Լիլիթ Գալստեանը՝ ՔՊ-ականներին. «PR եւ սուտ, այստեղ դուք անգերազանցելի էք»
«Անգամ անյարմար է այս աղէտալի օրերին անդրադառնալ թեմային՝ թէ վերջապէս 2024-ի սեպտեմբերին Հայաստանում ցուցադրւելու է Բրիտանական թանգարանում պահւող «Անահիտ դիցուհու» արձանը»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
Նա տարակուսելի է եւ անբնական է համարում, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրոյթում մեկնաբանում եւ եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնութիւն առհասարակ՝ Մատենադարանից մինչեւ պատմութեան դասագրքեր։
«Մարդիկ եւ իշխանութիւններ, ովքեր Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական պատւէրով եւ կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամեակների պատմութիւնն ու քաղաքակրթական անուրանալի ներկայութիւնը խոթել 28.900 քմ-ի մէջ…
Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկայ…
Մարդիկ եւ իշխանութիւններ, ովքեր ուրացան հազարամեակների անառիկ Արցախը, մեր Անկախութեան երթը…
Ի դէպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite /Սաթալայի Աֆրոդիտէն/ անւան տակ պահւող, հաշւառւած Աֆրոդիտէի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզէ գլուխը /Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis/ Տիգրան Մեծի Աշխարհակալութեան մէջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է, ներկայիս Black Sea Region (Turkey):
Բա Թուրքիայից վախեր չունէ՞ք…. Տիգրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ…
Իսկ գո՞ւցէ էժանագին PR-ով տեղեկատւական աղմուկ էք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզւող Հայաստանի ճիչը…
PR եւ սուտ, այստեղ դուք անգերազանցելի էք…
Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՒԵՏԻՍ հնչեցնում…
Ամօ՛թ է, ամօ՛թ….սա պետութեան մասին չէ»,- գրել է նա։