Հայկ Դեմոյեան. «Վայելէք «Իրական Հայաստանի» գարշահոտութիւնը»

«ԱԼԻՔ» – «Մենք ինքներս, մեր ձեռքերով ստեղծեցինք այն աղբահորը, որտեղ բուծւեցին ու սնուցում ստացան այսօրւայ իշխանական մակաբոյծները»: Այս մասին իր ընդգծւած քննադատական գրութեան մէջ նշել է Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը:
«Վայելեք «Իրական Հայաստանի» գարշահոտութիւնը: Այն դեռ երկար է բուրելու ու երբեք չթեքւէք պարզելու համար, թէ որտեղից է գալիս այդ գարշահոտութիւնը: Այն գալիս է մեզանից իւրաքանչիւրից` ուսեալից, անկիրթից, անւանի գիտնականից ու հասարակ քաղաքացուց: Մենք ինքներս, մեր ձեռքերով ստեղծեցինք այն աղբահորը, որտեղ բուծւեցին ու սնուցում ստացան այսօրւայ իշխանական մակաբոյծները:

Այդքան հեշտ, հանգիստ ու սահուն մի ամբողջ ողբերգութեան յիշողութիւն տւեցիք բռնաբարելու, լռութեամբ ու «ըմբռնումով» տարաք ազգային յիշողութեան համար մէկ յուշահամալիրի պղծումն ու աւերումը ու շարունակում ենք տռճիկ տալ ֆեստիվառների գարշահոտ երաժշտութեան տակ:
Հէնց այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ է լռութեան յաճախականութեան վրայ նստած կրթւած ու զարգացած ակադեմիականները, յատկապէս այն պատմաբանները, ովքեր խելօք դէմքերով խօսում ու գրում են ազգային պատմութեան ողբերգական էջերի մասին, չհասկանալու ու չտեսնելու տալով մեր աչքի առաջ իրական ռեժիմով գրանցւող ողբերգական էջերը: Ախր ո՞նց խօսեն ու գրեն, աշխատատեղ, աշխատավարձ, պարգեւներ, դրամաշնորհներ, ճանաչում կայ, ո՞նց միանգամից զրկւեն դրանից:
Վաղւայ (հոկտեմբերի 26-ԽՄԲ.) Օհանավանքի ճակատամարտի մասնակիցներին յաջողութիւն եմ մաղթում ու ցանկանում եմ յիշեցնել, որ ի տարբերութիւն Տաթեւի վանքի ձորի, Յովհաննավանքի ձորը նոյնքան խորը լինելով, զուրկ է բուսականութիւնից, հետեւաբար ջախջախւելու հաւանականութիւնն աւելի մեծ է…»,- գրել է նա:



