Հայաստան - ԱրցախՔաղաքական

Le Parisien. «Ալիեւին անհրաժեշտ է այս պատմական դատավարութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»

«ԱԼԻՔ» – Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբէն Վարդանեանի կեղծ դատավարութեանը: «Մարդ, որին հարկաւոր է տապալել. Ռուբէն Վարդանեանը՝ կեղծ դատավարութեան զոհ Ադրբեջանում» վերնագրով յօդւածում նշւում է, որ Վարդանեանին առջադրւած է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ, «ահաբեկչութիւնը», «սպանութիւնը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատւամիջոցները: Այս ենթադրեալ յանցագործութիւնների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչեւ 200 տարւայ ազատազրկում։

Յօդւածագիրը նշում է, որ յաջողակ գործարարին, որը նաեւ միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ «Աւրորա»-ի համահիմնադիրն էր, սպասւում էր պայծառ ապագայ, սակայն 2020 թւականին ամէն ինչ փոխւում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրաւելու համար կատաղի յարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է յաւերժական հակամարտութեան կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքւած տեսնելը նրա համար անտանելի էր»,-  պատմում  է որդին՝ Դաւիթ Վարդանեանը։ Այդ ժամանակ Ռուբէն Վարդանեանին թւում է, թէ ինքն առաքելութիւն ունի իրականացնելու: Ոչ աւել, ոչ պակաս՝ խաղաղութիւն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թւականի սեպտեմբերին նա բնակութիւն է  հաստատում այնտեղ։ Դաւիթը յիշատակում է նրանց վերջին խօսակցութիւնը՝ Լեռնային Ղարաբաղ հօր տեղափոխւելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դէմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնայ…»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։ Որոշ կարճ ժամանակ, մինչեւ 2023 թւականի փետրւար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտօնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար…

Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային յարձակման, որը ներկայացնում է որպէս «հակաահաբեկչական գործողութիւն»։ Արդիւնքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակւող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբէն Վարդանեանը ձերբակալւել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձեռքերին կապանքներ, շրջապատւած երկու զինւորներով. նրա ձերբակալութեան լուսանկարները տարածւեցին ամբողջ աշխարհում:

Դրան յաջորդում է գրոտեսկային իրաւական պայքարը: Բանտում նա ենթարկւում է խոշտանգումների։ 2024 թւականի ապրիլին՝ երկշաբաթեայ հացադուլից յետոյ, նրա հարազատները զրկւում են նրա հետ կապ հաստատելու որեւէ հնարաւորութիւնից։ Նրան պատժելու համար իշխանութիւնները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիւ կարողանում էր նստել, զրկւած էր ջրից ու սնունդից, լոյսերը 24 ժամ միացւած էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Մարդու իրաւունքների մասնագէտը մեկնարկած դատական լսումների առաջին օրւանից դատապարտում է «ցուցադրական դատավարութիւնը»: 25000 էջանոց քրէական գործն ամբողջութեամբ գրւած է ադրբեջաներէն լեզւով, որին մեղադրեալ Վարդանեանը չի տիրապետում։

Ադրբեջանական լրատւամիջոցները նրան «ռազմական յանցագործ» են անւանում: Եւս մէկ անմտութիւն. յիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջեւ, թէեւ երբեք զինւորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի կոպտագոյն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանեալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկէտ պատիժ կը ստանայ, գուցէ նոյնիսկ դատապարտւի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։ Հէնց այդպիսի ճակատագիր են Ռուբէն Վարդանեանին խոստանում տեղական լրատւամիջոցները, որոնք ուրախութեամբ նրան «ռազմական յանցագործ» են անւանում:

Բեմադրելով այս կեղծ դատավարութիւնը՝ իշխանութիւնները կարծես թէ վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբէն Վարդանեանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հէնց նրան է հարկաւոր տապալել: Իլհամ Ալիեւին անհրաժեշտ է այս պատմական դատավարութիւնը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անւան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականութիւն» աշխատութեան հեղինակ Տիգրան Եգաւեանը:

Ռուբէն Վարդանեանը յունւարի 16-ին նամակ է յղել, որտեղ դատապարտել է իր դատավարութեան պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրոյթ, ոչ էլ ատելութիւն» է զգում՝ միեւնոյն ժամանակ յայտարարելով. «Համոզւած եմ, որ ճշմարտութիւնը կը յաղթի»։

Related Articles

Back to top button