Արաղչի. «Սա բանակցութիւնների ամենապրոֆեսիոնալ փուլն էր»
Հռոմում աւարտւել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների 5-րդ փուլը

«ԱԼԻՔ» – Մայիսի 23-ին, Հռոմում երեք ժամ տեւած խորհրդակցութիւններից յետոյ աւարտւել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների 5-րդ փուլը։
Բանակցութիւնների աւարտից յետոյ, որպէս միջնորդ հանդէս եկող Օմանի ԱԳ նախարար Բադր ալ Բուսաիդին յայտարարել է, որ կողմերը որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց են գրանցել բանակցութիւնների 5-րդ փուլի ընթացքում։
«Այսօր Հռոմում աւարտւեց Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների 5-րդ փուլը, որի ընթացքում որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց գրանցւեց: Յուսով ենք, որ առաջիկայ օրերին կը պարզաբանենք մնացած հարցերը, ինչը թոյլ կը տայ մեզ շարժւել դէպի կայուն եւ արժանապատիւ համաձայնութեան հասնելու մեր ընդհանուր նպատակը»,- գրել է Օմանի ԱԳ նախարարը X-ի իր էջում:
Բանակցութիւններից յետոյ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստւում են բանակցութիւնների նոր փուլին: Նա Հռոմում կայացած բանակցութիւնների 5-րդ փուլը բոլորից ամենապրոֆեսիոնալն է անւանել։
Անդրադառնալով բանակցութիւնների ընթացքին, Արաղչին նշել է, որ դրանք չափազանց բարդ են մի քանի կարճ հանդիպումներում աւարտելու համար. «Առաջիկայ հանդիպումներում մենք կընդունենք որոշումներ, որոնցով, գուցէ, կարողանանք առաջ շարժւել։ Մենք դեռ այդ փուլին չենք հասել»,- ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կրկին յստակեցրել է. «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկեան կողմն այժմ յստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման մասին:
Օմանի արտգործնախարարը առաջարկութիւններ է ներկայացրել բանակցութիւններում առկայ խոչընդոտները վերացնելու համար։ Յաջորդ փուլում կը քննարկւեն համապատասխան մայրաքաղաքների տեսակէտներն այս առաջարկութիւնների վերաբերեալ:
Մենք կուսումնասիրենք այս նոր լուծումներն ու առաջարկութիւնները, որոնք կարող են օգտակար լինել՝ պահպանելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքներն ու դիրքորոշումները»:
Միեւնոյն ժամանակ, Al Jazeera-ն վկայակոչելով ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեային՝ նշել է, որ բանակցութիւնների 5-րդ փուլը կառոցաղական է եղել:
«Թեհրանը եւ Վաշինգտոնը պայմանաւորւել են կրկին հանդիպել: Մենք շնորհակալութիւն ենք յայտնում Օմանի մեր գործընկերներին այս գործընթացի շարունակական դիւրացման համար»,- ասել է Al Jazeera-ի ամերիկացի աղբիւրը՝ յաւելելով, որ դեռեւս անելիքներ շատ կան:
Յատկանշական է, որ Հռոմ ուղեւորւելու նախօրէին Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ նշելով.
«Ուղեւորւում եմ Հռոմ՝ Միացեալ Նահանգների հետ անուղղակի բանակցութիւնների 5-րդ փուլի համար։
Համաձայնութեան ուղի գտնելը բարդ չէ.
Զրօ միջուկային զէնք = մենք ՈՒՆԵՆՔ համաձայնութիւն։
Զրօ հարստացում = մենք ՉՈՒՆԵՆՔ համաձայնութիւն։
Ժամանակն է որոշելու…»: