Վարդան Օսկանեան. «ՀՅԴ կառոյցները, տարիներ շարունակ, մեծ նպաստ են բերել Հայաստանին ու հայ ժողովրդին. ես վկաներից մէկն եմ»
«ԱԼԻՔ» – «Իմ պաշտօնավարման աւարտին մենք հայ ժողովրդին բաւական լաւ ժառանգութիւն էինք թողել յատկապէս Արցախի հարցում, որն այժմէական էր նոյնիսկ 2018 թւականին»: Այս մասին երէկ՝ մայիսի 25-ին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղութիւնների քննարկման եւ համադրման, ինչպէս նաեւ ըստ անհրաժեշտութեան մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բիւրոյի հրաւիրած Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացմանն իր ելոյթում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008 թթ.) Վարդան Օսկանեանը։
ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ներկայացուցիչներին նա համարել է դեսպաններ։ «Այս խորհրդաժողովն ինձ յիշեցրեց իմ նախարարութեան ժամանակը, երբ տարին մէկ անգամ բոլոր դեսպանները հաւաքւում էին Երեւանում՝ գնահատելու մեր արած աշխատանքը, վելուծելու իրավիճակը եւ ծրագրելու հետագայ անելիքները։ Բայց այդ յիշողութիւններն ու այսօրւայ իրավիճակը տարբերւում են ժամանակի բովանդակութեան առումով։ Այն ժամանակ գոյութիւն ունէր Արցախ՝ պետական կառոյցներով, ժողովրդի կողմից ընտրւած ղեկավարներով, Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը։ Մենք ունէինք իսկապէս դաշնակիցներ եւ բարեկամներ, որոնք օգնում էին մեզ, նպաստում մեր վարած քաղաքականութեան մէջ եւ նոյնիսկ մեր հակառակորդները յարգում էին Հայաստանի սահմաններն ու ինքնիշխանութիւնը։ Այսօր չկայ Արցախ, արցախահայութիւնը զրկւել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիւանագիտութիւնն անորոշութեան մէջ է, դաշնակցային յարաբերութիւնները փլուզւել են, բարեկամներն անտարբեր են։ Հայաստանի դիւանագիտութիւնը յայտնւել է մի ոլորանի մէջ, անողոք մի շրջափուլի մէջ, որից դուրս գալն այս իշխանութիւնների պարագայում անհնարին է»,- ասել է Վարդան Օսկանեանը։
Նրա խօսքով՝ մեծ անջրպետ կայ հայ ազգի շահերի ու Հայաստանի իշխանութիւների շահերի միջեւ։ Ըստ նրա՝ իշխանութեան նպատակը իր բերած արհաւիրքի խարանը ճակատից սրբելը, ուրիշներին մեղադրելը, աթոռն ու իշխանութիւնը պահելն է։ Նախկին արտգործնախարարի խօսքով՝ դա բարդացնում է արտերկրում աշխատանքը։
«Այսօր արցախահայութեան միջազգային երաշխիքներով իրենց տներ եւ հայրենիք վերադառնալու հարցը օրակարգային հարց դարձնելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանութիւններն են։ Հայաստանի իշխանութիւնների պատասխանն այն է, որ մենք այլընտրանք չունենք։ Հայաստանի իշխանութիւնները կա՛մ չգիտեն, կա՛մ ազնիւ ու անկեղծ չեն։ Հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն դիւանագիտական խաղաղ այլընտարնքային լուծումներ այն ամէնին, ինչը Հայաստանի իշխանութիւնները պարտադրաբար անում են։ Ուզում եմ վստահեցնել, որ հայ քաղաքական միտքը եւ առաւել եւս՝ արտաքին քաղաքական միտքը չի չորացել։ Կան այլընտրանքներ։ Առաջինը մենք պէտք է կարողանանք դուրս գալ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց։ Այս մտածողութիւնը հանել մեր մտքերից։ Մեր հիմական ուղենիշը, գործունէութիւնը պէտք է լինեն մեր ազգային շահերը։ Մենք պէտք է հասկանանք՝ ոնց ենք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծւած իրավիճակը»,- ասել է Վարդան Օսկանեանը։
«Անկախութեան առաջին օրւանից եւ շարունակւող տարիներին մեր պետութիւնը խարսխւել է հինգ կարեւոր յենասիւների վրայ՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, Հայ Առաքելական Եկեղեցի եւ Սփիւռք։ Այսօր այդ բոլոր 5 յենասիւները կա՛մ հիմնովին քանդւել են, կա՛մ էապէս թուլացել են։ Ոչնչացրել ենք Արցախը, փոշիացրել ենք բանակը, ամէն օր ոտնահարում ենք սահմանադրութիւնը, հալածում ենք Եկեղեցին եւ արհամարհում ու մասնատում Սփիւռքը։ Բոլորս միասին մեծ անելիք ունենք, որ վերականգնենք ու վերակառուցենք առաջիկայ տարիներին։ Բայց դա կը լինի միայն ազգային կառավարութեամբ, համախոհութմամբ, ներքին ներդաշնակութեամբ եւ հաւատով»,- եզրափակել է նախկին արտգործնախարար, արցախահայութեան հիմնարարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի նախագահ Վարդան Օսկանեանը։