles

Back to top button