Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սպարտակ Ղարաբաղցեան. «Ինչքա՞ն կարելի է ստով կերակրւել, ստին պարգեւավճար տալ, արդարացնել սեփական անտարբերութիւնը»

Իհարկէ, նայած մարդ, բայց հիմնականում երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, քեզ կարող է տիրել ապատիան եւ ինքնախաբէութիւնը, մանաւանդ այս օրերին։ Հիմա արդէն ընդունւած է ասել՝ 2018-ից կամ 44-օրեայ պատերազմից յետոյ կարծես ինչ-որ սահման դնենք։ Բայց այդ սահմանները պէտք է փոքր-ինչ յետ տանել եւ տեսնել, թէ այդ ապատիան երբւանից է գալիս։ Այսօր արդէն դա շատ թափանցիկ եւ նկատելի է, շատերի համար դա փրկութիւն է՝ արդարացնելու սեփական չէզոքութիւնը կամ անտարբերութիւնը։ Բայց շատերի համար էլ դա ողբերգութիւն է։ Ինչքա՞ն կարելի է ստով կերակրւել, ստին պարգեւավճար, հոնորար տալ։ Հիմա Հայաստանում սուտը վճարւում է, մեծ գումարներ են յատկացնում սուտ ասելու համար։ Ամբողջ աշխարհում է այդպէս, մենք դրանից դուրս չենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը:

«Մարդիկ կան, որոնք ձեւացնում են, թէ մտահոգ են, բայց շատ լաւ գիտես, թէ ինչ է շնչում, շատերն այդ պարգեւավճարներից օգտւում են։ Առաջ բանի տեղ չէին դնում, ասում էին՝ կանցնի, բայց հիմա մեծացել է այդ դաշտը։ Այս ամէնը սկսւել է 90-ական թւականներից եւ ոչ այսօր։ Այս ճանապարհը նման է բարձրացող գետի կամ ծովի, երբ տեսնում ես, որ արդէն խեղդւում ես։ Հիմա մենք այդ վիճակի մէջ ենք, բայց սա էլ պէտք է վերջ ունենայ։ Ի վերջոյ, միայն մենք չենք, ամբողջ աշխարհն է այս թնջուկի մէջ։ Բայց մենք կարծես կամովին ենք գնացել այդ յօրինւած, սուտ աշխարհը։ Հիմա սթափւելու ժամանակն է։ Մանաւանդ Արցախը դատարկւելուց առաջ ո՞ւմ հաւատը կը գար, որ նման բան կը լինի, ոչ ոք չէր հաւատայ դրան։ 90-ականներից Արցախը տեսած, այդ ամէնին մասնակցած մարդու աչքի առաջ ամբողջը մէկ վայրկեանում դարձաւ անցեալ»,- ասել է արւեստագէտը:

«Հնդկաստանում տարեկան մօտ տասը միլիոն մարդ է ծնւում, այսինքն՝ այնքան, որքան հայ ժողովուրդն է այստեղ եւ Սփիւռքում։ Իսկ Արցախում հայ չի ծնւում։ Աշխարհի որ երկրին մատդ դնես, հայ կայ՝ Թուրքիայում, Իրանում, հնարաւոր է՝ Ադրբեջանում էլ հայի ծնունդ կայ, գոնէ մէկ-երկուսը կը ծնւեն։ Բայց Արցախում հայ չի ծնւում։ Դա այն դէպքում, երբ չորս հազար տարի այդ երկրում հայի ճիչ ու ծնունդ է եղել, հարսանիքներ, կնունքներ ու մահեր։ Սա ի՞նչ է՝ հեքիա՞թ, թէ՞ իրականութիւն։ Հազարամեակների ճանապարհ անցած ժողովուրդն ու կարճ յիշողութիւնը չեն բռնում իրար, պէտք է հակառակը լինէր։ Զարմանալի է, թէ այս ճանապարհն անցած ժողովուրդն ինչպէս այսքան կարճ յիշողութիւն ունի։ Մկրատւած յիշողութիւնն էլ է արհեստական»,- նշել է գրողը:

Ղարաբաղցեանի կարծիքով՝ մի պահ եկաւ, երբ մենք սկսեցինք մեր ներսը նայել, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի օրերին. «Այդ ժամանակ գրականութիւն, արխիւային փաստաթղթեր լոյս տեսան, ահագին բան պարզւեց։ Թւում էր, թէ մենք դրանից պէտք է հետեւութիւններ անէինք։ 1915-23 թւականներին՝ Հայոց Ցեղասպանութեան օրերին, յատուկ հրահանգ կար՝ ովքեր հայերին ապաստան տան՝ քուրդ լինի, թուրք, թէ այլ մէկը, պէտք է մահւան դատապարտւի։ Մեր պատմութեան մէջ նման մարդկային դրւագներ կան, երբ թուրքերը կամ քրդերը փրկել են հայերին։ Դա ոչ ոք չի ժխտում։ Բայց պէտք է խորքը նայել՝ ինչի՞ համար էր դա արւում։ Օրինակ՝ Դեր-Զորի հայութիւնն ամբողջութեամբ ձուլւել է, աղջիկներին ամուսնացնում էին իրենց տղաների հետ։ Նոյնը՝ Թուրքիայում, նոյնը՝ քրդերի հետ։ Հայերը պատւաստի համար լաւ շիւեր էին»:

«Մի դրւագ կայ, երբ քուրդն ապաստան է տալիս թուրքական բանակից փախած հային։ Նախատում է՝ ձեզնից զէնքերն ուզեցին, տարաք, յանձնեցիք, բա ի՞նչ պիտի անէին, ձեզ գառան պէս պիտի մորթէին։ Շարունակում է՝ մեզնից էլ ուզեցին, մենք չտւինք, դերսիմցիներից էլ ուզեցին, Դերսիմի քրդերն ասացին՝ եկէք, տարէք, բայց դիմադրութիւն ցոյց տւին։ Եւ զարմանում է՝ այդ վիճակով դուք ուզում էք անկախութի՞ւն ունենալ, չէ՛ք ունենայ։ Մինչդեռ արցախեան ազատամարտի տարիներին մորթւելու հոգեբանութիւնը վերացել էր, այսինքն՝ մի մեծ բեռից թեթեւացել էինք։ Բայց երեսուն տարի մենք մեր յաղթանակին տէր չկանգնեցինք։ Իսկ երբ յաղթանակին տէր չես կանգնում, այն անտէր է մնում»,- ամփոփել է հրապարակախօսը:

Related Articles

Back to top button