Գեղամ Ստեփանեան. «Եթէ Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանութիւնների կարիք կայ»
Արդէն 4 տարի է անցել 44-օրեայ պատերազմի մեկնարկից եւ մէկ տարի՝ Արցախի ժողովրդի դէմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետեւանքով Արցախը բռնի հայաթափւեց։ Ինչ քայլեր են արւում արցախցիների հիմնարար իրաւունքները պաշտպանելու համար։ Արցախի մասին ՀՀ իշխանութիւնների յամառ լռութեանը եւ անտեսմանը ինչ պէտք է հակադրել։ Բռնագաղթածներն ինչպիսի խնդիրների առաջ են կանգնած մայր Հայաստանում։ Վերոնշեալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրոյց»-ի տաղաւարում իր կարծիքը յայտնեց Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։
Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերի առաջին մասը՝ ստորեւ։
-Միջազգային քրէական դատարանի դատախազին դիմելու մեր կարճաժամկէտ ակնկալիքն այն է, որ նախաձեռնւի ուսումնասիրութիւնը։ Դրա հետ միասին զուգահեռ աշխատելու ենք եւ վերջնանպատակը Ալիեւին եւ ադրբեջանական իշխանութիւնների բոլոր պատասխանատուներին, թէ՛ զինւած ուժերի, թէ՛ քաղաքական որոշումներ կայացնողների, քաղաքական պատասխանատւութեան ենթարկելն է եւ իհարկէ Արցախի ժողովրդի խախտւած իրաւունքների վերականգնման ճանապարհները մատնանշելը։
-Միջազգային հարթակներում, օրինակ ԱՄՆ մեր գործընկերներից, լինի Կոնգրեսում թէ այլ շրջանակներում, հանդիպումների ժամանակ, առաջի բանը, որ լսում ենք, այն է, որ Արցախի վերաբերող հարցերով Հայաստանի Հանրապետութիւնը այլեւս որեւէ բան չի խօսում, որեւէ բառ՝ լինի գերիների հարցը, Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, կամ՝ այլ բազմաթիւ խնդիրների։
-Երբ ասուլիսի ժամանակ ասում է, որ արւում է, բայց դրա մասին չի խօսւում, եւ մենք տեսնում ենք, որ ամենայարմար տեղում այն չի արւում՝ ուղղակի շատ մեծ կասկածներ է առաջնում, թէ առհասարակ արւո՞ւմ է, թէ՞ չի արւում։ Աւելի շատ հակւած եմ կարծելու, որ ոչինչ էլ չի արւում, որովհետեւ հանրութիւնը դրա մասին տեղեակ չէ։ Հարազատները տեղեակ չեն, ամենաբարձր ամբիոնից դրա մասին չենք լսում՝ էլ ինչպէս է արւում։ Ըստ էութեան, հանրութեանը ապատեղեկատւութիւն տրամադրելու կամ մանիպուլիացիայի ենթարկելու հերթական քայլն է։
-Ատելութեան կամ խտրականութեան խօսքը, որը շատ յաճախ հանդիպում ենք իշխանական պատգամաւորների, կամ կառավարութեան ներկայացուցիչների կողմից։ Կամ սոցիալական աջակցութեան ծրագրերը մատուցել որպէս լաւութիւն, ոչ թէ պատասխանատւութիւն կամ պարտաւորութիւն, այլ՝ դէ, էս ել անում ենք, պէտք է մի հատ էլ շնորհակալ լինէք։ Այս դէպքում հայն է յայտնւել Հայաստանում, եւ կատարւած աջակցութիւնը մատուցւում է լաւութի՞ւն, թէ՝ կարող էինք դա էլ չանել, բայց անում ե՞նք։
-Եթէ իշխանական կոնկրետ պատգամաւորներին, ովքեր ատելութիւն եւ խտրականութիւն են տարածում, նրանց լռեցնեն, ապա մենք կը տեսնենք, որ այդ հարցի կապակցութեամբ հանրային դիսկուրսում էլ բաւական փոփոխութիւններ կը կատարւեն։ Այն, որ, այո, դրանք յատուկ ուղղորդւում են իշխանական պատգամաւորների, ֆէյքերի կողմից այլ կարծիք չկայ։