Արթուր Խաչատրեան. «Ադրբեջանը խաղաղութեան մտադրութիւն չունի»
Ըստ իմ տեսած գաղտնի փաստաթղթի՝ Ադրբեջանը խաղաղութեան մտադրութիւն չունի, «Ազատութեան» հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:
Ստորեւ ներկայացնում ենք հատւած հարցազրոյցից.
– Հակադարձելով այդ թւում եւ Ձեր պնդմանը, որ Ալիեւի պահանջով է փոխւում Սահմանադրութիւնը, վարչապետն ասում է՝ հակառակը՝ Ադրբեջանն օգտւում է իրավիճակից, փորձում է նման տպաւորութիւն ստեղծել, այդ թւում՝ ընդդիմութիւնն էլ ջուր է լցնում ջրաղացին, որ խանգարի գործընթացին:
– Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանում սահմանադրական «բարեփոխումների՞ն», բա էդ դէպքում ինչի՞ է պահանջում Սահմանադրութեան փոփոխութիւն: Այս իշխանութիւնները դեռեւս 2020 թւականի փետրւար-մարտ ամիսներին, քովիդի օրերին սահմանադրական փոփոխութիւնների արշաւ սկսեցին ու մի նպատակ էր հետապնդում՝ փոխել Սահմանադրական դատարանի ձեւաւորումը, որպէսզի իրենց ցանկալի մարդկանց նշանակէին Սահմանադրական դատարանի անդամներ: Այնուհետեւ, կարծում եմ, 2022 թւականին, եթէ ոչ՝ 21, ձեւաւորւեց Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողով, որը նոյնպէս Սահմանադրութեան փոփոխութեան առաջարկութիւններ էր մշակում: Այդ յանձնաժողովի ներկայացրած հայեցակարգում բացարձակապէս որեւէ խօսք չի եղել անկախութեան մասին հռչակագիրը փոխելու վերաբերեալ, ու յանկարծ Ալիեւը սկսում է յոխորտալ, որ պարտադրում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրութիւնը, ու սէնց երջանիկ պատահականութեամբ յանկարծ Հայաստանի իշխանութիւնները նոյնպէս որոշում են փոխել Հայաստանի Սահմանադրութիւնը, հանել հէնց այն կէտերը, որոնց վերաբերեալ Ադրբեջանը, իսկ աւելի վաղ Թուրքիան ունեցել են վերապահումներ, իսկ պատերազմից յետոյ անմիջական նաեւ ճնշումներ: Հիմա՝ ի՞նչ մանիպուլիացիա է, սա ի՞նչ դեմագոգիա է, մենք մեղք չունենք, մենք ինքներս ենք ուզում անենք, ընդդիմութիւնը դէմ է, քանի որ Ալիեւը դէմ է, նաեւ ընդդիմութիւնը Ալիեւի հետ համահունչ է աշխատո՞ւմ: Ալիեւն ինքն է պարտադրում, Ալիեւը դէմ չի:
– Ասում է՝ տրամաբանութիւնը սա է՝ իրականում Ալիեւը չի ուզում, որովհետեւ եթէ փոխւի Սահմանադրութիւնը, Հայաստանը ուժեղանալու է, իսկ իրեն թոյլ Հայաստան է պէտք, իրեն հակառակը՝ ագրեսիայի պատճառներ են պէտք, որն այդ Սահմանադրութիւնը տալիս է:
– Այդ նոյն հեքիաթն այս իշխանութիւնները պատմում էին 20 թւականի վերջում, ասում էին՝ պատերազմ սկսւեց, որովհետև Ալիեւը տեսաւ, որ մենք հզօրանում ենք եւ փորձեց պատերազմով կանխել մեր հզօրացումը, իսկ մինչեւ 20 թւականը չէր յարձակւում, որովհետեւ մենք թոյլ էինք: Ոչ, յարձակւում են թոյլ պետութեան վրայ, ուժեղ պետութիւնից վախենում են: Հիմա էլ նոյն խնդիրն է. Ալիեւը եւ Փաշինեանը համարեա նոյն ժամանակ մի քանի րոպէի տարբերութեամբ նոյն պահանջներն են ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու ակնյայտ է, որ սրանով Ալիեւն ուղղակի պարտադրում է Փաշինեանին գնալ զիջումների, հակառակը ուղղակի արդէն բարձրակարգ էլ չէ, միջին մակարդակի մանիպուլեացիաներ են:
– Դուք խաղաղութեան պայմանագրի նախագծին ծանօթացել էք, կա՞յ այնտեղ այնպիսի յիշատակում, որից եզրակացնէիք, որ սա Ադրբեջանի պահանջն է:
– Գաղտնիութեամբ կաշկանդւած եմ, չեմ կարող ասել՝ այնտեղ ինչ կայ, ինչ չկայ, բայց կարող եմ վերահաստատել մեր պնդումը, մեր յայտարարութիւնը, որ այն երկիրը, որը մեզ նման փաստաթուղթ, նման առաջարկութիւններ է ներկայացրել, մեզ հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու որեւէ ցանկութիւն, որեւէ մտադրութիւն չունի: