Բորդիւժա. «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցութեան կասեցումը ահռելի սխալ է»
«ԱԼԻՔ» – Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցութեան կասեցումը մեծ սխալ է: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում նման կարծիք է յայտնել 2003-2016 թւականներին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը զբաղեցրած Նիկոլայ Բորդիւժան։
«Ըստ իս, Հայաստանի ինքնիշխան իրաւունքն է մասնակցել Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը կամ դուրս գալ դրանից։ Իրենք են որոշում, թէ Հայաստանում ինչ անվտանգութեան համակարգ է լինելու, բարձրագոյն քաղաքական ղեկավարութիւնն է (որոշողը)։ Եթէ կարծում են, որ իրենց համար աւելի յարմար կը լինի անվտանգութեան քաղաքականութիւնը վարել, դա իրենց իրաւունքն է։ Կարծում եմ, որ սա վիթխարի սխալ է՝ հիմնւած առաջին հերթին բացարձակապէս ոչ հաւաստի տւեալների վրայ»,-յայտարարել է Բորդիւժան։
«Եւ երբ Հայաստանի բարձրագոյն քաղաքական ղեկավարութիւնը յայտարարում է, թէ իրենք ոչ մի օգնութիւն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթէ այնտեղ էր նախապատրաստում այդ բոլոր յեղաշրջումները, ՀԱՊԿ-ից օգնութիւն չկար, դա բացարձակապէս ճիշտ չէ»,- յաւելել է նա։
Նախկին գլխաւոր քարտուղարը նշել է, որ իր աչքի առաջ հակառակն է տեղի ունեցել. «Երբ ե՛ւ Հայաստանի զինւած ուժերը, ե՛ւ ամբողջ Հայաստանի ուժային կառոյցները Ռուսաստանի Դաշնութիւնից վիթխարի օգնութիւն՝ կազմակերպչական, գիտական եւ տեխնիկական օգնութիւն են ստացել: Գիտէք, սա ուղղակի փակ տւեալներ են, եթէ հաշւէք, թէ Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինւած ուժերում եւ ընդհանրապէս Հայաստանում, կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կը լինի»,- նշել է Բորդիւժան։