Գարեգին Բ կաթողիկոս. «Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կեանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսեւորումները»
«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդէս է եկել հայ ժողովրդին ուղղւած ուղերձով։
«Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի Սփիւռս,
Վերստին աղօթքով եւ խոնարհումով յիշատակում ենք Հայոց Ցեղասպանութեան մեր Սուրբ Նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հաւատքը, սէրն ու նւիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսութեան պսակն ընդունեցին։
Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնւում է գոյաբանական նոր սպառնալիքների եւ անվտանգային լրջագոյն հիմնախնդիրների յանդիման: Հայրենի Արցախում իրականացւած ցեղասպանական գործողութիւններից եւ Արցախի հայաթափումից յետոյ ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։
Սուրբ Նահատակների լոյս յիշատակի առջեւ մեր նւիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականութիւնը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականութեան զօրացմանը եւ որպէս սրբազան մասունք պահպանել մեր նախնեաց աւանդներն ու ժառանգութիւնը։
Մեր ժողովուրդը հզօր է իր հերոսական անցեալով, չարի ու չարիքի դէմ պայքարի վճռականութեամբ եւ նոյն ոգով պիտի հեռացնի իր կեանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսեւորումները, առկայ բարդ իրադրութիւնից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի եւ կերտի իր յաղթական ապագան։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նւիրական օրը միասիրտ աղօթքով հայցենք մեր Սուրբ Նահատակների բարեխօսութիւնը, որ յարուցեալ Քրիստոսի շնորհների եւ օրհնութեան ներքոյ խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, եւ մենք հաւատով ու յոյսով հաստատենք մեր ընթացքը ապահովութեան ու առաջընթացի շաւիղներում:
Թող Տիրոջ սէրն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն»,- ասւած է Վեհափառ Հայրապետի ուղերձում։
Գարեգին Բ-ն համախմբման եւ միասնականութեան կոչ արեց հայ ժողովրդին. «Համախմբւենք մեր ազգի գերագոյն արժէքների եւ իդէալների շուրջ, համախմբւենք Հայաստանի փրկութեան շուրջ, համախմբւենք համահայկական օրակարգի շուրջ: Մեզ միացնողը Հայաստանն է, Հայաստանի փրկութիւնն է: Մենք բարեկամներ չունենք, մեր բարեկամը մենք ենք, մեր միասնականութիւնն է, հզօրութիւնն է: Եկէք այս գիտակցութեամբ ու ամբողջական յանձնառութռամբ շրունակենք մեր պահանջատիրական պայքարը:
Հազար փառք մեր ժողովրդին»:
Արիութեանը վախկոտութիւն մի՛ խառնէք
Երէկ՝ Ապրիլի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը:
Յուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց եւ անմար կրակի առջեւ ծաղիկեր խոնարհելուց յետոյ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարւել է Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների բարեխօսական կարգ:
Արարողութեան աւարտից յետոյ, Վեհափառ Հայրապետը Ծիծեռնակաբերդի յուշահամլիրում կարճատեւ զրոյց է ունեցել լրագրողների հետ։
«Հայոց Ցեղասպանութեան մեր Սուրբ Նահատակների այս նւիրական սրբավայրից հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին: Սիրելինե՛ր, անվտանգային առկայ սպառնալիքների յանդիման՝ լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպէսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրն ու անխռով՝ ազգային մեր կեանքը: Մեր պատգամն ենք բերում իշխանութիւններին, ինչպէս Սուրբ Վարդան Մամիկոնեան քաջ զօրավարը պիտի ասէր՝ արիութեանը վախկոտութիւն մի՛ խառնէք, վախկոտութիւնը կորստաբեր է, մահ է սփռում, արիութիւնը ոգու զօրութիւն է՝ արդարութիւնն ու ճշմարտութիւնը պաշտպանելու համար: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստւած ապաւինութեամբ, հաւատքով ու յոյսով հզօր, աննկուն, չտկարանանք դժւարութիւնների առջեւ, մեր սուրբ նահատակների բարեխօսութեամբ Աստւած երկնային բարձունքներից յեղելու է մեր կեանքին խաղաղութեան ապահովութեան ու անվտանգութեան իր օրհնութիւնները: Աստւած միշտ օգնական ու պահապան է լինելու մեր ժողովրդին»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։