Հայաստան - Արցախ

«Հրապարակ». «Բաքու գնալով՝ ՀՀ իշխանութիւնը կլեգիտիմացնի Ալիեւի շոուն»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ՀՀ իշխանութիւնը մտածում է՝ Բաքւում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրաւէրն ընդունել, թէ ոչ, Ալիեւը նոր պահանջներ է թելադրում Երեւանին: Եւ այս ֆոնին  Միջազգային Քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն աշխարհի հայերին ասում է՝ համախմբւէք ու արշաւ սկսէք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան 29-րդ համաժողովի դէմ։ Հեղինակաւոր իրաւաբանը կարծում է, որ համակարգւած ջանքերը COP- 29-ին մասնակցող լրագրողներին ու պատւիրակներին կը ստիպեն Ադրբեջանից ստանալ պատասխաններ հայ պատանդների եւ քաղբանտարկեալների վերաբերեալ։

«Դուք կարող էք ի ցոյց դնել նախագահ Իլհամ Ալիեւի յանցանքները, ով շարունակում է թիրախաւորել իր քաղաքացիներին Ադրբեջանում եւ իրագործել է վայրագութիւններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծաւոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքաւորելով որպէս առաջնորդ երկիր: Համաժողովն աննախադէպ հնարաւորութիւն է` լոյս սփռելու այս հրէշաւոր անիրաւութեան վրայ: Ու չնայած Ադրբեջանը բրենդաւորում է այս միջոցառումը որպէս «Կողմերի խաղաղութեան համաժողով», ձեզ վրայ է դրւած՝ բացայայտելու Ալիեւի ռեժիմի եւ նրա գործունէութեան մասին ճշմարտութիւնը»,- աշխարհի հայերին ասում է Օքամփօն: Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները եւս, դեռ ամիսներ առաջ, այս ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներ են սկսել, ինչի մասին նախօրէին հաղորդագրութիւն տարածեցին։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը վստահ է, որ ընդունելով Բաքւի հրաւէրը՝ Երեւանը կլեգիտիմացնի ադրբեջանական շոուն։ «Եթէ ՀՀ իշխանութիւնը պատրաստ լինէր ցանկացած գնով ստանձնել ՀՀ շահերի պաշտպանութիւնը, գուցէ հարկ լինէր դիտարկել Բաքու մեկնելու հնարաւորութիւնը, բայց այս  պարագայում գնալը կարող է լեգիտիմացնել այս ամբողջ ադրբեջանական շոուն, մանաւանդ որ հաւանականութիւնը, թէ հայկական պատւիրակութիւնը կը բարձրաձայնի հայ-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ խնդիրները, գրեթէ զրոյական է, ուստի գնալը կը նպաստի այդ շոուի կայացմանը»,- «Հրապարակ»-ին ասում է Գէորգ Ղուկասեանը։

Փաշինեանի կառավարութիւնը չի բացառում Բաքու մեկնելու հնարաւորութիւնը։ Օրերս կառավարութիւնից «Հրապարակ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել էին․ «Ձեր կողմից նշւած հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինեանը կանդրադառնայ արձակուրդից յետոյ՝ օգոստոսին կայանալիք ասուլիսում»։ Սա նշանակում է, որ հաւանական է Հայաստանի մասնակցութիւնն Ալիեւի համար այդքան կարեւոր համաժողովին, որը դառնալու է 44-օրեայ պատերազմի՝ Հայաստանի ու Արցախի համար աղէտալի հետեւանքների ու Արցախում էթնիկ զտման լեգիտիմացման իւրատեսակ հարթակ։

