ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաքւի ԶԼՄ-ները շարունակում են Իրանի ղեկավարութեան նկատմամբ ատելութիւն տարածել

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի Հանրապետութիւնում յայտնի ասացւածք կայ. «Այնպէս եմ յիմար ձեւանալու, որ էութեանդ խորքից վառւես»։

Էհսան Մովահեդեանն իր սոցիալական ցանցերի միկրոբլոգներում գրառում հրապարակելով, յիշեցրել է այս ասացւածքի մասին եւ յաւելել է, որ Բաքւի լրատւամիջոցներից շատերը կա՛մ այս ասացւածքի վառ օրինակն են, կա՛մ իրենց էութեամբ մեղմ ասած՝ թիւրիմացութեան մարմնաւորումն են, չասելու համար յիմարութեան ժառանգութիւնն են:

Բանը նրանում է, որ նման թիւրիմացութիւնների աղբիւր հանդիսացող Telegraph-ի լրահոսում է յայտնւել մի չակերտեալ վերլուծութիւն Իրանում կայացած վերջին ընտրութիւնների մասին: Կայքում տեղադրւած յօդւածը, որը պատկանում է Ադրբեջանի Հանրապետութեան աւագ գիտաշխատող Ջամալէդդին Ղուլիեւի գրչին, ԻԻՀ-ի Բանիմացների խորհրդի եւ խորհրդարանական ընտրութիւնները որակել է քաղաքական լեգիտիմութիւնից զուրկ իրականութիւն:

Մովահեդեանը ընդգծւած կարեւորել է Բաքւի թոյլ երակ հանդիսացող ինքնութեան խնդիրը, ինչը փորձ է արւում ջղաձիգ գոռում-գոչումներով ներկայացնել որպէս խորք ունեցող իրականութիւն: «Պարզ է, որ այս օրերին որոշիչ է նաեւ թուրքախօս ընտրողների քւէները։ Ընտրութիւններից առաջ այաթ. Խամենէին մեկնել էր Ատրպատականի նահանգներ։ Ուրմիայի գրախանութներից մէկում նա ազերի լեզւով զրուցել է գրավաճառներից մէկի հետ։ Առաջնորդը թերթելով գրքերն, գրավաճառին հարցրել է գրքի լեզուն ադրբեջաներէնի փոխարէն ինչու է Թուրքիայի թուրքերէնով գրւած: Վաճառողը մի կերպ փորձել է մոլորեցնել, նշելով, թէ իբր գիրքը Բաքւի բարբառով է, ոչ թէ Թուրքիայի եւ այլն»։

Յօդւածագիրը շարունակութեան մէջ նշել է, որ այս խօսակցութիւնը նախապէս պայմանաւորւած ներկայացում է եղել, ինչը հասցրել են նկարահանել եւ լայնօրէն հեռարձակւել է երկրի (Իրանի) լրատւամիջոցներով, միաժամանակ ներկայացնելով այաթ. Խամենէիի մտահոգութիւնը ադրբեջանական թուրքերէնի պահպանման նկատմամբ։ Յօդւածագիրը միանգամից խնդիրները կապ տալով իրար յաջորդ տողում նշել է, որ Թաւրիզում ունեցած իր ելոյթում, Գերագոյն առաջնորդը բոլորին հրաւիրել է մասնակցելու ընտրութիւններին։

Մովահեդեանը յիշեցնելով, որ նշւած դրւագը պատմում է Ուրմիայում վերջերս տեղի ունեցած գրքի ցուցահանդէսի ընթացքում Գերագոյն առաջնորդի շրջայցի մասին, անցել է նշւած յօդւածի տողատակերում եղած իրողութիւններին եւ արձանագրել, որ Ադրբեջանի Հանրապետութեան ստրկացած ժողովուրդը ստիպւած է նման անհեթեթութիւն կարդալ իր լրատւամիջոցներում, երբ ցանկանում է իմանալ Իրանի մասին: «Աւելին, մի խումբ իրանցի փորձագէտներ, նոյնիսկ նման դէպքում, շարունակում են Բաքւի նման «յիմար ձեւացող» լրահոսերից ստանալ ուղղութիւն ու գիծ!!»,- յաւելել է Մովահեդեանը, յիշեցնելով, որ Telegraph-ը Լոնդոնի մամուլի մասնաճիւղն է Բաքւում, եւ հանդիսանում է Ալիեւների ընտանեկան իշխանութեան ոչ-պաշտօնական խօսնակը, յատկապէս, երբ վիճայարոյց յայտարարութիւններ թոյլ տալու պատասխանատւութիւնից խուսափելու կարիքն է ունենում:

Նա յաւելել է, որ պանթուրքիաստական հակումներով գրականութիւն տարածող կրպակատէրերը, աչքերը նման վտանգաւոր փաստերի վրայ փակած որոշ պատասխանատուների ամենաթողութիւնից օգտւելով, պատմական ազերի լեզւի փոխարէն տարածում են Բաքւի ու Ստամբուլի թուրքերէնը, ինչը, սակայն, Գերագոյն առաջնորդի աչքից չի կարող վրիպել, ով ուղիղ աչքերին նայելով զգուշացնում է ճիշտ լեզւով թարգմանելու, եւ Թաւրիզի բարբառին հաւատարիմ մնալու կարեւորութեան մասին:

Օգտատէրերից մէկը մեկնաբանութիւնների բաժնում նշել է. «Այնուամենայնիւ, գրպանում «Գժի թուղթ» ունենալն՝ նախկին ԽՍՀՄ-ից ծնւած հանրապետութիւններում իշխանութիւն վարելու կարեւոր միջոցներից մէկն է կարծես: Մնում էր հասարակութիւնը հաշտւի այդ իրականութեան հետ, ինչի հարցում ոչ Երեւանում, ոչ էլ Բաքւում կողմերի խնդիր չեն տեսնում միմեանց նման կերպ դիմելու հարցում»: Առանց մեկնաբանութեան…

Related Articles

Back to top button