Իրան-ԱՄՆ հակամարտութիւն. ՍԵՓԱՀ-ը յայտարարել է ամերիկեան մի քանի ռադարային համակարգերի ոչնչացման մասին

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը յայտարարել է, որ վերջին գործողութիւնների ընթացքում ոչնչացւել են ամերիկեան «Patriot» հակաօդային պաշտպանութեան համակարգի ռադար, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նաւատորմի օդային վերահսկողութեան ռադար եւ C-RAM վաղ նախազգուշացման ռադարային համակարգ։
Ըստ իրանական ԻՍՆԱ գործակալութեան Յեղափոխութեան պահապանների կորպուսի հանրային կապերի բաժինը իր հրապարակած յայտարարութեան մէջ նշել է, որ «Նասր 2» գործողութեան երկրորդ փուլի ընթացքում իրանական ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարւածներ են հասցրել ԱՄՆ 5-րդ նաւատորմի բազաներին Բահրէյնում։
Յայտարարութեան համաձայն հարւածների հետեւանքով բռնկւել են նաւատորմի վառելիքի պահեստները, իսկ թիրախաւորւել եւ ոչնչացւել են «Patriot» համակարգի ռադարային կայանը, օդային վերահսկողութեան ռադարը, ինչպէս նաեւ C-RAM վաղ նախազգուշացման համակարգը։
Իրանական կողմը նաեւ պնդել է, որ ամբողջութեամբ ոչնչացւել է անօդաչու ղեկաւարւող նաւակների վերահսկման եւ դիտարկման կենտրոնը՝ նշելով, որ «փոխադարձ գործողութիւնները շարունակւում են»։
ԱՄՆ–ի հարւածների հետեւանքով Խուզեստանի Օմիդիէ շրջանում կայ 4 վիրաւոր
Խուզեստան նահանգի Օմիդիէ քաղաքում ամերիկեան հարւածների հետեւանքով առնւազն չորս քաղաքացի է վիրաւորւել։
Խուզեստանի նահանգապետի անվտանգութեան եւ վարչական հարցերի տեղակալը յայտարարել է, որ այսօր՝ յուլիսի 14-ի առաւօտեան ժամը 2:10-ին, Օմիդիէի մի քանի շրջաններ ենթարկւել են ամերիկեան ուժերի արձակած հրթիռային հարւածներին։
Նրա փոխանցմամբ՝ նախնական գնահատականների համաձայն՝ միջադէպի հետեւանքով չորս մարդ է վիրաւորւել, իսկ աւելի մանրամասն տեղեկութիւնները կը հրապարակւեն հետագայում։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ յուլիսի 14-ի վաղ առաւօտից մինչ այժմ ամերիկեան հարւածների թիրախ են դարձել Ահւազի շրջակայքը, Բեհբահանը, Դեզֆուլը, Օմիդիէն (երկու անգամ), Անդիմեշքը, Մահշահրը, Աբադանը (երկու անգամ) եւ Շադեգանի շրջակայքը։
CENTCOM-ը յայտարարել է Իրանի տարածքում ռազմական թիրախների հարւածման մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յայտարարել է, որ իրականացրել է շուրջ հինգ ժամ տեւած ռազմական գործողութիւն Իրանի տարբեր շրջաններում գտնւող ռազմական թիրախների ուղղութեամբ։
CENTCOM-ի հաղորդագրութեան համաձայն գործողութեան նպատակն էր «թուլացնել Իրանի ռազմական կարողութիւնները»։
Ամերիկեան կողմը չի ներկայացրել թիրախների ամբողջական ցանկը եւ գործողութեան մանրամասները։



