
«Արարատից Արարատ» կարգախօսով մեկնարկեց Իրանի 57-րդ Համահայկական մարզական խաղերը Թեհրանում:
57 տարիներ է ինչ իրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան իրականացւում են Համահայկական մարզական խաղերը, որոնք իւրայատուկ աշխուժութիւն են պարգեւում ոչ միայն համայնքների մարզական կեանքին, այլ նաեւ իրանահայ համայնքին:
Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ Համահայկական խաղերի 57-րդ շրջանը մեկնարկեց սեպտեմբերի 9-ին, երեկոյեան «Արարատ» մարզաւանում:
Տէրունական աղօթքով իրականացած բացման հանդիսութեան սկզբում կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակագարդի եւ նւագախմբի միջոցով մարզադաշտ փոխադրւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, կազմակերպութեան եւ Համահայկական խաղերը խորհրդանշող դրօշակները, որոնք ծածանւեցին Իրանի պետական եւ կազմակերպութեան հիմները հնչելով:
Տէրունական աղօթքը եւ հիմները հնչեցրին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը, դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի խմբավարութեամբ:
Հանդիսատեսին իր ճարտար հաղորդավարութեամբ էլ աւելի եռանդ էր փոխանցում Նոր Ջուղայից հրաւիրւած Մանիա Ղուկասեանը, ով ողջ ծրագրի ընթացքում հայերէնով եւ պարսկերէնով փոխանցում էր Համահայկական խաղերի ոգին: Բացման ծրագրի սկզբում տեղադրւած էկրաններով ցուցադրւեց կազմակերպութեան «Էդմոնդ Բզիկի» անւան ֆուտբոլի ակադեմիայի սաների աշխատանքները:
Համահայկական խաղերը իմաստաւորւում են մարզական խմբերի մասնակցութեամբ եւ շքերթով: Նշենք, որ այս տարւայ Համահայկական խաղերին մասնակցել են 350 մարզիկ-մարզկուհիներ, որոնք 9 օրերի ընթացքում մրցակցելու են տարբեր մարզաձեւերում: Խաղերին մասնակցել են՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութիւնը, Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, որի հիմնադրման 45-ամեակն է այս տարի եւ այդ առիթով հնչեց շնորհաւորանք, Հ. Մ. «Սիփան» միութիւնը, Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրը, Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութիւնը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի, Գեարդաբադ, Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերը եւ Հ.Մ.Ա.Կ.-ն:
Մարզիկների շքերթին յաջորդեց կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակների ցոյցը:
Ահա ծրագրի ընթացքում «Արարատից Արարատ» կարգախօսը իրականացնող լեռնագնացների խումբը ներկաների ծափողջոյնների ներքոյ մարզադաշտ մուտք գործեց: Օգոստոսի 23-ին, Արարատ լեռան ստորոտին վառւել է Համահայկական խաղերի ջահի կրակը:
Աշխատանքը կազմակերպւել էր Արարատի գագաթ բարձրացող 11 հոգանոց խմբի միջոցով, որոնք գագաթ բարձրացան օգոստոսի 21-ից 23-ի ընթացքին:
Խմբի անդամներն են՝ Արմինէ Չարիքը, Վաչիկ Մատթէոսեանը, Անի Ներսիսեանը, Տուշպա Շամիրեանը, Մեղրիկ Խուդավերդեանը, Սեւակ Աւագեանը, Արաբօ Ռանջբարը, Մինէ Մեսրոպեանը, Ամուր Զարգարեանը, Դալար Քեշիշեանը եւ Արա Ջահանեանը:
Լեռնագնացական աշխատանքի կազմակերպիչ՝ Մորթեզա Դեզֆուլի:
Ապա հանդիսատեսը դիտեց Արարատ լեռան լանջին 57-րդ Համահայկական խաղերի ջահի կրակի վառման մինչեւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում ջահի օրհնութեան արարողութեան տեսահոլովակը: Այս տարւայ ջահակիրն էր Իրանի աւտոմրցոյթների բազմակի չեմպիոն, Իրանում եւ միջազգային ոլորտում հանրայայտ Արամ Մարտիրոսեան Հաւթւանին իսկ ջահագարդն էր՝ Միշէլ Տէր Գէորգեանը եւ Բեռնարդ Էյւազին: Հետաքրքիր մտայղացմամբ ջահը աւտոների եւ մոտոցիկլետների ուղեկցութեամբ մարզադաշտ բերւեց եւ Արամ Մարտիրիսեանի ձեռամբ բոցավառւեց 57-րդ շրջանի խաղերը խորհրդանշող ջահը: Ջահի վառման արարողութեանը զուգորդեց հրավառութիւն:
