
Թաղամասի մի քանի բնակարաններ, այդ թւում հայերի, վնասւել են հզօր պայթիւնից․ բնակիչները պատմում են այն վայրկեանների մասին, որոնք բաժանել են առօրեան մահւան ու փրկութեան միջեւ։
Մաջիդիէ թաղամասի բնակիչները դեռ չեն կարողանում արթնանալ այն պահից, երբ ռումբն ընկել է նրանց փողոցում։ Պայթիւնը ոչ միայն փոշու ու բեկորների շերտով էր պատել շէնքերը, այլեւ աղմուկ էր բերել մարդկանց յիշողութեան մէջ։
Հայ ընտանիքների բնակարաններն այստեղ աւելի շատ են պատմում, քան որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն․ պատեր՝ խոցւած բեկորներով, ջարդւած ապակիներ, բայց նաեւ՝ կենդանի պատմութիւններ պարզ երջանկութիւն փրկած վայրկեանների մասին։
«Եթէ մեքենան աշխատէր, հիմա միգուցէ այստեղ չլինէինք» տուժած առաջին բնակարաններից մէկում ապրող տարեց ամուսինները պայթիւնի պահին տանը չեն եղել։ Նրանք դուրս էին եկել գնումների, երբ տուն վերադառնալիս մեքենան յանկարծակի խափանւել է։ Չնայած անսպասելի դադարեցմանը՝ որոշել են Սնափ կանչել:
«Երբ մտայ բակ, մի քանի րոպէ անց յանկարծ կայծակի պէս պայթիւն եղաւ։ Ամէն տեղ փոշի ու բեկորներ էին։ Յետոյ հասկացայ՝ ինչ է կատարւում մեզ հետ»,– պատմում է տղամարդը, որը միջին ծանրութեան վնասւածքներ է ստացել։ Բակի պատերին մինչեւ հիմա երեւում են բեկորների թողած խոր փոսերը։

Երիտասարդ մօր պատմութիւնը. «Միայն լսեցի երեխայի լացը»
Նոյն շէնքի երկրորդ յարկում ապրող երիտասարդ մայրն այդ պահին երեխային նոր էր կերակրել ու տարել լոգասենեակ։ Այնտեղ էր, երբ պայթիւնը ցնցեց ամբողջ շէնքը։
«Ամէն ինչ մթնեց։ Փոշի, ապակիներ, մի պահ մտածեցի՝ էլ շունչ չեմ քաշի։ Միայն լսեցի երեխայիս լացը, դա ինձ բերեց իրականութեան մէջ»,- պատմում է մայրը։ Նրա եւ փոքրիկի հետ պայթիւնից յետոյ աշխատել են բժիշկները՝ համոզւելով, որ չեն տուժել։

Հարեւանի պատմութիւնը՝ մութի մէջ «կանգնած» ժամանակկիսանկուղային յարկաբաժնում ապրող հարեւանը մի պահ բառացիօրէն շպրտւել է գետնին։ Պայթիւնը նրան քաշել է ապակիների հետ միասին յատակով առաջ։
«Զգում էի, որ սահում եմ։ Մի պահ կանգ առայ՝ դիպելով պատին։ Չգիտէի՝ անցել է մէկ րոպէ, թէ մէկ ժամ։ Ժամանակը կանգ էր առել։ Ամենուր մութ էր։ Իսկ պայթիւնի ձայնը նոյն ուժգնութեամբ պտտւում էր գլխումս ու դուրս գալու ճանապարհ չէր գտնում»,- պատմում է նա։

Սուրճի բոյրը՝ փլատակների մէջ Մէկ այլ բնակչուհի պատմում է, որ հարեւանուհու մօտ սրճելիս է եղել, երբ որոտացել է պայթիւնը։
«Մի վայրկեան առաջ՝ շաքար ու ծիծաղ, յաջորդ պահին՝ ամէն կողմ ապակի ու փոշի»,- ասում է նա՝ ցոյց տալով տան պատերին խրւած ապակիների բեկորները։

Պահակը, որը փրկւեց մետաղեայ պատերից
ԻԱՄՄ-ի պահակը պատմում է, որ պայթիւնը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքը նոր էր բակից ներս մտել իր կացարանը։ Մետաղական կառոյցը նրան բառացիօրէն փրկել է, սակայն դուրս գալու համար անհրաժեշտ է եղել կտրել դռան վրայ խրւած մետաղի կտորները։

Հայր Սուրբի յիշողութիւնը Սիրիայից Աղէտի վայր այցելած Հայր Սուրբը պատմում է եւս մի դէպք՝ իր անցեալի փորձից Սիրիայում։ Նրա ճակատին մնացած փոքր սպին վկայում է անցեալի պատերազմի մասին։
«Այնտեղ էլ նման ձայներ էին՝ երկաթի, կրակի ու աղօթքի խառնուրդ։ Այս հետքը թողել է բեկորը, որը գրեթէ դիպաւ ճակատս։ Երբեմն այն ինձ յիշեցնում է, որ Աստծոյ ձեռքը միշտ կողքիդ է»,- ասում է Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։

Վերականգնումն ու սպասումը խաղաղութեանԱյսօր Մաջիդիէի բնակիչները փորձում են վերականգնել իրենց տներն ու կոտրւած առօրեան։ Վնասների չափումը շարունակւում են ճշտել, իսկ ամենուր դեռ լսելի է միեւնոյն խօսքերը. «Կարեւորը՝ կենդանի ենք մնացել»։

Նիւթը եւ լուսանկարները` ՀԱՏԻՍԻ



