ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ինչու է ձգձգւում հարւածը

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը եւ իրանագտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իրենց հարթակներում առանձին գրառումներ են կատարել՝ մեկնաբանելով Իրանի՝ Իսրայէլի ուղղութեամբ հարւածի ձգձգումը:

«Իրանի հարւածի ձգձգումը կարող է կապւած լինել այդ գործողութեան մասշտաբայնութեան հետ»

«Տարբեր երկրների հետախուզական ծառայութիւնները, գրեթէ ամենօրեայ ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի՝ Իսրայէլի ուղղութեամբ մասշտաբային հարւածների մասին:

Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարւածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցութիւնների հետ, առաւել հաւանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործօն կայ:

Առաջին. ցանկացած գործողութեան արդիւնաւէտութեան հիմքում անկանխատեսելութեան գործօնն է. Իսրայէլի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց յետոյ անմիջապէս գործողութեան գնալը խիստ կանխատեսելի էր եւ դրան հակազդելն առաւել հեշտ կը լինէր:

Երկրորդ. Իրանի հարւածի ձգձգումը կարող է կապւած լինել այդ գործողութեան մասշտաբայնութեան հետ, որը մանրամասն պլանաւորւում է եւ կարող է ռեգիոնում չսահմանափակւել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածւել»,- գրել է Տիգրան Աբրահամեանը:

«Դեռեւս «սառը պատերազմը» ցոյց տւեց, թէ որքան արդիւնաւէտ կարող են լինել անկրակոց պատերազմները»

««Շտապելը սատանայի գործ է», – պնդում է իրանական ասացւածքը։ Սա այն բանաձեւումներից է, որը բնորոշում է նաեւ իրանական քաղաքական աշխարհայեացքն ու գործելաոճը։

Իրանի վրիժառական գործողութեան սպառնալիքը եւ սպասումն ինքնին հոգեբանօրէն հիւծող է, ինչի մասին արդէն խօսում են նաեւ Իսրայէլի ներսում։

Ժամանակակից պատերազմները այլեւս միայն խրամատներում չեն, այլ կրում են համատարած բնոյթ՝ ընդգրկելով թշնամուն թուլացնելու, խոցելու եւ չէզոքացնելու բոլոր հնարաւորութիւններն անխտիր բոլոր ոլորտներում, մինչդեռ մեզ թւում է, թէ պատերազմը միայն կրակելով է, եւ եթէ կրակոց չկայ, ապա խաղաղութիւն է։

Դեռեւս «սառը պատերազմը» ցոյց տւեց, թէ որքան արդիւնաւէտ կարող են լինել անկրակոց պատերազմները, մինչդեռ մենք մոռացել են, որ Հայաստանը նոյնպէս պատերազմի մէջ է՝ ընդ որում, Բաքւի բարբարոսսկան վարչախմբի կողմից մեր դէմ վարւող համատարած պատերազմի, որի նպատակը մէկն է՝ ոչնչացնել մեզ ոչ միայն ֆիզիկապէս, այլ, նաեւ, դարձնել անողնաշար եւ անդիմադրողունակ զանգւած։

Եթէ մենք չենք արձանագրում այս անհերքելի փաստը եւ չենք կառուցում մեր ազգային տեսլականը, դրանից բխող ծրագիրն ու այդ ծրագրի հիման վրայ արւող գործողութիւնները մշտական համատարած պատերազմին պատրաստ լինելու բնական եւ տրամաբանական ձգտմամբ, նոյնիսկ եթէ դա պահանջելու է պայմանականօրէն վատ ապրել մինչեւ թշնամուն ոչնչացնելը, ապա ոչ միայն լաւ չենք ապրելու, այլ՝ միգուցէ եւ հնարաւորութիւն չունենանք գոյութիւն քարշ տալու»,- գրել է Վարդան Ոսկանեանը:

Related Articles

Back to top button