Հանդիսութիւնը շարունակւեց երդման արարողութիւններով՝ մարզիկների երդումը ընթերցեց Արամէ Մինասեանը, ով ֆուտբոլը սկսել է «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի ակադեմիայից, ապա միացել Անդրանիկ Թէյմուրեանի ակադեմիային եւ այժմ անդամակցում է Հայաստանի մանկա-պատանեկան ֆուտոլի հաւաքականին եւ Թեհրանի Փերսպոլիս ակումբին:
Իսկ իրաւարարների երդումը ներկայացրեց Էւանջելին Սաֆարեանը՝ ով 6 տարի մաս է կազմել «Արարատ» կազմակերպութեան բասկետբոլի խմբին եւ իրաւարարական սերտիֆիկատը ստացել այս տարւայ ընթացքում:
Մարզադաշտից ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Իրանի Համահայկական խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ մշակութային եւ հասարակական միջոցառում, որը հիմնւած է իրանահայ համայնքի պատմութեան, ինքնութեան եւ համերաշխութեան վրայ: Ամենամեայ կարգով «Արարատ» մարզաւանում եւ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ իրականացւող Համահայկական խաղերը դարձել են երիտասարդութեան ոգեւորութեան, սոցիալական կապերի եւ ազգային արժէքները ցուցադրելու հարթակ՝ շնորհիւ կազմակերպիչների անխոնջ ջանքերի»: Պատգամաւորը ընդգծեց, որ այս մրցաշարի անցկացումը մեր երկրում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձութիւններից եւ պատերազմից յետոյ այլ իմաստ ունի։ Վերջին ամիսներին Իրանը դժւար օրեր է ապրել, օրեր, երբ խախտւել է ժողովրդի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը, եւ նահատակւել են երկրի բարձրաստիճան պաշտօնեաների մի բոյլ, նահատակւել են Իրանի պաշտպաններ եւ մեր սիրելի հայրենակիցներ, նահատակւել է Իրանի Իսլամական յեղափոխութեան սիրելի եւ իմաստուն առաջնորդ, Այաթօլլահ Սէյէդ Ալի Խամենէին։ Այս դառը իրադարձութիւնները, պատճառած բոլոր կորուստներով հանդերձ, յստակեցրին մէկ ճշմարտութիւն, որ դժւար օրերին Իրանի ամենամեծ յենարանը Իրանի ժողովուրդն է եւ նրա միասնութիւնը։ Այս միասնութիւնը չի սահմանափակւում ազգութեամբ, լեզւով, կրօնով կամ դաւանանքով եւ ի դէպ, դրա արժէքը ակնյայտ է դառնում, երբ հասարակութիւնը բախւում է ընդհանուր սպառնալիքի, եւ տարբերութիւնները զիջում են ընդհանուր ճակատագրի համար պատասխանատւութեան զգացմանը։
Ապա հրաւիրւեց իր խօքը փոխանցելու Իրանի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարար դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին: Իր ելոյթի ընթաքում նախարարը փոխանցելով Հանրապետութեան նախագահի ողջոյնները ընդգծեց, որ Հանրապետութեան նախագահի համոզմամբ բոլոր իրանցիները ինչ ազգից, կրօնից, սեռից էլ որ լինեն համահաւասար իրաւունքներ են վայելում: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան բարի համբաւին եւ նշեց, որ իրանահայերը Իրանի համար մեծ առիթ են, որը պէտք է արժեւորել: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ, Իրանում իրանահայութեան բազմադարեայ անցեալին եւ խորը արմատներին նշելով, որ Իրանի բազմադարեայ պատմութեան ընթացքում իրանահայերը միշտ յանուն Իրանի պայքարել են ընդդէմ թշնամիների եւ նւիրաբերել են նահատակներ: Նա ապա իր յարգանքի տուրքը մատուցեց բոլոր նահատակների եւ հայ նահատակների յիշատակին: Նախարարը նաեւ գնահատեց Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների ժրաջան աշխատանքը եւ գնահատելով Համահայկական խաղերի կազմակերպիչներին կարեւորեց համաիրանական մասշտաբի խաղերը եւ ընդգծեց, որ «Արարատ»-ը միշտ ներկայ է եւ ներկայ է լինելու Իրանի մարզական կեանքում: Նա աւելացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը Ձեր կողքին է Ձեր ցաւերի եւ ուրախութեան պահին:
Միջոցառմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Պատգամի մէջ նշւել էր. «Այս տարւայ կարգախօսը՝ «Արարատից Արարատ», իր մէջ կրում է շատ աւելի խոր իմաստ, քան մարզական մի միջոցառման նշանաբան լինելը։ Այն ճանապարհ է՝ մեր սրբազան Արարատից դէպի Թեհրանի Արարատ, հայրենի հողից դէպի Սփիւռքի կեանք, անցեալից դէպի ապագայ։ Արարատը մեզ համար միայն լեռ չէ։ Արարատը մեր ժողովրդի յիշողութիւնն է, մեր հաւատքի, մեր ինքնութեան ու մեր յարատեւութեան խորհրդանիշը։ Իսկ Թեհրանի «Արարատ»-ը այդ նոյն ոգու կենդանի արտայայտութիւնն է՝ մի վայր, որտեղ հայ երիտասարդը սովորում է ոչ միայն մրցել ու յաղթել, այլեւ ընկերանալ, յարգել, ծառայել եւ մնալ հաւատարիմ իր ազգային արմատներին»։ Պատգամի այլ բաժնում նշւած էր. «Մարզադաշտում ձեր մրցակիցը կարող է լինել ձեր կողքին կանգնած հայ երիտասարդը, սակայն խաղից դուրս նա ձեր եղբայրն է։ Թող ձեր մրցակցութիւնը լինի ազնիւ, ձեր յաղթանակը՝ արժանապատիւ, իսկ ձեր ընկերութիւնը՝ երկարատեւ»։
Հանդիսութեանը ներկաներին խօսք փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ Իրանի Համահայկական խաղերի այս տարւայ կարգախօսն է «Արարատից Արարատ», մեր մարզիկները Իրանի Դամաւանդ լեռան գագաթից մեկնեցին Արարատ լեռան գագաթ եւ իրենց ջահը վառեցին այնտեղ: Ահաւասիկ իւրաքանչիւր գագաթի նւաճումը մի սկիզբ է: Նա խօսքը ուղղելով մարզիկներին նրանց պատգամեց, որ պայքարունակ ոգու հետ միասին միշտ դրսեւորեն մարդկայինը, որը ամենակարեւոր հանգամանքն է: Հենրիկ Խալոյեանը ապա համապարփակ գծերով անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի աւելի քան 82-ամեայ պատմական տւեալներին, Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սանձազերծած 40-օրեայ պատերազմի ընթացքում «Արարատ» մարզաւանի կրած վնասներին, եւ ընդգծեց, որ ցաւօք մարզաւանի բարեկարգման հարցով մինչ այժմ պետական որեւէ նպաստ չի տրամադրւել:
Հենրիկ Խալոյեանը խօսքը ուղղելով պատասխանատուներին ընդգծեց. «Այսօր, այս ծանր օրերին առաւել քան երբեւէ յոյժ կարեւոր է Ձեր գործնական ու պատասխանատու հովանաւորութիւնը»: Նա վերջում իր քաջալերական խօսքերը փոխանցեց մասնակից մարզական խմբերին:
Հանդիսութեանը հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչները, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական հարցերով պատասխանատուներ, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային իշխանութիւններից ներկայացուցիչներ, Իրանի մարզական ֆեդերացիաների եւ իրանահայ համայնքի ազգային իշխանութեան ու մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչներ:
Ելոյթներից յետոյ աւարտւեց բացման հանդիսութեան պաշտօնական բաժինը եւ մարզիկները թողեցին դաշտը, որից յետոյ միջոցառմանը ելոյթով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը կատարելով իրանական եւ հայկական երգեր: Ծրագիրը շարունակւեց մարզական ներկայացումներով: Իրականացաւ ակրոբատիկ բասկետբոլի ցուցական ներկայացում, Հ.Մ.Ա.Կ.-ի Մինի բասկետբոլիստների միջոցով, Թայի Չիի ցուցական ելոյթ եւ Կարատէ-Քիօքոշին ցուցադրութիւն, որը ներկայացրեց «Ջալիլեան ակադեմիա»-ի Կարատէ-Քիօքոշին խումբը, մարզիչներ դոկտ. Քայչօ Ջալիլեան՝ սեւ գօտի 8 դան եւ Թեհրանի կարատէի կոմիտէի անդամ, սէնսէյ Ալֆրէդ Միրզախանեան՝ սեւ գօտի 4 դան եւ կարատէի համաշխարհային անդամակցութեան քարտ ունեցող եւ սէնսէյ Նարինէ Ղարիբեան՝ սեւ գօտի 2 դան:
Յատկանշական է, որ այս տարի մարզաւանում ցուցադրւել էին Իրանում մի շարք կլասիկ աւտոմեքենաներ, որի համադրութիւնները կատարել էր ջահակիր Արամ Մարտիրոսեանը:
Յիշեալ ելոյթներով աւարտւեց բացման հանդիսութիւնը, որից յետոյ 9 օրերի ընթացքում մարզիկները մրցակցելու են տարբեր մարզաձեւերում:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ







































