ԹեհրանՀամայնք

Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լուսաբանական հանդիպում՝ 12-օրեայ պատերազմի օրերին կատարւած աշխատանքների վերաբերեալ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ երէկ՝ երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում, մասնակցութեամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետներ՝ Սուրիկ Աբնուսեանի եւ Սեւակ Հաթամեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ խորհրդի դիւանի ու անդամների կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում, որի ընթացքում, խորհրդարանի պատգամաւորը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները ներկայացրեցին 12-օրեայ պատերազմի ընթացքում ազգային իշխանութեան կատրած աշխատանքները:

Հանդիպմանը ներկայ էին՝ Պժ-ի պատգամաւորներ, ազգային մարմինների, կառոյցների, միութիւնների վարչութիւնների նախագահները, հայոց դպրոցների տեսուչ-փոխտեսուչները, Ծնողական խորհուրդների նախագահները եւ ներկայացուցիչները, եւ Եկեղեցական խորհուրդների նախագահները:

Հանդիպման սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը համապարփակ գծերով ներկայացրեց պատերազմի օրերին ազգային իշխանութեան կողմից իրականացրած աշխատանքները, եւ նշեց, որ հանդիպման նպատակն է համախորհուրդ քայլեր ձեռնարկել որեւէ արտակարգ իրավիճակներում ազգային իշխանութեան հնարաւորութիւնների սահմաններում աւելի սահուն աշխատանքներ իրականացնելու համար:

Նա նշեց, որ պատերազի առաջին իսկ օրւանից Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով մանրամասն հետեւել է հարցերին, եւ ընդգծեց որ Սրբազան Հայրը նաեւ կարգադրել էր տարբեր եկեղեցիների քահանայ հայրերին վերահասութիւն տալու իրենց շրջանի հայրենակիցների խնդիրներին:

Վարուժ Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ կեանքի կոչւեց հինգ հոգանոց շտաբ՝ աշխատանքները համակարգելու համար: Շտաբը յայտարարել էր թէժ գիծ, կապ էր հաստասւել հայ բժիշկների հետ, նաեւ հայ բժիշկները իրենք կապ հաստատելով ազգային իշխանութեան հետ պատրաստակամութիւն էին յայտնել համագործակցութեան համար: Կենաքի էր կոչւել տեղեկատւական շտաբ, որի աշխատանքները իրականացնում էր «ԱԼԻՔ» օրաթերթը, որի գլխաւոր խմբագիրը ամենօրեայ տեսահոլովակներով համայնքին իրազեկ էր պահում տեղի ունեցող հարցերի մասին: Շինարարական մարմնի անդամներն էլ պատերազմի օրերին այցելել են Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին նախատեսւած մի քանի ապաստարաններ եւ նպատակայարմար մի քանի դպրոցներ, որպէսզի դրանք օգտագործւեն անհրաժեշտութեան դէպքում: Կապ է հաստատւել Կարմիր Մահիկ կազմակերպութեան հետ, նաեւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը իր պատրաստակամութիւնն էր յայտնել շուրջօրեայ սպասարկման համար: Ազգային իշխանութիւնը Արաքում, Ռաշտում, Գորգանում, Ղազւինում տեղի գործխորհուրդների հետ համադրութիւններ էր կատարել, որպէսզի ազգապատկան կենտրոնները յարմարեցւեն եւ տրամադրւեն ցանկացող ընտանիքներին:

Թեմական խորհրդի ատենապետը կարեւորութեամբ ընդգծեց, որ թէեւ պատերազմից առաջ խորհրդարանի պատգամաւորները եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ մեկնել էին Անթիլիաս, մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգային ժողովին, սակայն պատերազմը սկսւելուց անմիջապէս յետոյ, պատգամաւորները վերադարձան եւ Արա Շահվրեդրեանը անմիջապէս լծւեց աշխատաքնի, պետական մարմինների հետ անհրաժեշտ համադրութիւնները կատարելու համար: Նա ընդգծեց, որ պատգամաւորը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները այցելել են ռմբակոծութիւնից տուժած «ԱԼԻՔ» օրաթերթ, «Արարատ» մարզաւան, Ս. Մինաս եկեղեցի եւ տուժած հայ ընտանիքին: Վարուժ Յովհաննիսեանը գնահատանքով անդրադարձաւ այս ընթացքում ԿՕՄ-ի աշխատանքներին:

Հանդիպմանը ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը գնահատելով մասնակիցների ներկայութիւնը՝ կարեւորութեամբ անդրադարձաւ 12-օրեայ պատերազմի օրերին Իրանի եւ, ի մասնաւորի իրանահայութեան միասնականութեանը: Նա կարեւորութեամբ ընդգծեց, որ արտակարգ իրավիճակներում յոյժ կարեւոր է իրազեկ լինել մէկը միւսի մասին, ունենալ անհրաժեշտ հեռախօսահամարներ, լինել զգօն, պատրաստ, խուճապի չմատնւել, որպէսզի հնարաւոր լինի լաւագոյնս կողմնորոշւել: Նա կարեւորեց նաեւ ազգային արխիւների ու գոյքերի հաւաքագրման ու ապահովման անհրաժեշտութիւնը, էլ աւելի կազմակերպւած լինելը, ասեկոսէներին չտրւելը, համախմբւելը, որպէսզի հնարաւոր լինի արտակարգ որեւէ իրավիճակում լաւագոյնս դիմագրաւել դժւարութիւններին:

Հանդիպման ընթացքում պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով մաս է կազմում Իսլամական խորհրդարանում կեանքի կոչւած արտակարգ իրավիճակների 36 հոգանոց կազմին, համապարփակ գծերով անդրադարձաւ պետական շրջանակների, այդ թւում՝ Կարմիր Մահիկի եւ Արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի հետ կատարած համադրութիւններին: Պատգմաւորը ընդգծեց, որ վերահասութիւն է տրւում եւ տրւելու է տուժած հայ ընտանիքին եւ վնասւած կենտրոններին:

Նա գնահատանքով անդրադարձաւ ազգային իշխանութեան, բոլոր կառոյցների, մարմինների, ու Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին կից յարակից քաղաքների գործխորհուրդների, գործողութիւններին, որոնք անյապաղ քայլեր ձեռնարկեցին:

Նայ յոյս յայտնեց, որ բոլոր խնդիրները լաւագոյնս կը կարգաւորւեն եւ բոլորը կը վերադառնան բնականոն կեանքին:

Հանդիպմանը արտայայտւեց Թ. Հ. Թ. ՊԺ-ի ատենապետ Սեւակ Հաթամեանը, կարեւորութեամբ անդրադառնալով այն հանգամանքին որ անհերաժեշտ է հայահոծ տարբեր քաղաքամասերում կեանքի կոչւեն արտակարգ իրավիճակների շտաբ, եւ կենտրոններում ամբարւեն անհրաժեշտ պարագաները, քանզի ոչ միայն պատերազմի պահին է պէտք զգօն լինել, այլեւ անհրաժեշտ է զգօն լինել նաեւ բնական աղէտների ժամանակ:

Վերջում ներկաներին առիթ տրւեց, ներկայացնելու իրենց առաջարկութիւններն ու դիտարկումները:

Related Articles

Back to top button