Բագրատ Սրբազան. «Պատմական աղէտի ճիրաններում ենք, ելքը պէտք է գտնենք ինքներս՝ վերակազմակերպելով մեր ուժերը»
«ԱԼԻՔ» – «Այն, ինչը մեզ այսօր փորձում են պարտադրել, խաղաղութիւնը չէ. մեզ ուզում են պարտադրել ստորացում, ազգային արժանապատւութեան ուրացում եւ հայրենազրկում՝ առանց ոտքի կանգնելու հնարաւորութեան»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը.
«Սիրելինե՛ր,
Շարունակում եմ մեր պայքարի վերակազմակերպման այս փուլի տրամաբանութեան մէջ ձեզ ներկայացնել մեր կեանքի կարեւոր խնդիրների, մեր երկրին ու մեզ բոլորիս առնչւող թեմաների շուրջ իմ մտորումները, պատկերացումները, որոնք մասամբ հրապարակւել են տարբեր տարիների լոյս տեսած իմ գրքերում, աշխատութիւններում, յօդւածներում։
Դուրս բերւած հատւածները որոշ չափով լրացրել եւ խմբագրել եմ՝ այսօրւայ հրատապ խնդիրների վերլուծութիւնից եւ նաեւ հրապարակման այս ձեւաչափի պահանջներից ելնելով։
Խաղաղութիւնն է Ապագան, որը եղել է մարդկութեան հարատեւ ձգտումն իր գոյութեան ողջ ընթացքում։ Եւ Հայաստանում շատ աւելի պարզ ես տեսնում ու ընկալում խաղաղութեան խորքային, նախասկզբնական իմաստը։
Մեր երկիրը Սուրբգրային Արարատի Երկիրն է, որտեղ Աստւած Ջրհեղեղից յետոյ Իր Խաղաղութեան ուխտը կնքեց վերածնւած մարդկութեան եւ ամբողջ արարչագործութեան հետ:
Մեր Եկեղեցին այն Եկեղեցին է, որի պատմութիւնը շատ յաճախ նոյնականացւել է մարտիրոսութեան եւ տառապանքի, հալածանքի, հայրենազրկութեան, շարունակական ճգնաժամերի եւ ցեղասպանութեան հետ, որոնք առկայ են նրա պատմագրութեան գրեթէ բոլոր էջերում։
Քննելով մեր ներկայ աշխարհը եւ ժամանակակից մարտահրաւէրները՝ անժխտելիօրէն տեսնում ենք, որ վերջին 100 տարիներին աշխարհն անասելի փոփոխութիւնների է ենթարկւել. երկու համաշխարհային պատերազմներ, յեղափոխութիւններ, քաղաքական համակարգերի փոփոխութիւններ, ոչ անպայմանօրէն անհրաժեշտ եւ անվերջանալի պատերազմների շղթայ Միջին Արեւելքում եւ այլուր, որոնք տեղի են ունենում ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքի պաստառի ներքոյ:
Իրականում վերջին 25 տարիներում աւելի շատ փոփոխութիւններ են արձանագրւել, քան վերջին 2000 եւ աւելի տարիներում, որի համար էլ ճշմարտացիօրէն ասւել է, թէ «մարդը փոփոխութիւններ է կատարել ամէն ինչում, բացի իրենից»:
Աւելի քան 100 տարի է անցել, սակայն միջազգային հանրութիւնը դեռ տատամսում է ճանաչել հայերի կոտորածները որպէս Ցեղասպանութիւն, որպէս յանցագործութիւն ոչ միայն հայերի հանդէպ, այլեւ՝ ամբողջ մարդկութեան:
Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի չափանիշերը, յարաբերական բարոյականութիւնն աւելի «ծանր են կշռում», քան ճշմարտութիւնն ու արդարութիւնը, այն իմաստով, որ սովորաբար «որոշւում է, թէ ո՛ր ժողովուրդները մարդկային իրաւունք ունեն, եւ ո՛ր ժողովուրդներից որոշակի սահմանումով այդ իրաւունքը պէտք է մերժւի»:
Առանց արդարութեան եւ մարդու իրաւունքների հաստատման, այն խաղաղութիւնը, որը մենք փնտրում ենք, կը լինի ժամանակաւոր եւ փխրուն:
Այսօր մեր իսկ սխալների եւ միջազգային հանրութեան անտարբերութեան վերջնարդիւնքում մենք յայտնւել ենք պատմական հերթական աղէտի ճիրաններում։ Ելքերը մենք պէտք է գտնենք ինքներս՝ վերակազմակերպելով մեր ուժերը, որոշելով մեր առաջնահերթութիւնները՝ մեր բնական դաշնակիցների եւ միջազգային իրաւունքի գործող, ոչ ձեւական ինստիտուտների օժանդակութեամբ։
Խաղաղութեան եւ անվտանգութեան վերականգնումը այսօր մեր մեծագոյն խնդիրն է, որին հասնելու համար նախ պիտի լիարժէք պատկերացնենք, թէ ինչ է խաղաղութիւնը եւ ինչ է անվտանգութիւնը։
Անվտանգութիւնը մի ամբողջական համալիր է։ Երբ ասում էք «անվտանգութեան խնդիր», մի՛ պատկերացրէք միայն սահմանագծի անվտանգութիւնը։ Այո, դա մեր ֆիզիկական անվտանգութեան մասին է, որն առաջնային ու կարեւոր է, բայց կայ նաեւ հոգեւոր անվտանգութիւն, պարենային, մշակութային անվտանգութիւն։
Եթէ չկայ հոգեւոր անվտանգութիւնը, սահմանը ոչ ոք չի պահելու, որովհետեւ սահմանը մեր արժէքների հետ է կապւած։ Զուտ խրամատի համար մարդիկ կեանք չեն զոհում։ Սահմանին կանգնած զինւորն ու սահմանին ապրող գիւղացին խրամատ ու ցանկապատ չեն հսկում, այլ՝ մեր երկրի ամբողջականութիւնը՝ ֆիզիկական եւ հոգեւոր։ Սրա գիտակցումն է մարդուն պահում իր հողի վրայ, եւ ամենեւին ոչ փշալարը կամ միջազգային իրաւունքի անապահով խոստումները։
Այն, ինչը մեզ այսօր փորձում են պարտադրել, խաղաղութիւնը չէ։ Մեզ ուզում են պարտադրել ստորացում, ազգային արժանապատւութեան ուրացում եւ հայրենազրկում՝ առանց ոտքի կանգնելու հնարաւորութեան։ Խաղաղութիւնը չի կարող կառուցւել մարդկային ողբերգութիւնների, բռնի տեղահանութիւնների, հոգեւոր ժառագութեան ոչնչացման վրայ։ Այդպէս կառուցւում է միայն նոր ողբերգութիւնների տանող ճանապարհը։
Սրա այլընտրանքը իրական խաղաղութեան ճանապարհն է, որին մենք կարող ենք հասնել գրագէտ արտաքին քաղաքականութեան, դաշնակիցների հետ յարաբերութիւնների վերականգնման, կայուն արտաքին քաղաքականութեան, ճիշտ օրակարգով Ռուսաստանի, Արեւմուտքի, Իրանի եւ բոլորի հետ աշխատելու դէպքում (ամենամեծ սխալը օրակարգերի խառնաշփոթն է, որն ուրիշների մօտ սպասումներ եւ խորը կոնֆլիկտներ է առաջացնում)։
«Իրական եւ պատմական հայրենիքների» կեղծ օրակարգին ի պատասխան մենք պիտի առաջ տանենք իրական խաղաղութեան միակ օրակարգը, որը ներառում է անվտանգութեան միջոցառումների եւ ինստիտուտների համալիր, ամբողջական փաթեթ եւ մեր ներկայ իրողութիւնների ու հեռանկարի հանդէպ ազնիւ, բաց, բայց նաեւ արժանապատիւ հայեացք»,- գրել է նա: