Քերմանից Երեւան. Իրանցի մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղութեան, Քերմանից Երեւան են ճամբորդել
«ԱԼԻՔ» – Իրանցի 6 մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղութեան, Քերմանից Երեւան են ճամբորդել։ Տեղեկացնում է News.am-ը:
Քերման նահանգի զբօսաշրջութեան եւ աւտոմոբիլային կենտրոնն օոգոստոսի 4-ին կազմակերպել էր բարեկամական այց դէպի Հայաստան՝ մոտոցիկլետային ռալլի տեսքով:
Հաշւի առնելով Քերման եւ Արմաւիր քաղաքների միջեւ 2022 թւականի սեպտեմբերին կնքւած քոյր քաղաքներ հռչակելու մասին ստորագրւած համաձայնագիրը, ծրագրի նպատակն է խթանել խաղաղութեանը եւ ներկայացնել երկու երկրների զբօսաշրջային գրաւչութիւնները: Մոտոցիկլետային ռալլի խումբն օգոստոսի 9-ին ժամանել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն:
Իրանցի մոտոցիկլավարներից մէկը լրագրողների հետ զրոյցում ասել է, որ Հայաստանի ներսում ճանապարհը շատ գեղեցիկ է, իրենց միակ խնդիրը կապւած է եղել ճանապարհների որակի հետ.
«Ես Հայաստանին ու հայ ժողովրդին շատ-շատ եմ սիրում, հինգ տարի Հայաստանում կարատէ եմ դասաւանդել եւ իմ առաջարկն է եղել, որ այս անգամւայ մեր տուրը կազմակերպենք դէպի Հայաստան։ Ինքս եղել եմ 82 երկրում, ճամբորդել եմ Եւրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, սակայն մեր բոլոր մոտոցիկլավարների համար Հայաստանն այլ նշանակութիւն ունի։ Քերմանից Հայաստան գալիս եւ Հայաստանի ներսում ճանապարհը շատ գեղեցիկ է, մեր միակ խնդիրը կապւած է եղել ճանապարհների որակի հետ։ Երեւան ենք հասել 4-5 օրում, այս ընթացքում կանգառ ենք ունեցել Սիւնիքի մարզում, ժողովուրդը մեզ լաւ է ընդունել, ջերմ ընդունելութեան ենք արժանացել»։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խօսքով՝ մոտոցիկլավարները 2300 կիլոմետր անցել են, որպէսզի բարեկամութեան, եղբայրութեան եւ խաղաղութեան ուղերձը փոխանցեն երկու ժողովուրդներին․ «Քոյր քաղաքներ կոչւելու հանգամանքը մի պատրւակ է եւ պատճառ, զուտ նպատակը բարեկամութեան եւ խաղաղութեան ուղերձը փոխանցելն է։ Եթէ հնարաւոր է մոտոցիկլետներով Թեհրանից Երեւան հասնել, դա նշանակում է, որ մենք շատ մօտ ենք միմեանց։ Մոտոցիկլետներով միայն ցամաքային ճանապարհով հնարաւոր է երթեւեկել, այլ ծովերից այն կողմ հնարաւոր չէ գնալ»։