Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Երկու դրւագ, որ խախտել են ազգային արժանապատւութեան հնարաւոր ամէն սահմանը»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը թելեգրամեան իր ալիքում գրել է.

«Անցնող 5 տարիներին երկու դրւագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցաւ են պատճառել, այլեւ խախտել են մարդկայնութեան ու ազգային արժանապատւութեան հնարաւոր ամէն սահմանը։

Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դէ-ֆակտօ կառավարիչ խմբաւորման հրամանով զոհւած զինւորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մէկ՝ յանուն կապիտուլեանտի։

Երկրորդը՝ Բաքւում գտնւող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։

Այս երկու դրւագները նոյնիսկ աւելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրաււած տեսնելը։

Ըստ այդմ ես հերթով յիշելու եմ եւ յիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։

Իսկ նրանք, ովքեր այս ամէնին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլեւ մարդ կոչւելու իրաւունք։ Ու պէտք է վաղ թէ ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխաւորը՝ հանրային պարսաւանքն է եւ դատապարտումը։

Յ. Գ. – Լուսանկարում Արցախի պաշտպանութեան բանակի անկոտրում մարտիկն է՝ Լեւոն Մնացականեանը Շուշիում։

Այ էսպէս եմ յիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղէրքին»։ Հաղորդում է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button