ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՐԱՐԱՏ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԵՐՏՈՂ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ, ՆԿԱՐԱԳԻՐ ՁԵՒԱՒՈՐՈՂ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի առիթով
80 տարի առաջ, երբ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիրները երկնում էին «Արարատ»-ը, երեւի թէ չէին պատկերացնում, որ իրենց հոգեզաւակն ընդամէնը կարճ ժամանակ անց կը դառնայ իրանահայ իրականութեան ամենամեծ ու ազդեցիկ մարզա-մշակութային կազմակերպութիւնը, որին առանցքային դեր կը վերապահւի մեր համայնքի ազգային-հասարակական կեանքի բոլոր ասպարէզներում:
«Արարատ»-ը, սակայն, շատ արագ, ընդամէնը հաշւած տարիների ընթացքում նւաճեց այդ դիրքը՝ դառնալով մեր համայնքի ազգային-հասարակական կեանքը լուսաւորող փարոսը:
«Արարատ»-ի կտրած ու անցած ուղին երբեք հարթ ընթացք չունեցաւ: Ընդհակառակը՝ «Արարատ»-ը ստիպւած եղաւ յաղթահարել քաղաքական, հասարակական եւ տնտեսական ամենաանհաւանական թւացող խոչընդոտներն ու մարտահրաւէրները, որոնցից միայն մէկը երեւի, թէ բաւարար էր ցանկացած հաւաքականութեան ընթացքն ու ապագան կասեցնելու համար: Այդ դժւարութիւնները, տարաբնոյթ մարտահրաւէրներն ու անյաղթահարելի թւացող խոչընդոտները, սակայն, փորձառութիւն ներշնչեցին «Արարատ»-ին: Փորձառութիւն, տոկունութիւն եւ յաւելեալ իմաստութիւն, որոնք էլ կռեցին ու կոփեցին «Արարատ»-ի նկարագիրը՝ օժտելով նրան կամքի այնպիսի ամրութեամբ, ինչը դարձաւ նրա խոյանքի երաշխիքը 8 տասնամեակների ընթացքում:
Եւ այս 8 տասնամեակների ընթացքում «Արարատ»-ը երբեք չշեղւեց իր ուղուց, գործեց անկոտրում կամքով, գործեց խորը հաւատքով՝ յանուն իրանահայ իրարայաջորդ սերունդների հայապահպանման եւ ազգային ոգով դաստիարակելու սեպուհ նպատակի իրագործմանը, նրանց դաստիարակելով ապագայի վեհ տեսլականով, տեսլական, որն իր մէջ խտացրել ու մարմնաւորում էր աշխարհասփիւռ հայութեան ամենամեծ իղձն ու փափագը՝ ՄԻԱՑԵԱԼ, ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Այլ կերպ էլ լինել չէր կարող, որովհետեւ «Արարատ»-ի հիմքում ի սկզբանէ ընկած էր ազգային-գաղափարախօսութեան, արժէքային ու բարոյական բիւրեղացած այնպիսի համակարգ, որը «Արարատ»-ի նկարագրի, էութեան եւ առաքելութեան պահպանման երաշխիքն է: Գաղափարներ եւ արժէքներ, որոնք ուղեկցել են «Արարատ»-ին 8 տասնամեակների երկար ու ձիգ տարիների ընթացքում, եւ ուղեկցելու են նրան, քանի դեռ կայ իրանահայ համայնքը, քանի դեռ կայ «Արարատ»-ի ծառայութեան անհրաժեշտութիւնը:
Այսօր «Արարատ»-ի 80-ամեայ յոբելեանի տօնակատարութեան պահն է:
Պահն է յիշելու եւ խոնարհւելու յիշատակի դիմաց բոլոր նրանց, ում անմնացորդ ջանքերի եւ նւիրումի ծնունդն էր «Արարատ»-ը:
Պահն է յիշելու եւ խոնարհւելու յիշատակի դիմաց բոլոր այն արարատականների, որոնք եկան ու անցան «Արարատ»-ի բովով, իրենց հետքն ու կնիքը թողնելով իրանահայութեան ազգային-հասարակական կեանքի տարբեր ասպարէզներում:
Պահն է եւս մէկ անգամ վերանորոգելու «Արարատ»-ի նոր սերունդի ուխտը այն գաղափարների եւ արժէքների հետ, որոնք պահ են տրւած իրենց արդէն հող ու յիշողութիւն դարձած նւիրեալների կողմից:
80 տարի առաջ պարզած դրօշը վայր դնելու, գծւած ճամբից շեղւելու, ընկրկելու, ընկճւելու եւ յուսախաբւելու իրաւունք չունի որեւէ արարատական այսօր: Քանի, որ «Արարատ»-ը պատմութիւն է, որը պատմութիւն է կերտում, «Արարատ»-ը նկարագիր է, որը նկարագիր է ձեւաւորում, «Արարատ»-ը էութիւն եւ ինքնութիւն է, որն էութիւն եւ ինքնութիւն է պարգեւում: Քանի, որ «Արարատ»-ը դեռ անելիք ունի, դեռ ճամբայ ունի անցնելու, դեռ գագաթ ունի նւաճելու. լուսապսակ ու ձիւնաճերմակ մի գագաթ…ԱՐԱՐԱՏ:
Երթդ անխափան «Արարա՛տ»: