Արման Ղուկասեան. «Եթէ Փաշինեանը հեռավար մասնակցեց ԵԱՏՄ նիստին, հարց կը ծագի՝ ինչու՞ նոյնը չարեց ԱՊՀ-ի դէպքում»
«ԱԼԻՔ» – Հայ-ռուսական յարաբերութիւնների մակարդակը շեշտակիօրէն նւազել է: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է «Յանուն սոցիալական արդարութեան» կուսակցութեան նախագահ, քաղաքագէտ Արման Ղուկասեանը:
Նա անդրադարձել է նաեւ օրւայ ամենաքննարկւող թեմային. այսօր Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Քովիդ թեստ է յանձնել, որի պատասխանը դրական է եղել, այդ իսկ պատճառով չի կարողացել մեկնել Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին:
«Եթէ նոյնիսկ հիւանդ է, դա ոչինիչ չի նշանակում: Այսօրւայ տեխնոլոգիաները թոյլ են տալիս, որ մարդը կարողանայ տեսակապի միջոցով անգամ մասնակցել որեւէ միջոցառման: Ելնելով այս իշխանութեան քաղաքական կուրսից ու տրամաբանութիւնից՝ Նիկոլ Փաշինեանի բոլոր քայլերը ցոյց են տալիս, որ այս իշխանութիւնը իր արտաքին քաղաքական վեկտորը փոխում է:
Վերջես իմացանք, որ Պուտինի ու Փաշինեանի հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չէր նախատեսւում: Այսինքն՝ հայ ռուսական յարաբերութիւներում ամէն ինչ այնքան լաւ է, որ ռուսական կողմը նոյնիսկ չի ուզում ինչ-որ հարցեր քննարկել: Սա ցուցիչ է, որ հայ-ռուսական յարաբերութիւնների մակարդակը մեղմ ասած շեշտակիօրէն նւազել է»,- նկատել է Արման Ղուկասեանը:
Նա նշել է, որ եթէ նոյնիկս Նիկոլ Փաշինեանը օնլայն մասնակցի ԵԱՏՄ նիստին, ապա հարց կառաջանայ՝ ինչո՞ւ այդպէս չվարւեց նաեւ ԱՊՀ նիստին:
«Այն քաղաքական խաղերը, որոնք Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը անգրագէտ ձեւով տանում են, Հայաստանի շահերից չի բխում: Այդ քաղաքականութիւնը միայն վատթարացնելու է մեր վիճակը:
Կարծում եմ, որ այնքան էլ կարեւոր հարց չէ՝ Փաշինեանը կը մասնակցի ԵԱՏՄ նիստին, թէ ոչ, որովհետեւ առհասարակ այս քաղաքական պրոցեսների շրջանակներում ու իրենց վարած քաղաքականութեան մէջ, օրինակ, տեսակամուրջի միջոցով կարող է մասնակցել, բայց եթէ մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակամուրջի միջոցով, ապա հարց կառաջանայ՝ ինչու նոյնկերպ չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասել է Արման Ղուկասեանը: