Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դա բոլորիս պատւի խնդիրն է, առաւել եւս՝ ձեր

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի ուղերձը Բաքւի բանտից.

Իշխանեանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ հրաւիրելով Ադրբեջան՝ իրենց հետ հանդիպման։

Ադրբեջանական մամուլից տեղեկացայ, որ Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպան, տիկին Սաբինա Ալիեւան, օրեր առաջ անդրադարձ է ունեցել Ադրբեջանում գտնւող հայ կալանաւորներին, այսինքն՝ մեզ, եւ ներկայացրել, որ ամէն ինչ օրէնքի, մարդու իրաւունքների եւ միջազգային նորմերի շրջանակում է, եւ որ ինքը կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունենում մեզ հետ, ու որեւէ խնդիրներ չունենք։

Մարդու իրաւունքների նորմերի պահպանման տեսանկիւնից, ըստ Սաբինա խանումի, ամէն ինչ նորմալ է։

Այո՛, ես հաստատում եմ, որ երեք տարւայ մէջ նա երեք անգամ հանդիպել է մեզ հետ։ Վերջին անգամ՝ այս տարւայ մայիսի 5-ին։ Չորս ամիս առաջ իր ասած այդ կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկութիւններ ենք տւել նրան մեր իրաւունքների, միջազգային իրաւունքի նորմերի խախտումների մասին՝ շատ բաց ու յստակ, ինչպէս մեր իրաւունքներին առնչւող, այնպէս էլ այդ խնդիրների հետ կապւած։ Ակնկալել ենք իր միջնորդութիւնն ու աջակցութիւնը։

Մենք երախտամոռ չենք եւ, առիթն օգտագործելով, մէկ անգամ եւս հրապարակաւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել տիկին Սաբինային՝ իր նրբանկատութեան եւ մեզ ուղարկւած սուրճի, թէյի, քաղցրաւենիքի եւ գրքերի համար, բայց մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է։

Ստիպւած եմ մի քանի հարցեր բարձրաձայնել եւ ուղղել Սաբինա խանումին։ Վստահ եմ, որ նա հետեւում է մամուլին եւ կը տեղեկանայ իմ պատգամներին։

Մայիսի 5-ին՝ սոյն թւականի, մեր հետ հանդիպման ժամանակ գրաւոր դիմումով եւ բանաւոր խնդրել էինք տիկին օմբուդսմենին՝ Բաքւի ռազմական դատարանի փետրւարի 5-ի դատավճռի ադրբեջաներէն եւ հայերէն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու՝ կամ պաշտպանիս միջոցով, կամ ՀՀ իր գործընկերոջ միջոցով։

Նրան նաեւ տեղեկացրել էի, որ ոչ պաշտպանս եւ ոչ էլ որեւէ պաշտպան չունի այդ վճիռը։ Ի դէպ, մինչեւ հիմա էլ չունեն։ Արգելք է դրւած։

«Հայերէն տարբերակի հետ գործ չունեմ, ադրբեջաներէն տարբերակը կը փորձեմ հասցնել». սա էր նրա խոստումը։

Չորս ամսից աւելի է անցել, եւ ոչինչ։ Ես եւ ընտանիքս սպասում ենք, տիկին Ալիեւա։

Իմ ընտանիքն ու հարազատներս իրաւունք ունե՞ն տեղեակ լինելու, թէ ինչ մեղադրականով են մեզ դատում եւ ինչ վճիռ է կայացւել։ Նոյնը՝ միւսների ընտանիքները։ Իրաւունքի կամ նորմերի խախտո՞ւմ է, թէ՞ ոչ։

Պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում։ Իրաւունքների խախտո՞ւմ է, թէ՞ ոչ։ Մենք էլ փորձում ենք մեր ձեռքի տակ եղածը փոխանցել, չեն թոյլատրում, ուղղակի խոչընդոտներ են ստեղծում։

