Դոնալդ Թրամփը եւ Իլոն Մասկը նախատեսում են հեռախօսազրոյց ունենալ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ միլիարդատէր Իլոն Մասկն այսօր հեռախօսազրոյց են նախատեսում՝ նպատակ ունենալով կարգաւորել առաջացած տարաձայնութիւնները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Politico-ն՝ յղում անելով Սպիտակ տան աղբիւրներին։
Պարբերականի տեղեկութիւններով՝ Թրամփի օգնականները խորհուրդ են տւել նրան մեղմացնել Մասկի հասցէին հնչեցրած հրապարակային քննադատութիւնները եւ ուշադրութիւնը սեւեռել հարկային զիջումների վերաբերեալ օրինագծի վրայ, որը Ներկայացուցիչների պալատը հաստատել է մայիսին։ Այժմ նախագիծը սպասում է Սենատի քւէարկութեանը։
Հեռախօսազրոյցի մասին կարճ մեկնաբանութեամբ Թրամփը յայտնել է Politico-ին․ «Ամէն ինչ կարգին է։ Ամէն ինչ շատ լաւ է ընթանում, աւելի լաւ չի լինում»։
Նա նաեւ վստահեցրել է, որ իր հանրային աջակցութիւնը շարունակաբար աճում է։
Յիշեցնենք, որ անցեալ օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ գործարար Իլոն Մասկը հրապարակաւ վիճել են։ Միլիարդատէրը Սպիտակ տան ղեկավարին «ստախօս» է անւանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր յաղթի ընտրութիւններում եւ անուղղակիօրէն մեղադրել է նրան մանկապղծութեան համար։ Թրամփն, իր հերթին, պատասխանել է, որ Մասկը «խելագարւել» է եւ առաջարկել, որ նրա ընկերութիւններն այլեւս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր: