ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինեանի կողմից եռակողմ հանդիպման յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրւած համաձայնագիրը, որոնց չհիմնաւորւած կարեւորութիւնը շեշտում եւ քարոզում են փաշինեանական ռեժիմի ներկայացուցիչները, որեւէ առնչութիւն չունեն իրական խաղաղութեան հետ: Աւելին, դրանք պարունակում են Հայաստանի եւ հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:
Մասնաւորապէս՝
- դրանցով փորձ է արւում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ իրականացւած էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականութիւնը, պատանդառութիւնն ու շինծու դատավարութիւնները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախեան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազաւթումը,
- դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամեակից աւելի տեւող շրջափակումն ու թշնամական գործողութիւնները, այլեւ Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանութեան սահմանափակումների եւ արգրեսիան շարունակելու յաւելեալ պայմաններ,
- ստորագրւած փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարութեան չափանիշները, մարդու ազատութիւնների եւ հիմնարար իրաւունքների ապահովման եւ պաշտպանութեան միջազգային յանձնառութիւնները,
- նախաստորագրւած համաձայնագիրը (մասնաւորապէս, յօդւած 8-9, յօդւած 15) պարունակում է ձեւակերպումներ, որոնք ակնյայտօրէն օգտագործւելու են արցախեան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դէմ, քօղարկում են ադրբեջանական յանցագործութիւնները, ինչպէս նաեւ զրկում են հայկական կողմին այդ յանցագործութիւնների հեղինակներին պատասխանատւութեան ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարաւորութիւններից,
- անգամ ստորագրւած փաստաթղթերում ձեւականօրէն հռչակւած տարածքային ամբողջականութեան սկզբունքի յարգման, խաղաղութիւն հաստատելու փոխադարձ կամքի, միմեանց ներքին գործերին չմիջամտելու ձեւակերպւած դրոյթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը, դրանք հիմնւած են բացառապէս Ադրբեջանի ցանկութեան վրայ: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախութեան հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխութիւններ եւ այլն), վկայում է վերջինիս ակնյայտ հակառակ ցանկութեան մասին:
Տարածաշրջանային իրական խաղաղութիւնը եւ երկարատեւ կայունութիւնը՝ հիմւած ազգերի ազատ ինքնորոշման վրայ, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հաւասարակշռութիւն, միջազգային երաշխիքների առկայութիւն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգութեան համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխութեան հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպէս նաեւ արտաքին դաշնակիցների ներգրաւում:
Առանց վերը նշւած հարցերի՝ ներկայացւած փաստաթղթերը բացառապէս փաստում են հայկական կողմին հասցւող մեծ վնասի մասին:
Նիկոլ Փաշինեանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրութեամբ եւ օրէնքներով սահմանւած իր լիազօրութիւնները, խախտելով կառավարութեան ստանձնած հանրային-իրաւական պատասխանատւութիւնը, կեղծ խաղաղութեան քարոզով մոլորութեան մէջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրութիւնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրւող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարաւոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրւող պարտութիւնների այս արատաւոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատւութիւնն ու կերտել ամուր պետականութիւն: Այս ամէնը հնարաւոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգութեան հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրութիւնը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
12.8.2025 թ.