Նոյն օրը՝ մայիսի 5-ին, տիկին օմբուդսմենին տեղեկացրի, որ փետրւարի 5-ի Բաքւի ռազմական դատարանի վճիռը որեւէ կայքէջում չի հրապարակւել։ Նա զարմացաւ եւ ինչ-որ բաներ գրեց ու… Ի՞նչ։

Նոյնպէս չորս ամիս է անցել ձեր խօսակցութիւնից, իսկ 7 ամիս՝ դատավճռի կայացումից։ Որտե՞ղ է այն հրապարակւել Ադրբեջանի դատական համակարգի՞, արդարադատութեա՞ն, կառավարութեա՞ն, ո՞ր գերատեսչութեան կայքէջերում։

Գուցէ դուք ձեր կայքում դա զետեղե՞լ էիք։ Չէ՞ որ մեզ մեղադրում են մարդկութեան դէմ գործած յանցանքների համար։ Համաշխարհային հանրութիւնն իրաւունք ունի տեղեակ լինելու՝ ում, ինչի համար եւ ինչպէս են դատում Ադրբեջանում։

Սա միջազգային նորմ է, թէ՞ ոչ։ Ես կասէի՝ մաքուր միջնադար է։

Եւս մէկ խնդիր։ 5-ին ես նրան տեղեկացրեցի, որ դեռեւս 2025 թւականի օգոստոսի 22-ից ոչ ես, ոչ իմ ընկերները չենք կարողանում լիազօրագիր տրամադրել մեր վստահւած անձին Հայաստանի Հանրապետութիւնում, որպէսզի նա մեր շահերը կարողանայ պաշտպանել Հայաստանի Հանրապետութիւնում եւ նրանից դուրս։

Եւ ի՞նչ։ Տիկին օմբուդսմենն այստեղ էլ զարմացաւ եւ գրառումներ կատարեց՝ քայլեր ձեռնարկելու համար։ Ախր մենք բացատրեցինք նրան, եւ նա լաւ գիտի, որ Ադրբեջանի պետական մարմինների արհեստական խոչընդոտներն են պատճառը։

Չորս ամիս է անցել, իսկ 2025 թւականի օգոստոսից՝ 13 ամիս։ Մէկ տարուց աւելի մի բան փոխւե՞լ է։ Սա մարդու եւ միջազգային իրաւունքի ոտնահարում է, թէ՞ ոչ։

Յաւելեալ տեղեկացնեմ տիկին օմբուդսմենին, որ Բաքւի վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 6-ի, 2026 թւականի դատական վճիռը 14 րոպէանոց դատական նիստի մասին է խօսքը, որին ներկայ էին նաեւ նրա գրասենեակի ներկայացուցիչները։

Մինչ այս պահը նոյնպէս չենք ստացել։ Չեն տալիս, եւ վերջ։

Գուցէ հիմա էլ են հայերէն թարգմանում ու թարգմանութեան պատճառաբանութեամբ ձգձգում դրա տրամադրումը, թէ քաղաքական եղանակն է ամպամած, թէ դա ձեր խնդիրը չէ։ Պէտք է ասի նա՝ պաշտպաններն են ձեր իրաւունքների հարցերով զբաղւում։

Դատական նիստից յետոյ ոչ պաշտպաններ ենք տեսել, ոչ էլ մեր հարցերին պատասխանող կայ։

Ի դէպ, ես ադրբեջաներէն տարբերակի վճիռն եմ ուզել, բայց ոչ մի արդիւնք։

Եւ նմանատիպ ոչ քիչ հարցեր՝ մեր իրաւունքներին, միջազգային նորմերին առնչւող։

Իսկ որքանո՞վ է հասանելի Ադրբեջանի ՄԻՊ-ը, կամ ինչպէ՞ս կարելի է թէժ գծով կապ հաստատել ՄԻՊ գրասենեակի հետ։ Լինի դա Բաքւի պետական անվտանգութեան ծառայութեան մեկուսարանում, կամ այստեղ՝ քրէակատարողական հիմնարկում։

