Ալեքսանդր Ցինկեր. «Ալիեւի բացակայութիւնը ԱՊՀ գագաթնաժողովից ցուցադրական քայլ էր»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է, թէ ինչով էր պայմանաւորւած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բացակայութիւնն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։
«Իրավիճակը տարօրինակ է թւում։ Քանի որ լրատւամիջոցներում այն տեղեկութեան հրապարակումից մէկ օր առաջ, թէ նախագահ Ալիեւը չի մեկնելու Մոսկւա, ես կարդացել էի Պեսկովի նիւթը, որտեղ նա պատմում էր, որ Սանկտ Պետերբուրգում նախատեսւում է եռակողմ հանդիպում՝ Պուտին-Փաշինեան-Ալիեւ ձեւաչափով։ Ենթադրւում էր, որ նրանք ցանկանում են քննարկել Հարաւային Կովկասում ստեղծւած իրավիճակը եւ մի շարք այլ հարցեր։ Եւ բառացիօրէն յաջորդ օրը մենք տեղեկանում ենք, որ նախագահը փոխել է իր որոշումը եւ չի մեկնելու։ Այն բացատրութիւնները, թէ Ալիեւը զբաղւած է, տարւայ վերջ է, կան ինչ-որ միջոցառումներ, անկեղծ ասած, այնքան էլ լուրջ չեն թւում։ Քանի որ անհնար է, որ երեկոյեան նա չիմանար իր միջոցառումների մասին, իսկ առաւօտեան յանկարծ յիշէր, որ ինչ-որ բան է պլանաւորւած»,- ասել է Ցինկերը։
Փորձագէտի կարծիքով՝ վերջին շրջանում Ալիեւը ձգտում է, որպէսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման գործընթացում Ռուսաստանը չմասնակցի։
«Եթէ յիշենք այն իրավիճակը, որը ստեղծւել էր ադրբեջանական խոցւած ինքնաթիռի միջադէպից յետոյ, ապա ես չեմ կարծում, որ հէնց այս պահին դա է առանցքային գործօնը։ Այդ թեման աստիճանաբար անցնում է երկրորդ պլան, թէեւ հարցը, անշուշտ, ամբողջութեամբ փակւած չէ։ Ինձ թւում է, որ վերջին շրջանում Ալիեւը, նախեւառաջ, ձգտում է, որպէսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրներում չլինի որեւէ երրորդ կողմ, եւ տւեալ դէպքում՝ առաջին հերթին Ռուսաստանը։ Միակ մարդը, ում հետ նա, ըստ էութեան, չի կարող վիճել, ԱՄՆ նախագահ Թրամփն է, քանի որ հէնց Ամերիկայում է այդ ամէնը ստորագրւել։ Միւս կողմից՝ այն բանից յետոյ, երբ ամերիկացիները քայլ արեցին Ադրբեջանի ուղղութեամբ եւ չեղարկեցին որոշումը, որով արգելւում էր ԱՄՆ-Ադրբեջան որոշակի տեսակի զինատեսակների առեւտուրը, Ալիեւը փորձում է պահպանել լաւ յարաբերութիւններ Միացեալ Նահանգների հետ»,- նշել է Ցինկերը։
Քաղաքագէտի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարւելը ցուցադրական քայլ էր։
«Կարծում եմ՝ սա աւելի շուտ ցուցադրական ժեստ էր՝ ցոյց տալու, որ այդ հանդիպմանը նա անելիք չունի, ունի իր հարցերը, իր քաղաքականութիւնը եւ իր վարքագիծը։ Այո, Ադրբեջանը ձեւականօրէն մնում է ԱՊՀ կազմում, սակայն միաժամանակ ընդգծում է իր ինքնուրոյնութիւնը։ Ինչու է նա որոշել դա ցուցադրել հէնց հիմա՝ բաց հարց է»,- եզրափակել է Ցինկերը։



