Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Չարիքը յանձնելու է Սիւնիքը որպէս միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթաւորումներով»

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար»-ի առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը նամակ է յղել ԱԱԾ շէնքում գտնւող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որում նա անդրադարձել է Սիւնիքին սպասւող ճակատագրին:

««In God We Trust… in process» Սա ամերիկեան դոլարի, այսինքն, փողի վրայ արձանագրւած նշանաբանն է՝ նշանաւոր «ոսկէ հորթի» պաշտամունքի նորաձեւ եւ նորակերպ արտայայտութիւնը։ Այսօր այս արտայայտութիւնը՝ ամերիկեան «մեսիանիզմի» եւ «ոսկէ հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից եւ շօշափելի կերպով մտել մեր կեանք։ Ես դեռեւս յունիս 16-ին նշել էի այն յաջորդական քայլերը, որով պայմանաւորւելու են հետագայ զարգացումները՝

Ա. Թուրքիայում հանդիպում եւ ապա

Բ. Հանդիպում, ստորագրութիւն կամ Աբու Դաբիում, կամ Վաշինգտոնում։

Վերջին հարցով «սխալւել» էի, որովհետեւ կա՛մ-կա՛մ-ի փոխարէն եղաւ ե՛ւ, ե՛ւ։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նոյնիսկ նշելով ժամանակահատւածը՝ յուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է եւ ներքաղաքական լայն զարգացումներ դժւար տեղի ունենան։ Սա ոչ թէ կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցւած տեղեկութիւն։ Անշուշտ, թերահաւատօրէն վերաբերւեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասւում է՝ չի ստորագրւել, այլ նախաստորագրւել է։

Հիմա էլ յստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ոչ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցնքն է եւ ոչ էլ նման այլ կարգաւորումներ։ Միջանցք կոչւածը Սիւնիքն է իր ամբողջութեամբ։ Չարիքը յանձնելու է Սիւնիքը որպէս միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթաւորումներով։ Այո՛, մի մոռացէք. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»։ Օգոստոսի 8-ի նախաստորագրումից յետոյ չարիքը յայտարարեց. «Սիւնիքը եղել է հայկական եւ մնալու է հայկական»։ Ինչ-որ դառն յիշողութիւն չի՞ արթնացնում… Ասեմ աւելին՝ սեղանին է Վերին Ոսկէպարի ամբողջ հատւածը, Ազատամուտ-Այգեհովիտ հայկական շրջակայքը, Տիգրանաշէնն էլ որպէս յաւելում, Սեւանի աւազանի արեւելեան հատւածը՝ ջուր օգտագործման համատեղ իրաւունքով։ Խաղաղութի՛ւն է։

Մնացած զարգացումներին կանդրադառնամ աւելի ուշ։ Աստծոյ խօսքին ունկնդիր. «…նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։ Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել, նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է եւ թշւառութիւն։ Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորւած են եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում» (Ես. 59։ 6-8)։ Անձնապէս ուրախ եմ, որ այս անպատւութեան գերադրական օրերին գտնւում եմ կալանավայրում սահմանափակւած, սակայն ցաւում եմ Հայրենիքիս եւ պետութեանս համար, որ այս պահին չեմ կարող որեւէ կերպ օգտակար լինել։ Այսուհանդերձ հաւատում եմ, որ «չես կոչւելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչւելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն» (Ես. 62։ 4-6) եւ Յաղթանակն այլընտրանք չունի»,- գրել է Սրբազանը:

Related Articles

Back to top button