Աւելի լաւ է այդ մասին չխօսեմ, կոռեկտ չէ։ Կարճ ասեմ՝ ոչ մի ձեւով։

Յարգարժան Սաբինա խանում, յոյս ունեմ՝ ձեզ մօտ ժամանակներս կը հիւրընկալենք մեր հիւրընկալ խցում։

Իսկ հիմա՝ մի քանի խօսք Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի եւ ՀՀ իշխանութեան պատկան մարմինների ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների յարգարժան պաշտպան, ես ձեզ մայիսի 6-ին հեռակայ կարգով դիմել էի մի քանի հարցերով՝ ունենալով որոշ ակնկալիքներ։ Զրօ արդիւնք։

Հարցերով չկրկնւեմ, բայց այն ժամանակ ես կասկածում էի ձեր պատասխանատւութեան եւ խիզախութեան վրայ։ Կարծես՝ չեմ սխալւել։

Ձեզ համար որեւէ խնդիր չէր որեւէ ձեւով ստանալու այդ դատավճիռը եւ մեղադրականը եւ ընտանիքիս փոխանցելու։ Միաժամանակ կը ծանօթանայիք բովանդակութեանը եւ կը տեղեկանայիք, թէ ինչ շինծու եւ կեղծ մեղադրանքներ ու ձեւակերպումներ են արւած մեր ժողովրդի ու մեր պետութեան հասցէին՝ պատւական խնդիրներ։

Չերկարացնեմ։ Ես ձեզ հիմա հրաւիրում եմ Ադրբեջանի Ումբակի քրէակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։

Կարծում եմ՝ ներկայ քաղաքական յարաբերութիւնների շրջանակներում դա լրիւ տեղաւորւում է, եւ որեւէ բարդութիւն չպէտք է լինի։

Գաք եւ ծանօթանաք խաղաղութեան դատավարութեան դատապարտեալներին։ Ադրբեջանի Հանրապետութեան ձեր գործընկերուհին էլ հաւանաբար ձեզ կուղեկցի, եւ դուք, ինչպէս ասում են, առաջին ձեռքից կը տեղեկանաք ամէն ինչի մասին։

Սպասում ենք։

Իսկ Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետեւեալն է։

Պահանջէք եւ ստացէք, ինչպէս ադրբեջանական մամուլն է ձեւակերպում, «ծագումով հայ՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների» մեղադրական ակտ ու եզրակացութիւն կոչւած փաստաթղթերը, դատավճիռները եւ ինքներդ քննարկէք՝ կա՞ն հայկական պետականութեանն ու պետութեանը, ինչպէս նաեւ հայ ժողովրդի իրաւունքներին ու պատւին անդրադարձող հարցեր։

Մենք, բնականաբար, այդ ամենին տւել ու տալիս ենք հիմնաւորւած, փաստարկւած, արժանի պատասխաններ եւ բացատրութիւններ։

Մի կասկածէք, այս դատավարութիւնը Ադրբեջանի դատական համակարգի համար վերածւել է կատարեալ ֆիասկոյի։

Դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ հարց է, թէ ինչպէս է դատական նիստին ներկայ գտնւող՝ կախեալ եւ գրաքննւող մամուլը այն ներկայացնում։

Ինչպէս ասում են՝ ձեան տակ գտնւող կեղտը մի օր բացւում է։

Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնւող 19 անձինք Հայաստանի Հանրապետութեան անձնագիր կրող անհատներ են։

Իմացած եղէք, որ դա մեր անհատական պատւի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատւի խնդիրն է։

Առաւել եւս՝ ձեր ժողովրդական լեզւով ասած՝ մի քիչ թասիբ ունեցէք եւ տէր կանգնէք։

Օրինակ վերցրէք օտարներից։

Related Articles

Back to top button