Արման Աբովեան. «Ոչ թէ խաղաղութեան պայմանագիր է, այլ ՀՀ-ի մահւան վկայական»
«ԱԼԻՔ» – Ոչ թէ խաղաղութեան պայմանագիր է, այլ ՀՀ-ի մահւան վկայականը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում յայտարարել է քաղաքական մեկնաբան Արման Աբովեանը։
«Ցաւով եմ արձանագրում, բայց յաճախակի մենք օգտագործում ենք այն վերբալ որակաւորումները, որոնք անթոյլատրելի են։ Այսինքն՝ սա խաղաղութեան պայմանագիր չէ, ինչի շուրջ այսօր խօսւում է։ Ինչ ուզում էք անւանէք, բայց դա խաղաղութեան պայմանագիր չէ։ Ես, օրինակ, դա կոչում եմ ՀՀ մահւան վկայական, թէ ինչպէս պէտք է ՀՀ-ն ապամոնտաժւի»,- ասել է Արման Աբովեանը։
Քաղաքական վերլուծաբանի խօսքով՝ ՀՀ ներկայիս իշխանութիւնների գլխաւոր նպատակը իշխանութեան մնալն է։
«Ինչ վերաբերում է Սիւնիքով Հայաստանի վերահսկողութիւնից դուրս ճանապարհ կամ ուղի ձեւաւորելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկութեանը, ապա այստեղ պարադոքսալ իրավիճակ է։ Ես հաւատացնում եմ՝ ՀՀ իշխանութիւններն այս պարագայում ոչ մի բան չեն որոշում շատ շուտւանից, քանի որ որոշելու իրենց իրաւունքն իրենք փոխանակել են արտաքին աջակցութեան դիմաց։ Այսինքն՝ ասել են, դուք ձեր մէջ որոշէք, թէ ինչ էք անում, կարեւորը մեզ սատարէք, մենք մնանք իշխանութեան։ Սա լոկ մերկապարանոց յայտարարութիւն չէ, սա իրականութիւն է»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նա անդրադարձել է նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին։
«Ե՞րբ էք վերջին անգամ լսել ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնն այն մասին, որ, օրինակ, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ն անընդունելի է Հայաստանի համար։ Ոչ մի անգամ նման յայտարարութիւն չի եղել։ Դա միակ սուվերեն որոշումն է այս իշխանութիւնների՝ Սիւնիքով կոմունիկացիաների ապաշրջափակման մասով»,- արձանագրել է Արման Աբովեանը։
Ինչ վերաբերում է Ալիեւի յոխորտանքներին, քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ դրա յետեւում կանգնած են Իսրայէլը, Թուրքիան ու Արեւմուտքը։
«Բաքուն երբեք չի խօսում միայն իր անունից։ Ինքն, ըստ էութեան, շատ լաւ առաջ է տանում թէ իսրայէլական, թէ արեւմտեան շահերը, որոնք խաչւում են Թուրքիայի շահերի հետ։ Ալիեւի բոլոր յոխորտանքներն ուղղակի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ որոշումն է, որը բխում է Արեւմուտքի հիմնական նպատակից»,- եզրափակել է Արման Աբովեանը։