Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Լուիս Մորէնօ Օքամփօ. «Ազատէ՛ք Հայ պատանդներին, դադարեցրէ՛ք ցեղասպանութիւնը. Այս հարցը պէտք է լինի COP29-ի օրակարգի մաս»

«ԱԼԻՔ» – Նոյեմբերին Բաքւում տեղի ունենալիք COP29 գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնւող հայերի ազատ արձակման հարցը պէտք է լինի օրակարգում եւ քննարկւող հարցերի մաս կազմի։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան լրատւամիջոցները՝ այս մասին երէկ՝ սեպտեմբերի 13-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն՝ ուղերձ յղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին եւ որոշում կայացնողներին։

Նա չափազանց կարեւոր է համարել այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհւի Բաքւում անազատութեան մէջ գտնւող հայերի խնդիրը՝ միաժամանակ յոյս յայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակւեն գագաթնաժողովից առաջ։

Նրա դիտարկմամբ՝ Բաքւում անազատութեան մէջ գտնւող հայերը գերիներ են, այլ ոչ թէ ռազմագերիներ. «Այն մարդիկ, ովքեր հիմա գտնւում են Բաքւի բանտերում, նրանք պարզապէս Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թւականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելութիւնը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նոյնն է, ինչ տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Օքամփօն՝ վերահաստատելով իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման հարցը պէտք է լինի COP29-ի օրակարգում եւ քննարկումների մաս կազմի։  

Օքամփոյի հիմնական ուղերձը հետեւեալն է․ «Ազատէ՛ք հայ պատանդներին, դադարեցրէ՛ք ցեղասպանութիւնը»։

Օքամփօն Բաքւում պահւող հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միաւորումը չափազանց կարեւոր է համարել։ Նա ընդգծել է, որ հայ գերիների ազատման վերաբերեալ ամիսներ առաջ համացանցում իր կողմից նախաձեռնւած արշաւը բաւականին յաջողւած ծրագիր է։

«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանութիւնների եւ առաջին անգամ է, որ տեսնում եմ համաշխարհային մակարդակով համագործակցութիւն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն՝ հայերն այսքան ակտիւ կերպով համագործակցելու աննախադէպ փորձ են ձեւաւորում։ Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է եւ չափազանց կարեւոր է»,- իր խօսքում նշել է Օքամփօն՝ յաւելելով, որ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ պէտք է ջանքեր գործադրեն բոլոր հայերը։

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում հայերը միայնակ չեն, քանի որ շատ ու շատ համալսարաններ եւ ակադեմիական համայնքներ են միացել այդ նախաձեռնութեանը։

«Հայկական սփիւռքը կարող է, առնւազն, միանալ այս գործընթացին»,- ընդգծել է նա։

«Մենք Հայաստան ենք եկել աւելի լաւ հասկանալու, թէ ինչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին։ Սեպտեմբերի 12-ին ես այցելել եմ Ադրբեջանի հետ սահման, տեսել եմ սահմանամերձ գիւղեր, ինձ համար դա շատ կարեւոր է: Ես սեպտեմբերի 14-ին հանդիպելու եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նա նոյնպէս ցանկանում է ակտիւ լինել այս հարցում։ Սեպտեմբերի 13-ին հանդիպելու եմ արցախցի որոշ առաջնորդների հետ։ Նպատակն է ազատ արձակել պանադներին, պաշտպանել Լեռնաին Ղարաբաղն ու Հայաստանը։ Ունենք դեռեւս 2 ամիս մինչեւ Բաքւում կայանալիք COP 29-ը»,- ասել է Լուիս Մորէնօ Օքամփօն։

Անդրադառնալով արցախահայութեան՝ Արցախ վերադարձի իրաւունքին, Օքամփօն յստակեցրել է, որ արցախահայութիւնն իրաւունք ունի վերադառնալ իր հայրենիք։

Նա նշել է, որ ինքն օգնութիւն է առաջարկել Արցախի ղեկավարներին՝ քննարկելու, թէ ինչպէս է ծրագրւելու արցախահայերի վերադարձը եւ ինչպէս է Ադրբեջանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները։

«Այժմ Ադրբեջանը պարտաւոր է հասկանալ ու յարգել միջազգային իրաւունքը: Մինչեւ Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռը Ադրբեջանը մասնակցութիւն է ունենում լսումներին: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն իր իրաւունքներն ունի եւ ես այսօր առաջարկեցի իմ օգնութիւնը ԼՂ առաջնորդներին եւ մենք պէտք է քննարկենք, թէ ոնց ենք պլանաւորելու արցախցիների վերադարձը եւ ինչպէս է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչութեան իրաւունքները:

Դրա համար աշխատանքային պլան է պէտք արցախցիների կողմից մշակւած: Իրաւունքը կայ, եւ մենք համեմատաբար աւելի բարենպաստ պայմաններում ենք  այն կիրառելու հարցում:

Ես միշտ նշում եմ, որ Նիւրնբերգեան դատախազներից մէկը 103 տարեկան էր, ամէն ինչ տեսել էր, եւ երբ իրեն հարցրեցինք, թէ ինչ անեն, նա պատասխանեց. «Երբեք մի յանձնւէք, երբեք մի յանձնւէք եւ երբեք մի յանձնւէք»: Հայերը շատ լաւ գիտեն, թէ ինչ է տոկունութիւնը, դիմակացութիւնը: Այս պահին միջազգային իրաւունքը ձեր կողմից է»,- ընդգծել է Օքամփօն:

Related Articles

Back to top button