Իրանի Սպորտի եւ Երիտասարդութեան հարցերով նախարարը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Մենք իրանահայ համայնքի կողքին ենք, եւ թոյլ չենք տայ որեւէ քայլ որը դէմ կը լինի իրանահայ համայնքի շահերին» 📢
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Սեպտեմբերի 10-ին Հ.Մ.Ա.Կ.-ի 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը ներկայ էր Իրանի Սպորտի եւ Երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Ահմադ Դոնիամալին: Բացման հանդիսութեան պաշտօնական բաժնի աւարտին «ԱԼԻՔ»-ը դիմելով նախարարին իրազեկ դարձանք իրանահայութեան եւ հայ ժողովրդի մասին նախարարի տեսակէտին:
Նախարարը մեզ հետ զրոյցում ասաց. «Իրանահայ համայնքը մեծ համայնք է, որը Իրանում իր կարեւոր դիրքն ու տեղն ունի: Մենք իրանահայութեանը ճանաչում ենք որպէս բարի, բարեհամբիւր եւ սիրալիր համայնք, որը չի խնայում իր կարելին յանուն երկրի վերելքի ու զարգացման: Անժխտելի փաստ է, որ պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայ համայնքի աւելի քանի 130 նահատակներն իրենց կեանքը նւիրաբերել են յանուն իրանական հայրենիքի եւ աւելի քան 200 գերիներ ու վերաւորներ էք ունեցել: Ես եկել եմ իմ յարգանքի տուրքը մատուցելու, եւ շատ ուրախ եմ որ ներկայ եմ գտնւել 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը եւ յուսամ որ մարզական ոլորտում, որպէս կառավարութեան ներկայացուցիչը կարողանամ նպաստել «Արարատ»-ին: Ես լաւապէս գիտեմ Իրանի Իսլամական խորհրդարանում ձեր պատգամաւորներ Արա Շահվերդեանին եւ Գեղարդ Մանսուրեանին եւ յուսամ կը կարողանամ նպաստել ըստ հնարաւորինս»:
Նախարարն ընդգծեց. «Հայերի եւ մուսուլմանների համակեցութեան համատեղ պատգամը՝ բարեկամութիւն, գործակցութիւն, խաղաղութիւն եւ խաղաղ գոյակցութիւնն է: Մենք իրանահայ համայնքի կողքին ենք, եւ թոյլ չենք տայ որեւէ քայլ, որը դէմ կը լինի իրանահայ համայնքի շահերին ու պաշտպանելու ենք հայ համայնքին: Մենք ցուցաբերելու ենք մեր ֆինանսական ու բարոյական աջակցութիւնը համայնքին»: