ԻրանՔաղաքական

Փեզեշքիանը ամերիկացի լրագրողի հետ հարցազրոյցում. «Իրանը ո՛չ պատերազմի սկսողն էր, ո՛չ էլ ձգտել է միջուկային զէնք ստեղծել»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ հարցազրոյցում ընդգծել է, որ Իրանը պատերազմն սկսող կողմը չէ, եւ միջուկային զէնք ձեռք բերելու ծրագրեր չունի։

«Մենք պատերազմի սկսող կողմը չենք եղել, եւ չենք ցանկանայ, որ այն շարունակւի։ Պատասխանատու այս պաշտօնն ստանձնելու օրւանից իմ կարգախօսն է եղել ստեղծել ներքին միասնութիւն եւ համերաշխ ապրել հարեւանների եւ աշխարհի հետ»,- Fox News-ի «Թաքեր Կարլսոնն այս երեկոյ» հեռուստաշոուի հեղինակի հետ զրոյցում նշել է նախագահ Փեզեշքիանը։

Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի վարչապետի կողմից Իրանի դէմ իրականացւող հակաքարոզչութեանը՝ Փեզեշքիանն ընդգծել է. «Նեթանիահուն տարիներ շարունակ փորձել է պնդել, որ Իրանը ձգտում է միջուկային զէնք ստեղծել, իսկ ԱՄՆ-ի նախագահները նոյնպէս երկրորդել են նրա մտքերը։ Մինչդեռ Իսլամական Հանրապետութիւնը ոչ միայն չի ձգտել այդ զէնքին, այլեւ դրանց ստեղծումն արգելւած է համարում Գերագոյն առաջնորդի կողմից հրապարակւած ֆեթւայով։ Այս դիրքորոշումը կարեւորւել եւ ստուգումների ընթացքում հաստատւել է նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կողմից»։

Կարլսոնի հետ հարցազրոյցի մէկ այլ հատւածում Փեզեշքիանը քննադատել է ԱՄՆ-ի վարքագիծը միջուկային բանակցութիւնների գործընթացում՝ ասելով. «Մենք բանակցութիւնների սեղանի շուրջ էինք եւ խօսում էինք խաղաղութեան մասին։ Մեզ նոյնիսկ ասել էին, որ Իսրայէլը գործողութիւններ չի իրականացնի առանց ԱՄՆ-ի հետ համակարգման գնալու։ Սակայն վեցերորդ հանդիպման նախօրէին տեղի ունեցած ռազմական գործողութեամբ, ԱՄՆ-ն գործնականում ռումբ նետեց բանակցութիւնների սեղանի վրայ եւ ոչնչացրեց դիւանագիտութիւնը»։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը միշտ պատրաստ է եղել խնդիրները լուծել բանակցութիւնների սեղանի շուրջ, նոյնիսկ եթէ դրանք միջուկային ծրագրերին են ուղղւած եղել:

Նախագահը նաեւ յիշեցրել է իր դէմ իրականացւած մահափորձի մասին, ինչն իրականացւել է Իսրայէլի կողմից եւ ձախողւել է:

Նրա խօսքով՝ մահափորձը կատարւել է 12-օրեայ պատերազմի ընթացքում։ Նա ընդգծել է նաեւ, որ Միացեալ Նահանգները դրա հետ կապ չունի եւ որ մահափորձի հետեւում կանգնած է սիոնիստական ռեժիմը:

Յատկանշական է, որ միջազգային ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում նաեւ ինքը՝ հեռուստամեկնաբան Թաքեր Կարլսոնն է եղել:

«The New York Times»-ի համաձայն՝ նա առաջին արեւմտեան լրագրողն էր, որը հարցազրոյցի առիթ ստացաւ եւ հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ 2022 թւականի փետրւարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից յետոյ։

Այժմ նա կրկին ուշադրութեան կենտրոնում է՝ Իրան-Իսրայէլ պատերազմից յետոյ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ իր հարցազրոյցով։

Related Articles

Back to top button