Լեմկինի ինստիտուտ. «Իրաւական մեխանիզմներն օգտագործւում են ոչ թէ օրէնքը պահպանելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարութիւնը խաթարելու համար»

«ԱԼԻՔ» – Լեմկինի անւան ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգութիւն է յայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական շարունակական ճնշումների վերաբերեալ, ներառեալ` հոգեւորականների ձերբակալութիւններն ու ահաբեկումները, եկեղեցական հաստատութիւնների թիրախաւորումը եւ պետութեան կողմից իրաւական համակարգի աճող օգտագործումը կրօնական ղեկավարութեանը լռեցնելու համար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է ինստիտուտի կայքում:
«Այս զարգացումները վտանգաւոր մարտահրաւէր են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին, ինչպէս նաեւ ոտնձգութիւն են հայկական ինքնութեան հիմնական ինստիտուտների նկատմամբ: Դրանք ցաւալի օրինակ են այն բանի, թէ ինչպէս կարող են ցեղասպանական գործընթացները ներքինանալ սպառնալիքի ժամանակաշրջաններում:
Ընտրովի հետապնդումների, սահմանափակ թափանցիկութեան եւ կրօնական գործերում պետութեան ուղիղ միջամտութեան համադրութիւնը լուրջ մտահոգութիւններ է առաջացնում, որ իրաւական մեխանիզմներն օգտագործւում են ոչ թէ օրէնքը պահպանելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարութիւնը խաթարելու համար։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ ծառայել է որպէս հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ պատմական հիմք։ Չորրորդ դարից սկսած, երբ Հայաստանը դարձաւ առաջին ազգը, որն ընդունեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն, Եկեղեցին եղել է հայոց շարունակականութեան գլխաւոր պահապանը՝ պահպանելով լեզուն, մշակոյթը եւ յիշողութիւնը օտար տիրապետութեան դարաւոր ժամանակաշրջաններում։ Նրա գոյատեւումը գաղութացման, ցեղասպանութեան եւ աքսորի ժամանակաշրջաններում վաղուց խորհրդանշել է հայ ազգի տոկունութիւնը։
Հայաստանի ժողովրդավարութեան եւ ինքնիշխանութեան ուժը կայանում է ոչ թէ նրա բարոյական ինստիտուտների ճնշման, այլ դրանց պաշտպանութեան մէջ։ Ցեղասպանութիւն վերապրած ազգը չի կարող թոյլ տալ իրեն որեւէ ձեւով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»,- ասւած է յայտարարութեան մէջ։



