Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փոփոխութիւնների անխուսափելիութիւնը. մաս 2

Դիմադրութեան ինստիտուտներ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընըտրանքային» նախագծեր խումբ

 

Որեւէ իշխանութիւն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման եւ այլ՝ բնակչութեան կեանքն էապէս բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդէն ուժի մէջ՝ անթաքոյց սպառնալով վատացնել բոլորի կեանքը։

Մի իշխանութիւն, որի համար ընտրութիւնը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրութիւնների։ Այստեղ լուրջ մտածելու բան կայ, որը պէտք է հասկանանք։

Սա կարող է նշանակել, որ այս իշխանութիւնն իր վերարտադրման աղբիւրը տեսնում է ոչ թէ հասարակութեան քւէի մէջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։

Դատելով զարգացումներից՝ իշխանութիւնը 2025-ը համարում է ոչ թէ նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծւող քաոսի։ Իշխանութիւնը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քւէի եւ հանրային աջակցութեան կը փորձի մնալ իշխանութեան։

Ներքին ռեֆորմների փաթեթները եւ արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետութիւն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնւող։

Ալիեւի սպառնալիքները, Բաքւի դատերը եւ Նիկոլի թէզերը ահռելի աղբիւր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման եւ խուճապային, իռացիոնալ տրամադրութիւնների գեներացման համար։ Այս ամէնն ունի ապակայունացման իրապէս լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որեւէ լրջութիւն այս պահին մենք չունենք։

Մենք մեզ համարժէք չենք դրսեւորում նոր ստեղծւող որեւէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկայ քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնութիւնն աղաւաղւած պատկերացումներ ունի՝ սեփական առաքելութեան, սեփական կշռի եւ տիրող իրավիճակի մասին։

Պարադոքսալ վիճակ է, երբ կայ մտածող եւ մտահոգ ընտրազանգւած, որն oր-օրի համալրում են աւելի ու աւելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից եւ իր «լիդերներից» աւելի զգօն է ու աւելի պատասխանատու։ Բայց ընտրազանգւածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպւել։ Հէնց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարւելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։

Սա գաղթի պատրաստւող հասարակութեան կազմակերպւածութիւն է։

Նիկոլը ընտրութիւններով յաղթելու որեւէ հնարաւորութիւն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրութիւնները։

Հէնց այս քաոսը թոյլ չտալու, պետութեան քաոտիկ կազմաքանդում թոյլ չտալու համար է ծայրայեղօրէն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջութեան եւ կազմակերպւածութեան բերելը։ Եւ դա պէտք է անել շատ արագ։

Նոր դաշինքների, նոր միաւորների ձեւաւորում՝ անհրաժեշտ գրագիտութեան պաշարով, սեփական առաքելութեան գիտակցմամբ, իրավիճակին համարժէք։ Հին ու նորի կռիւը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միաւորների դաշինքները, նոր ստեղծւած կամ ստեղծւող քաղաքական ու հանրային միաւորների արդիւնաւէտ դաշինքները պատասխանատւութեան եւ պետական մտածողութեան դրսեւորում են։

Այսօր արդէն գործող կամ ստեղծւելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաեւ համագործակցային ցանց՝ տեղեկութիւնների ու գաղափարների շրջանառութեան ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանաւորւել բարձրացւելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գոյքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդիւնաւէտ աշխատելու համար՝ լրատւական, նիւթական, կազմակերպչական ռեսուրսներով։

Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բիւրեղացում պիտի գնայ, եւ այստեղ անվտանգութեան խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլեւ լրացնում են միմեանց։ Հայաստանը կանգնած է լրջագոյն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգութեանը։ Այնպէս որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարւածութեան օջախները, արտաքին քաղաքական մարտահրաւէրները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամէնը հեշտութեամբ կապւում են միմեանց ու դառնում մեծ օրակարգի ակտիւ մաս։

Ինստիտուցիոնալ կազմակերպւածութեան մակարդակի շեշտակի բարձրացումը կը լրջացնի հանրային տրամադրութիւնները, մարդիկ կը տեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդիւնաւէտ դարձնելու եւ գործողութեան վերածելու համար։

Եթէ մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա յայտնի փոդքաստի նոր թողարկումներից մէկը լինելու է մօտաւորապէս այսպիսին.

«Ինչու տւեցինք նոր հազարաւոր զոհեր եւ ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդորում, այս քննարկումն անելու են նոյն անհոգ ու հանդարտ մթնոլորտում։

Related Articles

Back to top button