«2020 թ․ պատերազմից ու Արցախում իրականացւած ցեղասպանական էթնիկ զտումից յետոյ Ադրբեջանը միջազգային հանրութեան մօտ իր դէմքը փրկելու խնդիր ունի, եւ այդ գործին են լծւած նրա բոլոր դեսպանատները, փափուկ ուժի գործիքակազմ ենթադրող բոլոր կազմակերպութիւնները, վարձու լաբբիստական խմբերը՝ ամբողջ Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում։ Այս ամբողջի վրայ Ադրբեջանը հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ է ծախսում, եւ դրա ամենամեծ հնարաւորութիւնն ու միջոցառումը, ըստ էութեան, լինելու է COP-29-ը, որն Ադրբեջանի համար խիստ ռազմավարական բնոյթ կրող միջոցառման է վերածւել»,-բացատրում է մեր զրուցակիցը։ Այս համատեքստում, Հայաստանի մասնակցութիւնը համաժողովին ձեռնտու է Ադրբեջանին։ Դրանով Բաքուն Արեւմուտքին ցոյց կը տայ, որ Հայաստանի հետ երկխօսութիւնն առաջընթաց է գրանցել, արդէն պատւիրակութիւնների այցելութիւններ են իրականացւում։ Սա Ալիեւի ձեռքին լուրջ քարոզչական գործիք է դառնալու։
Հրաւէրի մասին յայտնելուն զուգահեռ, Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը նախօրէին մի բացայայտում էլ արեց՝ մտադիր են մինչեւ նոյեմբեր Փաշինեանին դէմ տալ «երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու վերաբերեալ հիմնարար սկզբունքները»։ Այդ սկզբունքները, որոնց համաձայնեցումը Բաքուն հնարաւոր է համարում մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ մինչեւ COP- 29-ի անցկացումը, փաստացի Ալիեւն օկուպացւած Շուշիից թւարկեց․ Հայաստանը, Բաքւի պահանջով, պէտք է փոխի Սահմանադրութիւնը, Ադրբեջանի հետ համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումը լուծարելու խնդրանքով, եւ, ինչպէս Ալիեւն է պահանջում, յստակ պատասխան տայ, թէ ինչպէս կարող են «Արեւմտեան Ադրբեջանից արտաքսւած ադրբեջանցիները կամ նրանց ժառանգներն» այցելել այդ տարածքներ կամ բնակութիւն հաստատել այնտեղ։ Նախապայմանների այս շարքը հերթական անգամ վերահաստատում է այն պնդումը, որ Բաքուն ամենեւին մտադիր չէ խաղաղութեան փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ։ Առանց դրա էլ Փաշինեանը  կատարում է նրա բոլոր վերջնագրերը։

«Ալիեւի պահանջները նոր չեն, նոր են դրանց հնչեցման նախապայմանային բնոյթը եւ հնչեցման մակարդակը։ Վտանգաւորը սա է»,- ասում է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն։ Ինչ վերաբերում է հիմնարար փաստաթղթից առաջ սկզբունքները համաձայնեցնելու վերաբերեալ ադրբեջանական առաջարկին, որը կարող է նոյն՝ COP-29-ի ժամանակ Բաքւում ստորագրւել, նման փաստաթղթի ստորագրումը լուրջ վտանգ կարող է լինել հայկական շահերի տեսանկիւնից, քանի որ յայտնի չէ, թէ ինչ բնոյթ է ունենալու ստորագրւող փաստաթուղթը։ «Եթէ այն պէտք է լինի յուշագիր, ապա այդ յուշագիրը գուցէ խորհրդարանի կողմից պարտադիր վաւերացման ենթակայ չլինի, կամ եթէ լինի յայտարարութեան մակարդակով, դա չի կարող անցնել բոլոր ներքին ընթացակարգերը, որոնք պահանջում է պայմանագիրը։ Եւ վտանգ կայ, որ ներքին պաշտպանութեան մեխանիզմները, որոնցով պէտք է անցնի ցանկացած միջազգային պայմանագիր, այստեղ կարող են շրջանցւել»,- եզրափակում է մեր զրուցակիցը՝ ակնյայտ համարելով, որ Ադրբեջանը ցանկանում է խուսափել խաղաղութեան պայմանագրի ստորագրումից եւ տորպեդահարում է բանակցային գործընթացը։

Բաքուն առաջիկայում փորձելու է միջազգային հարթութիւնում իր համար նոր պատուհան բացել, ինչն իրեն հնարաւորութիւն կը տայ՝ Հայաստանի դէմ նոր ագրեսիւ գործողութիւններ սանձազերծելու։ Այս սցենարն այժմ որոշակիօրէն զսպւում է Բաքւում նախատեսւող համաշխարհային մասշտաբի համաժողովի անցկացմամբ, բայց ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակը շարունակում է մնալ Ալիեւի զինանոցում»։

Related Articles

Back to top button